14.11.2019 | Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների անտառապահների կողմից

Տավուշի մարզում շարունակվում է ապօրինի անտառահատման և այդ ոլորտում կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը:

 

2019թ. հոկտեմբերի 24-ին ոստիկանության  Իջևանի  բաժնի ՔՀԲ ծառայողներն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության պահաբաժնում հայտնաբերել են փայտածուխ պատրաստելու համար նախատեսված երկաթյա տարաներ՝ լցված փայտանյութով, 202 հատ փայտածուխի լցված պարկ և մոտ 8 խ/մ վառելափայտ:

 

ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված տարաները հանդիսանում են փայտածուխի արտադրամասի բաղկացուցիչներ, որը սեփականության իրավունքով պատկանում է «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության պահաբաժնի անտառապահին և շահագործվում է մեկ այլ անձի կողմից:

 

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ձեռք է բերել թափուկ փայտանյութի համար նախատեսված  տոմս, որից հետո 6-րդ պահաբաժնի անտառամասից երկու փուլով՝ 8-9 անգամ ընդհանուր 16 խ/մ փայտանյութը «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է փայտածուխի արտադրամաս, կուտակել, ապա դրա մի մասը այրմամբ վերածել փայտածուխի: Դրանից հետո պատրաստված փայտածուխը մեկ այլ անձի հետ լցրել են պարկերի մեջ:

 

Նյութերի նախապատրաստմամբ ստացված տվյալներով պարզվել է, որ երկրորդ փուլով փայտանյութը դուրս է բերվել բոլորովին այլ անձի անվամբ հաշվառված և առանց գրառումների տոմսի վրա, որը մասնաճյուղի անտառապահի կողմից արտադրամասը շահագործող անձին է հանձնվել միայն 2019թ. հոկտեմբերին, արտադրամասում փայտանյութի և փայտածուխի հայտնաբերումից և արձանագրումից հետո՝ ոստիկանություն ներկայացնելու համար:

 

Հետաքննության մարմինը համարել է, որ արտադրամասը շահագործող անձը թափուկ փայտանյութը ձեռք է բերել՝ օգտվելով ՀՀ կառավարության 2011թ. հոկտեմբերի 27-ի թիվ 1535-Ն որոշմամբ  սահմանված  վառելափայտի մթերման արտոնությունից՝ թափուկ վառելափայտի օգտագործման տոմսով, սակայն խախտել է ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտի մթերման և բաց թողման կարգի պայմանները՝ համաձայն որոնց թափուկ փայտանյութը բացառապես տրամադրվում է բնակչին բնակարանը ջեռուցելու համար՝ ոչ արտադրական նպատակով, ինչը ոչ թե քրեական, այլ վարչական իրավախախտումների տիրույթում է: Ելնելով դրանից՝ հետաքննիչի կողմից 2019թ.  նոյեմբերի  4-ին  կայացվել է նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու  մասին որոշում՝  արտադրամասը շահագործած և անտառից փայտանյութը մթերած անձի գործողություններում ՀՀ քր. օր-ի 296-րդ և 216-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով։

 

Սակայն Տավուշի մարզի դատախազությունում նյութերի ուսումնասիրության և հետաքննիչի կողմից կայացված որոշման օրինականության ստուգման արդյունքում պարզվել է, որ նշված դեպքով նյութերը նախապատրաստվել են թերի, չեն կատարվել մի շարք անհրաժեշտ քննչական գործողություններ, իրավական գնահատականի չեն արժանացել պաշտոնատար անձ հանդիսացող անտառապահի գործողությունները:

 

Մինչդեռ նախապատրաստված նյութերում առկա են տվյալներ, որոնք առերևույթ վկայում են ոչ միայն իր ավտոմեքենան տրամադրելով անտառամասից ապօրինի այդ փայտանյութը դուրս բերելուն, այլ նաև երրորդ անձի անվամբ փայտանյութի օգտագործման տոմս տրամադրելով  փայտանյութի ապօրինի դուրսբերումը թաքցնելուն անտառապահի անմիջական առնչության մասին:

 

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Տավուշի մարզի դատախազությունում որոշում է կայացվել վերացնել քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 326-րդ հոդվածով  նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությանը:

 

Բացի վերոնշյալը, Տավուշի մարզի դատախազությունում հաստատվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի պահաբաժնի տարածքից վառելափայտի ապօրինի դուրսբերման համար կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացությունը: Այս գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով  մեղադրանք է առաջադրվել մասնաճյուղի տեղամասերից մեկի անտառապահին և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով՝ նրա հետ առերևույթ հանցավոր սխեմայի մեջ ներգրավված անձին, որոնք ընդունել են մեղքը:  

 

Քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափածներին ազատազրկում է սպառնում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am