04.11.2019 | Հայտնի են հակակոռուպցիոն պայքարի թեմատիկայով սոցիալական գովազդի միջազգային երիտասարդական մրցույթի հայաստանյան արդյունքները

Ամփոփվել են «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի 2019թ. երիտասարդական միազգային մրցույթի հայաստանյան արդյունքները:

 

ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործունեության շրջանակում անցկացվող միջազգային մրցույթի՝ Հայաստանի ազգային ժյուրին, որի կազմում մրցույթի համակազմակերպիչ հանդիսացող ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչներից բացի ընդգրկվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացած հասարակական կառույցների հայտնի ներկայացուցիչներ, սահմանված երկու անվանակարգերում՝ «Լավագույն պաստառ» և «Լավագույն տեսահոլովակ», ընտրել է առաջին, երկրորդ և երրորդ մրցանակների արժանացած աշխատանքները:

 

Ըստ այդմ՝ Հայաստանի ժյուրիի որոշմամբ «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել  Հայ-ռուսական համալսարանի ուսանողներ Աննա Սարուխանյանի և Լուիզա Մելքոնյանի ներկայացրած «Որտեղ խոսում է փողը, այնպեղ լռում է խիղճը» աշխատանքը:

 

Երկրորդ մրցանակի է արժանացել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության «Երիտասարդ լիդերների հակակոռուպցիոն դպրոց»-ի ունկնդիրների թիմը՝ «Կոռուպցիայի դեմ պայքարն սկսվում է ինքդ քեզանից» տեսահոլովակը: Իսկ երրորդ մրցանակային տեղ է զբաղեցրել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը ներկայացնող Արտյոմ Աղասարյանի «Մաքրենք աշխարհը կոռուպցիայից» աշխատանքը:

 

«Լավագույն պաստառ» անվանակարգում երեք մրցանակային տեղերն զբաղեցրել են Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները: Մասնավորապես, առաջին մրցանակի է արժանացել Ոսկեհատ Թադևոսյանի «Վերջ կոռուպցիային», իսկ երկրորդ և երրորդ մրցանակներին՝ Սիլվի Երանոսյանի՝ համապատասխանաբար «Խաղն ավարտված է» և «Կեղծ արժեքներ»  պաստառները:

 

Երկու անվանակարգերում առաջին մրցանակների արժանացած պաստառն ու տեսահոլովակը, մրցույթի կանոնների համաձայն, արդեն իսկ ներկայացվել են միջազգային ժյուրիի դատին, որը մասնակից բոլոր երկրներից ներկայացված լավագույն աշխատանքներից կընտրի միջազգային մրցույթի հաղթողներին և մրցանակակիրներին: Միջազգային մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև նոյեմբերի 15-ը:  

 

Հիշեցնենք, որ մրցույթի շրջանակում ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի, ինչպես նաև BRICS-ի անդամ հանդիսացող երկրների՝ Հնդկաստանի. Բրազիլիայի, ՉԺՀ-ի, Հարավաֆրիկյան Հանրապետության 14-ից մինչև 35 տարեկան քաղաքացիները, երիտասարդական ստեղծագործական խմբերը պետք է պատրաստեին և www.anticorruption.life պաշտոնական կայքում զետեղեին «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական գովազդի պաստառներ և տեսահոլովակներ: Դրանցում հեղինակները պետք է յուրօրինակ, ինքնատիպ, դիպուկ և տպավորիչ կերպով արտացոլվեին իրենց պատկերացումները կոռուպցիայի՝ իբրև անհանդուրժելի սոցիալական, հասարակական երևույթի և դրա դեմ պայքարի, ամենատարբեր ոլորտներում դրա դրսևորումների և բացասական հետևանքների, այդ չարիքի դեմ պայքարում իրավապահ մարմիններից հասարակության հիմնական ակնկալիքների ու պահանջների, ինչպես նաև այս ոլորտում միջազգային համագործակցության վերաբերյալ:

 

Արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթի նպատակն է, հատկապես երիտասարդության ներգրավմամբ, հանրության շրջանում տարածել և ամրապնդել կոռուպցիոն ցանկացած երևույթ մերժելու, դրա դեմ անզիջում պայքարելու և այդ հարցում միասնականություն հանդես բերելու գաղափարները:

Դատախազությունը ճանապարհաշինության ոլորտում կոռուպցիոն սխեմաներ է բացահայտել

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am