07.08.2019 | Արմավիրի մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքում մարզում ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցման ուղղությամբ արդյունավետ միջոցառումներ են իրականացվել

Արմավիրի մարզի դատախազությունում ամփոփվել է 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզի տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերով քրեական շարժընթացը, մարզի դատախազության նախաձեռնությամբ իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունքները:  

 

2019թ. 1-ին կիսամյակում մարզի տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային հանցագործության 35 դեպք, որից 8-ը մահվան ելքով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահվան ելքով դեպքերն ավելացել են երկուսով, սակայն ընդհանուր առմամբ ՃՏՀ-ների աճ տեղի չի ունեցել: Մարզի դատախազությունում ուսումնասիրվել են արձանագրված ՃՏՊ-ները ծնող պայմանները և պատճառները և դրանց հիման վրա իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ:

 

Մասնավորապես Երևան-Արմավիր ավտոմայրուղում տեղի ունեցած ՃՏՊ-ների  ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց առաջացման պայմաններից է մայրուղու անմիջական հարևանությամբ գյուղմթերքի առևտրի գոտիների տեղակայությունը: Թեև դրանք դուրս են ճանապարհի երթևեկելի մասից, սակայն կոնկրետ վայրերում չափազանց մոտ գտնվելու պատճառով առաջացնում էին տրանսպորտային միջոցների կուտակումներ, ինչի արդյունքում մասամբ փակվում և վտանգավոր էին դառնում երթևեկելի հատվածները: Արմավիրի մարզում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտադրել էր այս խնդրի լուծման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, ինչով պայմանավորված՝ մարզի դատախազության կողմից հաղորդում էր ուղարկվել Արմավիրի մարզպետին` Երևան–Արմավիր ճանապարհի կողնակներում ինքնաբուխ գոյացած գյուղմթերքների առևտրի գոտիները երթևեկելի մասերից հնարավորինս հեռացնելու համար: Արդյունքում գյուղմթերքի առևտրի գոտիները հեռացվել են երթևեկելի մասերից, քայլեր են ձեռնարկվել դրանք առավել անվտանգ գոտիներում կենտրոնացված իրականացնելու ուղղությամբ: Արդյունքում մարմնական վնասվածքներով կամ մահվան ելքով ՃՏՊ-ներ, այս գործոնով պայմանավորված, չեն արձանագրվել:

 

Վրաերթերին նպաստում էր նաև Մեծամոր քաղաքին հարակից ճանապարհահատվածին հետիոտնային անցման գոտիների առկայության հետ մեկտեղ այդ հատվածում թույլատրելի արագությունը 90կմ/ժ սահմանված լինելու հանգամանքը: Այդ երկու պայմանների միաժամանակյա առկայությունն էականորեն բարձրացնում էր վրաերթերի հավանականությունը, քանի որ վարորդները, ունենալով բարձր՝ 90 կմ/ժ արագություն, հետիոտնի անցնելու պահին չէին կարողանում կանգնեցնել ավտոմեքենան: Նախորդ տարվա 1-ին կիսամյակում այդ պատճառով արձանագրվել էր 4 դեպք, որոնցից 2-ը՝ մահվան ելքով: Վթարային իրավիճակների առաջացման հավանականությունը ցածրացնելու նպատակով մարզի դատախազության կողմից համապատասխան միջնորդագրեր էին ուղարկվել ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետին և ՀՀ (նախկին) կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, որոնց պահանջները կատարվել են: Արդյունքում 2019թ. 1-ին կիսամյակում այդ հատվածում որևէ դեպք չի արձանագրվել:

 

Վթարային իրադրության առաջացմանը նպաստող պայման է հանդիսացել նաև այն հանգամանքը, որ որոշ ճանապարհների առկա գծանշումները ջնջված են եղել, բացակայել են ճանապարհային նշանները: Հիշյալ նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ  մարզի դատախազության կողմից միջնորդագրեր  են ուղարկվել (նախկին) ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և ՀՀ ՃՈ ծառայության պետին: Դրանց քննարկման արդյունքում տեղադրվել են բացակայող ճանապարհային նշանները, գծանշումների թարմացումները ներառվել են ճանապարհների սպասարկման ամենամյա ծրագրերում:

 

Բայցի այդ, հաշվի առնելով, որ Վաղարշապատ-Արմավիր ճանապարհահատվածում գիշերային ժամերին տեղի ունեցած վթարների մի մասի պատճառը ցածր տեսանելիությունն է, ինչը անհրաժեշտ էր դարձնում այդ հատվածում լուսավորության անցկացման հարցի լուծումը՝ այս նպատակով ևս ՀՀ (նախկին) կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն միջնորդագիր էր ուղարկվել:

 

Ընդհանուր առմամբ իրականացված միջոցառումների արդյունքում ՃՏՀ-ների էական՝ 50 տոկոսով նվազում է արձանագրվել Արմավիրի և Բաղրամյանի, 100 տոկոսով՝ Մեծամորի շրջաններում: Փոխարենը դեպքերի աճ է արձանագրվել Վաղարշապատի տարածաշրանում, որին նպաստող գործոնների, պայմանների և պատճառների վերլուծումը, դրանից բխող կոնկրետ միջոցառումների նախաձեռնումը, որպես առաջնահերթություն, արդեն իսկ ընդգրկվել է մարզի դատախազության գործունեության այս տարվա 2-րդ կիսամյակի աշխատանքային ծրագրում:          

 

Հանցավորության դեմ պայքարի ռազմավարություն

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am