30.07.2019 | ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ արգելված իրերի ներթափանցմանը ՔԿՀ-ի աշխատակիցների առերևույթ հանցավոր աջակցությանը համարժեք գնահատականներ չեն տրվել. հարուցվել են քրեական գործեր

ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ շարունակվում է քրեակատարողական հիմնարկներ արգելված իրեր, առարկաներ ներթափանցելուն  և դրանց տարատեսակ ձևերով ՔԿՀ-ների աշխատակիցների մասնակցության հանցավոր դրսևորումների դեմ կոշտ քրեաիրավական պայքարը:  

 

Մասնավորապես՝ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի կողմից իր դատավարական ղեկավարման ներքո քննվող քրեական գործի և դրանով ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկից առգրավված՝ նշված հիմնարկում 2016-2018թթ. անցկացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ հայտնաբերվել են մի քանի դեպքեր, երբ ՔԿՀ տարբեր աշխատակիցներ, ոչ պատշաճ կատարելով ծառայողական պարտականությունները, ՔԿՀ-ում պահվող անձանց հետ մտել են անօրինական հարաբերությունների մեջ և ապահովել նրանց համար տարատեսակ արգելված իրերի՝ ՔԿՀ տարածք ներթափանցմանը:

 

Դեպքերից մեկով, օրինակ, 2016թ. ՔԿՀ դատապարտյալին երկարատև տեսակցության եկած կինը, տեսակցությունների տրամադրման և հանձնուքների ընդունման սենյակում աշխատակիցների ներկայությամբ հեռախոսզրույց է ուենցել, որից հետո նրան ուղեկցող անձն իր ավտոմեքենայով տարել և Արթիկ քաղաքի ավտոկայարանի մոտ գտնվող սրճաղացի աշխատակցին է փոխանցել 1,5լ և 1,0լ տարողությամբ պոլիէթիլենից շշերով, ոգելից խմիչքին բնորոշ հեղուկ զանգվածներ: Սրճաղացի աշխատակիցը իրավապահներին հայտարարել է, որ պայմանավորվածության համաձայն՝ դրանք պետք է փոխանցեր Արթիկ ՔԿ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի մասնագետին, ում նախկինում, նույն ճանապարհով դատապարտյալի հարազատների միջոցով փոխանցվել էր մեկ պարկ սոխ:

 

Արդյունքում, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դատապարտյալների հետ անօրինական կապ հաստատելու համար տվյալ աշխատակցի նկատմամբ կիրառվել է միայն Խիստ նկատողություն կարգապահական տույժ՝ չնայած այն հանգամանքին, որ փաստական տվյալները պարունակել են առերևույթ կաշառք տալու և կաշառք ստանալու հատկանիշներ:

 

Կամ՝ 2018թ. արձանագրված դեպքով ՀՀ ԱՆ Արթիկ ՔԿ հիմնարկում նույն ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի անձնական խուզարկությամբ վերջինիս որովայնի հատվածից հայտնաբերվել և առգրավվել է 7 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով, Wi-Fil ինտերնետ ցրիչ սարք, երեք հատ USB մալուխ և մեկ հատ բջջային հեռախոսի ականջակալ: Պարզվել է, որ դրանք նախատեսված են եղել փոխանցելու դատապարտյալներից մեկին, ում աշխատակիցը փոխանցած է եղել իր հեռախոսահամարը՝ կապ պահպանելու և այդ իրերի ստացումը կազմակերպելու համար: Իրականացված ծառայողական քննության արդյունքում ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ընդամենը տվյալ աշխատակցի նկատմամբ Ծառայությունից ազատում կարգապահական տույժը կիրառելու հարցի քննարկում է նախաձեռնվել:

 

2018թ. տեղի ուենցած մեկ այլ դեպքում պատասխանատու հերթապահի ժամանակավոր պաշտոնակատարը ոչ միայն չի զեկուցել ղեկավարությանը, որ Արթիկ քաղաքի բնակիչ ներկայացած քաղաքացին ցանկացել է ոչ աշխատանքային օրը կալանավորված անձին որպես հանձնուք սնունդ փոխանցել, այլև չունենալով թույլտվություն, ընդունել է այն և փոխանցել կալանավորված անձին՝ չնայած այն հանգամանքին, որ անձը հաստատող փաստաթուղթ չի ներկայացվել և այդ սննդատեսակը որպես հանձնուք ներկայացնելու դիմում նրկայացված չի եղել: Մինչդեռ, ծառայողական քննության արդյունքում այդ աշխատակցի նկատմամբ կիրառվել է միայն Նկատողություն կարգապահական տույժը:

 

Իսկ հայտնաբերված մյուս՝ 2017թ. տեղի ունեցած դեպքում Գյումրի բժշկական կենտրոնից Արթիկ ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի անձնական խուզարկությամբ վերջինիս կոշիկների միջից՝ պատրաստված թաքստոցներից, հայտնաբերվել է երկու բջջային հեռախոս: Ծառայողական քննությամբ պարզվել է, որ բժշկական կենտրոնում գտնվելու ժամանակ կալանավորված անձին կոշիկները հասել են բուժկենտրոնի ժամանակավոր պահակետում նշանակված տվյալ ՔԿՀ-ի աշխատակցի կողմից առանց համապատասխան թույլտվության, ինքնագլուխ կալանավորին հանձնուք հանձնելու արդյունքում: Ծառայողական քննությամբ այդ աշխատակցի նկատմամբ էլ կիրառվել է Նկատողություն կարգապահական տույժը:

 

Հայտնաբերվել են նաև նշված ժամանակահատվածում ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից նմանատիպ դրսևորումներ թույլ տալու և դրանք համարժեք իրավական գնահատականի չարժանացնելու նմանատիպ այլ դեպքեր ևս:

 

Այսինքն՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ Արթիկ ՔԿՀ պաշտոնատար անձինք, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն հանդիսանալով հետաքննության մարմին, հնարավոր հանցագործությունների հատկանիշներ պարունակող գործողությունների վերաբերյալ դեպքերը դիտարկել են զուտ կարգապահական բնույթի խախտման տիրույթում և իրենց աշխատակիցների հնարավոր քրեական պատասխանատվության չենթարկվելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ առերևույթ  հանցագործությունները և դրանց կատարմանը ներգրավված բոլոր անձանց բացահայտելու նպատակով չեն ձեռնարկել քրեադատավարական միջոցներ, ինչի հետևանքով հնարավոր չի դարձել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումը: Այդ կերպ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

 

Ուսումնասիրությամբ հայտնաբերված դեպքերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է 5 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Ինչպե՞ս ազդարարել և ո՞ւմ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am