16.05.2019 | ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչներին

Մայիսի 16-ին Երևանում ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հիմնահարցերը, Հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման, առգրավման, բռնագրավման և արտերկրից վերադարձման ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների աշխատանքային փորձի փոխանակում» թեմայով սեմինարը:

 

Հիշյալ սեմինարը ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների կողմից 2017թ. ստորագրված 2018-2020թթ.-ի  ծրագրով նախատեսված երրորդ միջոցառումն է:

 

Սեմինարի ընթացքում ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչներն անդրադարձ են կատարել հանձնման (էքստրադիցիայի) և քրեական գործերով իրավական օգնության ոլորտում համագործակցության առկա մի շարք հիմնահարցերին, քննարկել դրանց լուծման առավել արդյունավետ մոտեցումները և ժամանակակից հասարակության ներկայիս մարտահրավերները:  

 

Միջոցառման մասնակիցները, ներկայացնելով տվյալ ոլորտում ունեցած փորձը, ևս մեկ անգամ ընդգծել են, որ քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունը և այդ բնագավառում արդյունավետության զարգացումը մշտապես մնում է երկու երկրների գլխավոր դատախազությունների ուշադրության կենտրոնում:

 

ՌԴ գլխավոր դատախազության պատվիրակությանը ընդունել է նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը: Նա կարևորել է ՌԴ գլխավոր դատախազության հետ տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցությունը և անդրադառնալով երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ծրագրին՝ նշել է, որ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների կողմից 2017թ. ստորագրված 2018-2020թթ.-ի  ծրագիրը 2007 թվականից ի վեր կնքված 5-րդ ծրագիրն է: Նախորդ ծրագրերը հաջողությամբ իրականացվել են և նպաստել դատախազների միջև փորձի փոխանակմանն ու երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ամրապնդմանը: 

 

Երկու երկրների դատախազությունների ներկայացուցիչներն ընդգծել են նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը, նշել, որ դրանք կնպաստեն նշված ոլորտում հիմնախնդիրների լուծմանը և համակարգերի առավել սերտ համագործակցությանը:

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am