06.05.2019 | «Արփա-Սևան» թիվ 2 թունելի հիմնանորոգման և պահպանման աշխատանքների կատարման գործընթացներում պետությանը նախնական մոտ 2.5 մլրդ դրամ վնասի պատճառմամբ առերևույթ կոռուպցիոն բազմաթիվ չարաշահումներ են պարզվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա կատարված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և մի բաց բաժնետիրական ընկերության միջև 13.08.2010թ. կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է իրականացնել 11 մլրդ. 798 մլն. 546 հազ. դրամի «Արփա-Սևան» թիվ 2 թունելի հիմնանորոգման աշխատանքներ:

 

Պայմանագրով սահմանված իրավունքներն ու պարտականությունները պատվիրատուի անունից իրականացրել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն:

 

ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի և բաց բաժնետիրական ընկերության միջև 14.02.2017թ. կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է իրականացնել «Արփա-Սևան թիվ 2 թունելում առանձին վթարային հատվածների ընդհանուր 4 մլրդ. 998 մլն. 360 հազ. դրամի հիմնանորոգման աշխատանքներ:

 

Նշված պայմանագրի ծավալաթերթ նախահաշվում և կատարողական ակտերում նշվել են հիմնանորոգման աշխատանքները իրականացնելու համար նախատեսված սպասարկման, մասնավորապես՝ թունելում օդափոխության, լուսավորության, ջրահեռացման, մարտկոցային էլեկտրաքարշերի լիցքավորման աշխատանքներ, որոնք իրականացվել են էլեկտրական սարքավորումներով, ընդունվել և վճարվել են պատվիրատուի կողմից:

 

ՈՒսումնասիրություններով պարզվել է, որ բազմաթիվ դեպքերում` մասնավորապես 2010-2018թվականների բազմաթիվ կատարողական ակտերի գրառումներն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ դրանցում նշված հզորությամբ էլեկտրական սարքավորումները չէին կարող ծախսել զգալիորեն, իսկ որոշ դեպքերում գրեթե կրկնակի պակաս էլեկտրաէներգիա, քան սահմանված է տվյալ հզորությամբ սարքերի՝ նշված ժամանակահատվածում աշխատանքի համար:

 

Նշված հանգամանքները վկայում են, որ պայմանագրի ծավալաթերթ նախահաշվով նախատեսված` օդափոխության շուրջ 591մլն. 933հազ. դրամի, ինչպես նաև մեկ այլ պայմանագրի ծավալաթերթ նախահաշվով նախատեսված` շուրջ 225 մլն. 324 հազ. դրամի սպասարկման, դրանց հետ կապված հիմնանորոգման մյուս աշխատանքները և դրանց համար կատարված վճարումները առերևույթ հիմնավոր չեն և կատարվել են իրականությանը չհամապատասխանող փաստաթղթերի հիման վրա:

 

Բացի այդ, պարզվել է նաև, որ ՀՀ կառավարության 20.04.2006թ. որոշմամբ հաստատված՝ Որոտան-Արփա-Սևան թունելի պահպանման վերաբերյալ ծրագրով Եղեգիսի շինարարական բազայում 2006-2008թթ. իրականացվել են շուրջ 390 մլն. դրամի շինարարական աշխատանքներ: Մասնավորապես` պետական բյուջեի միջոցներով կառուցվել են երկհարկանի վարչա-կենցաղային շենք, էլ. ենթակայանի շենք, լիցքավորման շենք, ճնշակայանի շենք, արհեստանոցի շենք, ցեմենտ-բետոնի շաղախման հանգույց և հիդրոհանգույցի 2 շենքեր: Մինչդեռ հողատարածքը, որի վրա վերջիններս կառուցվել են, Վարդահովիտ համայնքի ղեկավարի 22.08.2005թ. որոշմամբ կազմակերպված մրցույթի արդյունքում 25 տարի ժամկետով գյուղատնտեսական նպատակներով վարձակալության է հանձնվել համայնքի բնակիչ Ա.Ս.-ին: Իսկ նույն համայնքի ղեկավարի 14.03.2006թ. որոշմամբ ուղղակի վաճառքով` 1 հա-ն 67.000 դրամով վաճառվել է վերջինիս: Իր հերթին Ա.Ս.-ն 08.11.2010թ. նշված հողատարածքը 4 մլն. դրամով վաճառել է ԲԲԸ-ին:

 

Պարզվել է նաև, որ  ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Եղեգնաձորի տարածքային ստորաբաժանման կողմից Ա.Ս.-ին 02.11.2010թ. տրվել է միասնական տեղեկանք և կազմվել է նշված հողատարածքի ուրվագիծը` տեղազննում կատարելու նշումով, որոնցում կառուցված Եղեգիսի շինարարական բազայի շենք-շինությունների վերաբերյալ որևէ գրառում չկա:

 

Այսինքն` ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Եղեգնաձորի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձանց կողմից իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր են կազմվել և հանձնվել քաղաքացուն՝ վերջինիս պատկանող գույքը ԲԲԸ-ին օտարելու համար:

 

Բացի այդ, ՀՀ վերահսկիչ պալատի կողմից դեռևս 2012թ.-ին արձանագրվել է Եղեգիսի կիրճում պետական ֆինանսավորմամբ կառուցված շենք շինությունների և արտադրամասերի պատվիրատուին չհանձնելու, փաստացի գրանցում չկատարելու փաստ: Սակայն, անգամ դրանից հետո ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձինք միջոցներ չեն ձեռնարկել պետության խախտված իրավունքները վերականգնելու, պետական միջոցներով կատարված շինարարական աշխատանքների արդյունքում կառուցված շինությունները գույքագրելու, գրանցելու և տնօրինելու ուղղությամբ: Արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ. շուրջ 390 մլն. դրամի գույքը տարիներ շարունակ գտնվում է այլ տնտեսվարող սուբյեկտի անվամբ գրանցված հողատարածքի վրա և օգտագործվում է այլ անձանց կողմից:

 

ՈՒսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության, 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու հետևանքով ծանր հետևանքներ առաջացնելու, 314-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնեական կեղծիքի և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: 

 

 Բացի այդ, ՀՀ հաշվեքննիչ պալատից 01.04.2019թ. ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել ՀՀ ջրային պետական կոմիտեում իրականացված հաշվեքննությունների արդյունքները: Համաձայն դրանց` մասնավորապես արձանագրվել է ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի և բաց բաժնետիրական ընկերության միջև 14.02.2017թ. կնքված պայմանագրի Արփա-Սևան թիվ 2 թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքների գնման պայմանագրով աշխատանքների նախագծում մեքենա-մեխանիզմի շահագործման ծախսերի հաշվարկման, միաձույլ բետոնի պատրաստման և հատակների մասով նախահաշվի չհիմնավորված ընդհանուր շուրջ 1 մլրդ. 660 մլն. 845 հազ. դրամ ծախսերի մասին:

 

Քրեական գործի քննության ընթացքում պարզման ենթակա հանգամանքների թվում կներառվեն նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության արդյունքներով արձանագրված վերը նշված հանգամանքները:

 

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am