08.10.2018 | Սուրիկ Խաչատրյանի առանձնատան կառուցման հանգամանքների վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման առթիվ քրեական գործ է հարուցվել

  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են «Հետք» էլեկտրոնային թերթում 2018թ. օգոստոսի 24-ին հրապարակված «Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության» վերտառությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքները: Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանից և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից պահանջել էին անհրաժեշտ փաստաթղթեր և համապատասխան տեղեկատվություն:

 

  Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար  անձինք չեն կատարել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված ծառայողական պարտականությունները՝ չեն նախազգուշացրել կառուցապատողին նշված առանձնատան շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ: Դրա հետևանքով բացառվել է 357 մլն դրամ նախահաշվային արժեք ունեցող շինության կառուցապատողին  օրենքով սահմանված կարգով դրա մեկ տոկոսի, այն է՝ 3.570.870 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը՝ համայնքին պատճառելով նույնքան դրամի նյութական վնաս:

 

  Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձի կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռությունից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելու) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչին:

          

  Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Դատախազությունն արձանագրել է ընտրական հանցագործությունների նվազում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am