03.07.2018 | Հայաստանի և Հունաստանի գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Հունաստանի Հանրապետության գերագույն դատարանի դատախազության միջև այսօր Երևանում ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից հուշագիրն ստորագրել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հունական կողմից՝  Հունաստանի Հանրապետության գերագույն դատարանի գլխավոր դատախազ Քսենի Դիմիտրիուն:

 

Հուշագրի շրջանակներում կողմերը, ելնելով իրենց իրավասություններից, կհամագործակցեն հատկապես կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, կոռուպցիայի, մաքսանենգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի, տնտեսական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում, ինչպես նաև քրեական գործերով իրավական օգնության և հանձնման մասին միջնորդությունների կատարման ոլորտներում:

 

Փաստաթղթով նախատեսվում է մասնագիտական փորձի փոխանակում և պրոֆեսինալ կարողությունների զարգացում՝ դատախազների փոխայցելությունների միջոցով, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համատեղ աշխատանքի ընթացքում տեղեկատվության օպերատիվ փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:  

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել տիկին Դիմիտրիուին՝ ՀՀ դատախազության 100-ամյակի հոբելյանական միջոցառումներին Հայաստանում գտնվելու կապակցությամբ՝ նշելով, որ այդպիսով վերահաստատվել է դարավոր և հարուստ պատմություն, հզոր մշակությաին ժառանգություն ունեցող բարեկամ երկրների միջև ամենաջերմ և անկեղծ հարաբերությունների պահպանման և զարգացման երկկողմ անկեղծ ցանկությունը: Արթուր Դավթյանը հավելել է, որ ստորագրված հուշագիրը նոր մակարդակի է բարձրացնում երկու երկրների դատախազությունների միջև գործակցությունը, ստեղծում հավելյալ հնարավորություններ ու կառուցակարգեր՝ դատախազների միջև օգտակար փորձի փոխանակում իրականացնելու, մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերման և հմտությունների կատարելագործման համար:

 

Շնորհակալություն հայտնելով Հունաստանի համար հազարամյակների պատմությամբ ապացուցված բարեկամ Հայաստանում իրենց ցուցաբերված ընդունելության համար՝ Հունաստանի գերագույն դատարանի գլխավոր դատախազ Քսենի Դիմիտրիուն նշել է, որ ստորագրված փաստաթուղթն ընդգծում է նաև երկու պետությունների դատախազությունների միջև համագործակցության և գործընկերության հետագա ամրապնդման կարևորությունն ու կարիքը, ինչը պարտավորեցնում է գործուն քայլեր կատարել դրանով նախատեսված առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ՝ ի շահ երկու ժողովուրդների և պետությունների:

ՀՀ դատախազությունը նշում է հիմնադրման 100-ամյակը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am