09.08.2017 | Անտառապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում նախապատրաստված նյութերը, որոնցով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության անտառապետ Ս. Վ.-ի անմիջական հանձնարարությամբ, Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Ս. Թ.-ն 2017 թվականի օգոստոսի 3-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության թիվ 2 պահաբաժնի տարածքում ապօրինի հատել է  4 հատ լորենի և 1 հատ հաճարենի տեսակի ծառեր: Ապօրինի հատման հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է 457.500 ՀՀ դրամ: 

 

Պարզվել է նաև, որ նույն անտառապետի համաձայնությամբ, Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Վ. Հ.-ը, Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատել է  3 հատ լորենի, 1 հատ կաղնի տեսակի ծառեր, ինչի հետևանքով պատճառվել է 531.000 ՀՀ դրամի չափով վնաս:

 

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նույն պահաբաժնի տարածքում դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով հատվել են նաև 21 հատ լորենի, 6 հատ հաճարենի, 2 հատ բոխի և 1 հատ հացենի տեսակի ծառեր: Նշված ծառերի ապօրինի հատման հետևանքով պատճառված վնասը կազմել է 3.126.000 ՀՀ  դրամ:

 

Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անտառային ֆոնդի տարածքում գտնվող ծառերի ապօրինի հատում կատարելու վերոհիշյալ դեպքերի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասով:

 

Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

«Հանցանքի հետքով». Գևորգ Բաղդասարյան

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am