22.11.2016 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրենին

 ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսին:
 ՀՀ գլխավոր դատախազը, կարևորելով «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի մեկնարկը նշել է, որ ՀՀ դատախազությունը, որպես քրեական քաղաքականության իրականացման երաշխավոր, ողջունում է և պատրաստ է աջակցել բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված են մարդու իրավունքների անվերապահ պաշտպանությանը` ինչպես զինված ուժերում, այնպես էլ` քաղաքացիական հասարակությունում:
 «Հայաստանի Զինված ուժերն ապահովում է մեր երկրի անվտանգությունը, պաշտպանությունն ու սահմանների անձեռնմխելիությունը, ուստի Հայաստանի Զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանն աջակցելը, մարդու իրավունքների վիճակի բարելավումը, Զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող ՀՀ օրենսդրության կատարելագործումը, զինծառայողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, մարդու իրավունքների խախտումների կանխումն  ու դրանց քննության արդարացի իրականացումը մեզ համար առաջնահերթություն են: Այս գործընթացում միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունն իր հերթին օգնում է վեր հանելու  առկա խնդիրներն ու բացթողումները»,-նշել է ՀՀ գլխավոր դատախազը:
 Քրիստոս Ջիակումոպուլոսը ընդգծել է ՀՀ դատախազության հետ համագործակցության բարձր մակարդակը, վստահություն հայտնելով, որ այն կնպաստի նաև այս ծրագրի իրականացմանը:
 Հանդիպմանը քննարկվել են Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության աջակցմանը, եվրոպական չափանիշների կիրառմանը, մարդու իրավունքների խախտումների, հատկապես` վատ  վերաբերմունքի կանխմանը, հայտնաբերմանը և արդարացի քննության իրականացմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի իրականացման շրջանակներում մշակել Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության  բարձրացման գործուն մեխանիզմներ:
 

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է 2019 թվականի հաղորդումը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527