10.12.2015 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խմբին

 ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի գործընթացի գնահատման համար Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության փորձագետների խմբի ղեկավար Դուգլաս Ուեյքին և իրավական հարցերով փորձագետ Վասիլ Վաշչանկային: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի առընչությամբ դատախազության իրականացրած գործողություններին և համապատասխան աշխատանքային խմբի կողմից իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ պատշաճ դատախազական հսկողությանն առնչվող հարցեր:
 ՀՀ Գլխավոր դատախազը նշել է, որ դատախազության կողմից 10.12.2015թ-ի դրությամբ ուսումնասիրվել է 459 ահազանգ, որոնց մի մասն ուղարկվել է ոստիկանություն, մի մասն էլ քննչական մարմիններ` նյութեր նախապատրաստելու համար: Գործընթացը դեռ շարունակվում է:
 Աշխատանքային խմբի ղեկավար ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության պետ Վ. Մուրադյանը ներկայացրել է ստացած ահազանգերի առավել բնորոշ բնութագրումը, արդեն իսկ հարուցված քրեական գործերը և աշխատանքի կազմակերպման ընդհանուր մեխանիզմը, նշելով, որ գրավոր և փաստարկված դիմումներից բացի ՀՀ իրավապահ մարմինների կողմից ուսումնասիրվում են նաև մամուլի բոլոր հրապարակումները` շատ հաճախ նաև նրանք, որոնք հրապարակված են քաղաքացիների անձնական էջերում: Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ահազանգերը պարտադիր ստանում են իրավական ընթացք: 
Գլխավոր դատախազը շեշտել է, որ այս բոլոր քրեական գործերը հարուցվել են հանրաքվեից անմիջապես հետո:  
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը բարձր է գնահատել հանրաքվեի հետ կապված ընտրախախտումները բացահայտելու ուղղությամբ ՀՀ դատախազության գործունեությունը` միաժամանակ կարևորելով արդյունավետ քննության իրականացումը:

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am