11.11.2015 | ՀՀ գլխավոր դատախազը Սոչիում մասնակցել է դատախազների միջազգային ասոցիացիայի 7-րդ տարածաշրջանային կոնֆերանսին

 Սոչիում կայացել է դատախազների միջազգային ասոցիացիայի 7-րդ տարածաշրջանային կոնֆերանսը՝ Արևելյան, Կենտրոնական Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պետությունների համար: Կոնֆերանսին մասնակցելու նպատակով Սոչի է մեկնել ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը: 
 «Ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը» խորագրով երկօրյա կոնֆերանսին մասնակցել են 120-ից ավելի պատվիրակներ՝ 35 պետություններից և 9 միջազգային կազմակերպություններից, այդ թվում` Միավորված Ազգերի Կազմակերպությունը, Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունը, Եվրոպայի խորհուրդը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը: Մասնակիցները ժամանել են ոչ միայն Կենտրոնական, Արևելյան Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից, այլև Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լատինական Ամերիկայի մի շարք պետություններից, Արևմտյան Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից, Արևմտյան և Հարավային Ասիայից: 
 Քննարկումների ընթացքում նշվել է, որ ահաբեկչության և ծայրահեղականության դրսևորումները, ազգամիջյան և միջկրոնական հակամարտությունների սրումը լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն առանձին պետությունների սոցիալական և քաղաքական կայունության, այլև ընդհանուր միջազգային հանրության համար: Կարևորվել է դատախազների ազգային փորձի փոխանակումը ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում՝  կատարելագործման և դատախազների տվյալ ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդման նպատակով:
 ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան նշել է, որ կոնֆերանսի թեման պայմանավորված է աշխարհում սրված իրավիճակի հետ: «Այժմ արդեն բոլորին պարզ է, որ այդ սպառնալիքների դեմ քաղաքացիական աշխարհը կարող է արդյունավետ պայքարել միայն համատեղ ջանքերով»:  Նիստում քննարկվել է ահաբեկիչների կողմից սկսած տեղեկատվական մեծ պատերազմի, ինտերնետի և առաջին հերթին սոցիալական կայքերի միջոցով իրենց շարքերում այլ պետությունների վարձկաններին ներգրավելու գործընթացի վտանգավորությունն ու այդ ուղղությամբ համատեղ կանխարգելիչ գործողությունների իրականացումը: Ընդգծվել է համագործակցության հինգ հիմնական ուղղություն՝  համագործակցության իրավական հիմքի կատարելագործում,  իրավական փորձի զարգացում, միջազգային նորմերի հետ միջպետական իրավունքի համապատասխանեցման գործընթացի շարունակում, տեղեկատվական և մեթոդական ապահովման և կադրերի պատրաստման ոլորտներում համագործակցություն:
 Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ Գերհարդ Յարոշն ընդգծելով քննարկվող թեմայի կարևորությունը հիշեցրել է, որ ընթացիկ  տարում հենց ահաբեկչության արդյունքում մահացավ Եգիպտոսի գլխավոր դատախազ Խիշամ Բարակատը: 
 ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ  Կոստանյանը նշելով, որ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, ազգամիջյան և միջկրոնական հակամարտությունների սրումը լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն առանձին պետությունների սոցիալական և քաղաքական կայունության, այլև ընդհանուր միջազգային հանրության համար, ընդգծել է, որ  գլոբալիզացված աշխարհում այլևս միջազգային սահմանները կորցրել են իրենց երբեմնի նշանակությունը և ահաբեկիչների համար խոչընդոտ չեն ոչ միայն պետական սահմանները, այլև որևէ պետության աշխարհագրական դիրքը: «Հայաստանը չի կարող անմասն մնալ ահաբեկչության դեմ պայքարից, քանի որ մեր համոզմունքն է, որ աշխարհի ցանկացած վայրում խաղաղ բնակչության դեմ իրականացված ահաբեկչական ակտը, ուղղված է նաև Հայաստանի դեմ և այդ առումով վստահեցնում եմ, որ ՀՀ իրավապահ մարմինները պատրաստակամ են լիարժեքորեն աջակցել յուրաքանչյուր պետության իրավապահներին, հանցավորություն և հատկապես ահաբեկչության դեմ պայքարում», իր ելույթում (ելույթն ամբողջությամբ՝ այստեղ) նշել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
 Համաժողովում քննարկվել են  հայեցակարգային հարցեր, որոնք առնչվում են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարին, մասնավորապես ԻՊ գործունեությանը, օտարերկրյա ահաբեկիչներին և միայնակ-ահաբեկիչներին:
 Ամփոփելով կոնֆերանսը մասնակիցները փաստել են, որ Սոչիի ֆորումը հնարավորություն է ընձեռել բաց երկխոսություն անցկացնել միջազգային հանրությանն այդչափ հուզող հարցերի շուրջ, իրականացնել փորձի փոխանակում, քննարկել ընդհանուր խնդիրների լուծման ուղիները, ստեղծել նոր, ամրապնդել հին մասնագիտական և անձնական կապերը:  Կոնֆերանսի շրջանակներում  ՌԴ գլխավոր դատախազության և ՀՀ գլխավոր դատախազության միջև ստորագրվել է միջգերատեսչական համագործակցության ծրագիր:
Դատախազների միջազգային ասոցիացիայի 7-րդ տարածաշրջանային կոնֆերանսի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Սոչի քաղաքի «Հիշատակի ծառուղում» տնկել է ավանդական կենաց ծառը:  
Ծանուցում. ԴՄԱ` ոչ քաղաքական և ոչ պետական միջազգային կազմակերպություն է, որը համախմբում է աշխարհի գրեթե 150 պետությունների 250 հազար դատախազների: Այն հիմնադրվել է 1995թ. հունիսին, ՄԱԿ-ի գրասենյակում` Վիեննայում: Դրա կազմավորման հիմնական պատճառը անդրազգային հանցագործությունների բարձր ցուցանիշն էր:
 

Դատախազությունը ճանապարհաշինության ոլորտում կոռուպցիոն սխեմաներ է բացահայտել

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am