25.08.2015 | Թբիլիսիում կայացել է Գ. Կոստանյանի և Գ. Բադաշվիլիի հանդիպումը

 ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան: Թբիլիսիում կայացել է երկու երկրների գլխավոր դատախազների հանդիպումը: Գևորգ Կոստանյանն ու Գիորգի Բադաշվիլին քննարկել են ՀՀ և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնմանը, գործառույթների հստակեցմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, կարևորվել է ՀՀ-ում Վրաստանի քաղաքացիների կողմից և Վրաստանում ՀՀ քաղաքացիների կողմից  կատարված հանցագործությունների բացահայտման, հետախուզվողների հանձնման և, որ ամենակարևորն է, հանցագործությունների կանխման ուղղությամբ համագործակցությունը, ինչը վերջին տարիներին բավական արդյունավետ է իրականացվում: Երկուստեք կարևորվել է մաքսային ոլորտում առկա սերտ համագործակցությունը, որի արդյունավետությունն ակնհայտ է: Գևորգ Կոստանյանը նշել է, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը, միջպետական համագործակցության առումով, հանցավորության դեմ պայքարում  ՀՀ հուսալի գործընկերն է: Երկու երկրների գլխավոր դատախազներն ընդգծել են նոր՝ առավել հստակ համագործակցության հնարավորություն ընձեռող հուշագիր ստորագրելու անհրաժեշտությունը:  ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Բադաշվիլիին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար և իր վրաց գործընկերոջը պատասխան այցով հրավիրել է  Հայաստան:

 Տեղեկացնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիից մեկնելու է Աստանա, որտեղ կմասնակցի  օգոստոսի 27-ին կայանալիք «ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի» հերթական նիստին: Ղազախստանի մայրաքաղաքում նախատեսված են նաև ՀՀ գլխավոր դատախազի մի շարք երկկողմ հանդիպումներ: 

Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կսահմանվի իրավաբանների օրհնության օր

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am