16.10.2014 | Նոտարը մեղադրվում է ծառայողական դիրքը չարաշահելով քաղաքացիներից խաբեությամբ խոշոր գումար հափշտակելու համար

ՀՀ գլխավոր դատախազի կողմից, քրեական գործ է հարուցվել <<Սևան>> նոտարական տարածքի նոտար Արմինե Բեջանյանի կողմից խարդախության եղանակով զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Նոտար Արմինե  Բեջանյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասով կատարած հանրորեն վտանգավոր արարքի հիմնավոր կասկածի առկայությամբ, քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ: Դատախազի որոշմամբ, նոտարի պաշտոնավարումը դադարեցվել է:

 ԱԱԾ նախապատրաստած նյութերով  պարզվել է, որ  2013թ հոկտեմբերից մինչև 2014թ մայիս Ա. Բեջանյանը նյութական օգուտ ստանալու նպատակով, օգտագործելով իր ծառայողական դիրքը՝ նոտարական գործողությունների կապակցությամբ իրեն դիմած քաղաքացիներին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել նոտարի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափի վերաբերյալ, նրանցից պահանջել ու ստացել  ՀՀ օրենսդրությամբ սահմանված նոտարական ծառայությունների և պետական տուրքի համար նախատեսված  գանձումների չափերը գերազանցող   գումարներ՝  կատարելով  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն:

Գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ Արմինե Բեջանյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նախաքննությունը շարունակվում է: 

 

  Հարգելի քաղաքացիներ,  ՀՀ դատախազությունը հիշեցնում է, որ նոտարական գործողությունների համար գանձվող պետական տուրքի և նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները, ինչպես նաև դրանց՝ նոտարական գրասենյակում՝  նոտարական ծառայություններից օգտվողների համար տեսանելի տեղում փակցված լինելը,  սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ: Հետաևաբար նոտարի կողմից, սահմանվածից ավելի գումար պահանջելն  ապօրինություն է և քաղաքացին կարող է այդ մասին տեղեկացնել իրավապահ մամիններին: 

Հանցավորության դեմ պայքարի ռազմավարություն

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am