11.12.2013 | ՀՀ գլխավոր դատախազի արձագանքը <<Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ>> ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցին

 Մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ գլխավոր դատախազի նամակն ամբողջությամբ՝ ստորև.
 
Հայաստանի Հանրապետության
մարդու իրավունքների պաշտպան
պարոն Կ. Անդրեասյանին
 
 Հարգելի պարոն Անդրեասյան,
 
 ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Ձեր արտահերթ զեկույցը: Զեկույցում բարձրացված հարցերը, ներկայացված ուսումնասիրությունները և եզրահանգումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Զեկույցը, անկասկած, հարցեր և ակնկալիքներ է առաջացնելու նաև լայն հասարակության շրջանում: Հիմնական հարցը, որ վստահաբար առաջանալու է հասարակության շրջանում լինելու է` թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Ձեր զեկույցի հիման վրա: 
 ՀՀ գլխավոր դատախազությունը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում պարտավոր և պատրաստակամ է քրեական գործ հարուցել օրենսդրությամբ նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում:   
Այս կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվի Ձեր զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ: Առանց նման մեկ փաստի, զուտ ուսումնասիրությունների հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազությունը հնարավորություն չի ունենա պատշաճ ընթացք տալ Ձեր զեկույցում բարձրացված մտահոգիչ հարցերին, որոնք, առերևույթ, պարունակում են հանցագործության հատկանիշներ: 
Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում եմ Ձեր զեկույցում ներկայացված եզրահանգումները հիմնավորող առնվազն մեկ փաստ փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված պատշաճ ընթացքն ապահովելու համար: 
Ընդ որում, հաշվի առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առանձնահատկությունները, բարձրացված հարցերի կարևորությունը և նման փաստ ներկայացնող անձի իրավաչափ ակնկալիքը` չբացահայտելու իր ինքնությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը երաշխավորում է, որ այդ անձի նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1 հոդվածով նախատեսված անհրաժեշտ և արդյունավետ պաշտպանության միջոցներ:
 
Հարգանքով՝
 
Գ. Ս. Կոստանյան 

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527