02.07.2013 | ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսին

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցության մասին հուլիսի 1-ին ստորագրված հուշագիրը եւ հույս հայտնել, որ այն կնպաստի եւ նոր որակ կհաղորդի երկու երկրների իրավապահների համագործակցությանը։

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ կոնկրետ քրեական գործով իրավական օգնության մասին միջնորդություն է ուղարկվել Կիպրոս՝ դիվանագիտական ճանապարհներով։ Հաշվի առնելով, որ արդեն առկա է ստորագրված երկկողմանի փաստաթուղթ՝ ՀՀ Գլխավոր դատախազը Կիպրոսի գլխավոր դատախազին է փոխանցել հասարակական հնչեղություն ստացած քրեական գործով իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդությունների կրկնօրինակները։ 

Տեղեկացնենք, որ խոսքը մասնավորապես վերաբերում է գործարար Փայլակ Հայրապետյանի հաղորդման հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում 2012 թվականի օգոստոսի 6-ին հարուցված քրեական գործին, որով իրավական օգնություն ցուցաբերելու մասին Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին ուղղված Հայաստանի ոստիկանության՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունն ուղարկվել է 2012 թվականի սեպտեմբերին։ Նույն քրեական գործով իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ստորագրությամբ, Կիպրոսի գլխավոր դատախազին ուղարկվել է 2013 թվականի հունիսի 19-ին։ 

Միջնորդությունների վերաբերյալ փաթեթը հանձնելով Կիպրոսի գլխավոր դատախազին՝ ՀՀ գլխավոր դատախազը նաեւ խնդրել է հանձնարարել Կիպրոսի համապատասխան ծառայություններին` հնարավորինս սեղմ ժամկետում կատարել միջնորդության պահանջները եւ արդյունքների մասին հայտնել Հայաստանի գլխավոր դատախազությանը։ 

Կիպրոսի գլխավոր դատախազը վստահեցրել է, որ կհանձնարարվի իրավասու մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել միջնորդության կատարումը։

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527