01.07.2013 | ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազների պատվիրակությանը

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի` տեղեկատվության  և հասարակայնության  միջոցների հետ կապերի վարչությունը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի առիթով եվրոպական մի շարք երկրներից և ԱՊՀ-ից Հայաստան ժամանած գլխավոր դատախազների պատվիրակությանը, ովքեր Երևանում մասնակցում են նաև Հայաստանի դատախազության մասնագիտական տոնի առթիվ տեղի ունեցող միջոցառումներին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և կարևորել նրանց այցը փորձի փոխանակման, տարբեր երկրների և հասարակությունների առջև օրինականության, իրավակարգի և կայունության ապահովման առումով ծառացած արդի մարտահրավերներն ու սպառնալիքները քննարկելու, դրանց դիմակայման արդյունավետ ուղիներ գտնելու տեսանկյունից ևս:

Ընդգծելով, որ 21-րդ դարում աշխարհի որևէ երկիր ի վիճակի չէ միայնակ արդյունավետ պայքար իրականացնել կազմակերպված հանցավորության դեմ, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն բոլոր երկրներին, ովքեր սերտորեն համագործակցում և իրավական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին:

Հանրապետության Նախագահը հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային պարգևատրել է Պատվո շքանշանով՝ արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար: Նախագահը շնորհավորել է Յուրի Չայկային ՀՀ պետական բարձր պարգևի արժանանալու համար և նրան ու հանդիպմանը մասնակցող օտարերկրյա մյուս պետությունների գլխավոր դատախազներին մաղթել հաջողություններ՝ իրենց կարևորագույն գործում:

ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր գործունեությունը նման բարձր գնահատականի արժանացնելու և պարգևի համար՝ խորհրդանշական համարելով, որ պարգևատրման արարողությունը տեղի է ունենում ՀՀ դատախազության 95-ամյակի տոնակատարության օրերին: Նրա խոսքով, Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների աշխատողները, իրավամբ, հպարտանում են համատեղ պատմության փառավոր էջերով և հաղթանակներով: 

Յուրի Չայկան գոհունակությամբ է փաստել, որ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ձևավորվել են հարաբերություններ, որոնք լիարժեքորեն կարող են կոչվել ռազմավարական գործընկերություն: ՌԴ գլխավոր դատախազը կարևորել է ոչ միայն երկկողմ փոխգործակցությունը, այլ նաև ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների կորդինացիոն խորհրդում, Եվրոպայի խորհրդի մարմիններում, ինչպես նաև Դատախազների միջազգային ասոցիացիայի շրջանակներում համատեղ արդյունավետ աշխատանքը:

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է 2018թ ՀՀ դատախազության տարեկան հաղորդումը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am