17.01.2013 | ՀՀ զինված ուժերում 2012 թվականին գրանցվել է զինվորական ծառայությունն անցնելու հետ կապված մահվան ելքով 29 հանցագործության դեպք

Այսօր տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ  ներկայացվել է զինվորական դատախազության 2012 թվականին կատարած աշխատանքները, զինված ուժերում հանցավորության ընդհանուր վիճակը։ 
 
Կից կարող եք ծանոթանալ մամուլի հաղորդագրությանը.
 
ՀՀ զինված ուժերում 2012 թվականի  ընթացքում  արձանագրվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում: Մասնավորապես՝  ամփոփումները վկայում են, որ 2012թ արձանագրվել է զինվորական ծառայությունն անցնելու հետ կապված մահվան ելքով 29 հանցագործության դեպք (որից 9-ը հակառակորդի կողմից կատարված)՝ 2011 թվականին գրանցված 34 դեպքի դիմաց: Ընդհանուր առմամբ ՀՀ զինված ուժերում (բացի հակառակորդի կողմից կատարվածների) արձանագրված բռնության հետևանքով մահվան ելքով հանցագործության դեպքերը 2011թ համեմատությամբ 2012 թվականին նվազել են 50 տոկոսով:
 
Իհարկե, անգամ մեկ մահվան դեպքը զինված ուժերում խիստ մտահոգիչ է, եւ մարդու կյանքի մասին գնահատականները տալ թվային կամ տոկոսային վերլուծությամբ, գուցեև, այնքան էլ ընդունելի չէ, սակայն, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ մահվան ելքով դեպքերը զինված ուժերում ակնհայտորեն նվազել են, եւ զինվորական դատախազությունը շարունակելու է հետեւողական քայլեր ձեռնարկել` զինված ուժերում հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու և պատժողական համարժեք քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ:
 
Կարևոր է փաստել նաև, որ 2012թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրված զինվորական հանցագործությունները 2011թ համեմատ նվազել են 21.2 տոկոսով, իսկ 2010 թվականի համեմատությամբ նվազումը կազմում է ավելի քան 30 տոկոս:
 
Մասնավորապես, Զինվորական ծառայություն կրելու կարգի դեմ ուղղված հանցագործությունները, որոնք զինվորական հանցագործությունների ընդհանուր թվում կազմում են ավելի քան 30 տոկոսը` նվազել են 26.7 տոկոսով, հատուկ ծառայությունների կրման կարգի դեմ ուղղված հանցագործությունները` 24.1 տոկոսով և այլն: Կարևոր է փաստել, որ բոլոր խումբ զինվորական հացագործությունների առումով արձանագրվել է կտրուկ նվազում:
Հանցագործությունների թվի նվազումը ուղղակիորեն պայմանավորված է նաև ՀՀ զինվորական դատախազության և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված և իրականացվող համակարգային բնույթի հետևողական աշխատանքով, որոնք իրենց հիմքում ունեն օրենքի առջև բոլորի հավասարության, ցանկացած իրավախախտման, այդ թվում` հանցագործության, նկատմամբ անհանդուրժողականության և անպատժելիության մթնոլորտի բացառման սկզբունքները: Այդ նպատակով իրականացվում են համատեղ գործնական-կանխարգելիչ և օրենսդրական բնութի միջոցառումներ, որոնք երկարաժամկետ համակարգային առումով հանգեցնելու են զինված ուժերում կարգապահության բարձրացմանն ու, հետևաբար, հանցավորության մակարդակի կայուն և հաստատուն նվազմանը:
 
2012թ իրականացված միջոցառումների շարքում, ի թիվս այլ միջոցաումների հատկապես, կարելի է առանձնացնել, դեռևս 2011թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինվորական դատախազի կողմից նախաձեռնված ՀՀ Զինված ուժերի Կարգապահական կանոնագրքի և ՀՀ Քրեական օրենսգրքի զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխում փոփոխություններ կատարելու գործընթացը:
 
2012թ ՀՀ զինվորական դատախազության, ՊՆ քննչական ծառայության, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի և ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հետ հեղինակային խմբի կողմից հրատարակված “Զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների գիտագործնական մեկնաբանություններ”-ը, որոնք ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով բաժանվել են ՀՀ Զինված ուժերի սպաներին` վերջիններիս իրավագիտակցության մակարդակի բարձրացման նպատակով:
 
Վստահեցնում ենք, որ ՀՀ զինվորական դատախազությունը,  ՀՀ ՊՆ քննչական ծառայության, Ռազմական ոստիկանության և այլ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ, ինչպես նաև հասարակության  աջակցությամբ, 2013թ ևս շարունակելու են հանցագործությունների կանխար-գելման, բացահայտման և հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձի համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ իրականացվող գործընթացը:
 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am