24.03.2011 | Ընտրությունների ընթացքում թույլ տրված օրինախախտումների դեպքերով հարուցվել են քրեական գործեր, առաջադրվել` մեղադրանքներ

ՀՀ Արմավիրի մարզի դատախազի ցուցումներով 2011թ. մարտի 20-ին Արմավիրի քաղաքապետի ընտրությունների ընթացքում տեղի ունեցած օրինախախտումների դեպքերով հարուցվել են քրեական գործեր:

Այսպես.
1. 2011թ. մարտի 20-ին` ժամը 11.15-ին, Արմավիրի թիվ 8 մանկապարտեզի տնօրեն Ա. Մարգարյանը հայտարարություն, այնուհետև բացատրություն է տվել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում այն մասին, որ իր աշխատանքային ընկերուհիներ Թ. Աբգարյանի և Ս. Մովսիսյանի հետ վերջինիս ամուսնու եղբայր Տ. Ավետիսյանի ավտոմեքենայով բնակելի թաղամասերից մեկի բակում սպասելիս են եղել իրենց մեկ այլ աշխատակցի:  Այդ պահին 4-5 սև գույնի Ջիպ ավտոմեքենաներ շրջապատել են իրենց ավտոմեքենան, դրանցից դուրս են եկել 7-8 անծանոթ մարդիկ, մոտեցել իրենց, մեղադրել «փող բաժանելու» մեջ, ստուգել պայուսակները, որից հետո «բռնի ձևով ստիպելով, բղավելով, քաշելով» տարել վարորդ Տիգրանին: Իրենք փախել են, պատսպարվել մի անծանոթի տանը, այնուհետև` դիմել ոստիկանություն: Հարձակվողները տարել են նաև Տիգրանի ավտոմեքենան:

Քննությամբ պարզվել է, որ Տ. Ավետիսյանին քաղաքապետի թեկնածու Ս.Մինասյանի նախընտրական շտաբ է տարել Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Ալեքսանյանը:
Փաստի առթիվ 20.03.2011թ. ՀՀ ոստիկանության` Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`  ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով: Ա. Ալեքսանյանը նույն օրը ձերբակալվել է:

Սույն թվականի մարտի 23-ին Ա. Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քր. օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նույն օրը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է  կալանավորում:

 2.    2011թ. մարտի 20-ին` ժամը 16.30-ին, Է. Պապիյանցը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության` Արմավիրի բաժնում այն մասին, որ նույն օրը` ժամը 13-ի սահմաններում, 2 անհայտ անձ իր անչափահաս որդի Ա. Պապիյանցին անծանոթ ավտոմեքենայով տարել են քաղաքապետի թեկնածու Ս. Մինասյանի նախընտրական շտաբ, որտեղ ծեծի են ենթարկել`  «ընտրակաշառք բաժանելու պատճառով»: Ա. Պապիյանցը բացատրություն է տվել այն մասին, որ ժանը 13-ի սահմաններում փողոցում իր մոտ կանգել են 2 արտասահմանյան և 1 «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Վերջինիս միջից դուրս են եկել 2 երիտասարդ, մոտեցել իրեն և մեղադրել քաղաքապետի թեկնածու Ռ. Խլղաթյանի օգտին ընտրակաշառք բաժանելու մեջ, որից հետո իրեն առաջարկել են միասին գնալ շտաբ` պարզաբանելու: 

Շտաբում` 2-րդ հարկի սենյակներից մեկում, եղել է Ս. Մինասյանը 5-6 մարդկանց հետ: Իրեն կրկին մեղադրել են ընտրակաշառք բաժանելու մեջ, որն ինքը հերքել է: Մի երիտասարդ ապտակել է իրեն, բռնելով մազերից` գլուխը հարվածել է սեղանին և բռունցքներով հարվածել մարմնի տարբեր մասերին: Մեկ այլ տղամարդ հայհոյել է իրեն: Քիչ անց իր մոտ է եկել մայրը, միասին դուրս են եկել, գնացել ոստիկանություն և հայտարարություն տվել կատարվածի մասին: 

Փաստի առթիվ 21.03.2011թ.ոստիկանության` Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն:

3.    2011թ. մարտի 20-ին` ժամը 17:15-ին, քաղաքապետի թեկնածու Ս. Մինասյանի վստահված անձ Ս. Ցականյանը հայտարարություն է տվել ոստիկանության` Արմավիրի բաժնում այն մասին, որ նույն օրը` ժամը 15:00 -16:00-ի սահմաններում Արմավիրի 108 թաղամասում մի կնոջ մոտից  «մեր պահանջով ներկայացվել է» 8 ՀՀ քաղաքացու անձնագիր և խնդրել համապատասխան միջոցներ ձեռնարկել` անձնագրերի պահպանման նպատակը պարզելու համար: Միաժամանակ Ս. Ցականյանը ներկայացրել է նշված անձնագրեր: 

Փաստի առթիվ սույն թվականի մարտի 23-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 324 -րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

4.   2011թ. մարտի 21-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիրի  քաղաքապետի թեկնածու Ս. Մինասյանի մի խումբ համախոհներ շուրջ 50 ավտոմեքենաներով փակել են Երևան-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհի Արմավիր քաղաքի մուտքի հատվածը, ցուցապաստառներով կանգնել փողոցի երթևեկելի մասերում, խաթարել տրանսպորտի և մարդկանց երթևեկությունը, ստեղծել խցանում 2 ուղղություններով ընթացող տրանսպորտային միջոցների համար և պահանջել անհապաղ բաց թողնել ձերբակալված Ա. Ալեքսանյանին: Ոստիկանության` Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները հորդորել են դադարեցնել անօրինական գործողությունները և ձերբակալվածին բաց թողնելու պահանջը ներկայացնել օրենքով սահմանված կարգով` իրավապահ մարմիններին դիմելու միջոցով: 

Փաստի առթիվ ոստիկանության` Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 

Հարուցված քրեական գործերի նախաքննության օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության ապահովման նպատակով ՀՀ Արմավիրի մարզի դատախազի կողմից հանձնարարվել է նախաքննական մարմնին ստուգման առարկա դարձնել նաև վերոնշյալ դեպքերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները և հաղորդումները:

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am