11.06.2012 | Հայաստանի եւ Չինաստանի գլխավոր դատախազները ստորագրեցին համագործակցության ծրագիր

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինը հունիսի 11-ին՝ Երեւանում, ստորագրեցին «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության» ծրագիր:

Ըստ այդմ՝ կողմերը պայմանավորվեցին կազմակերպել համատեղ սեմինարներ, կլոր-սեղաններ՝ քննարկելու  առանձին հանցատեսակների քննության առանձնահատկություններին վերաբերող հարցեր՝ նախանշելով միջոցառումների կոնկրետ ժամանակացույց:

Ծրագրի համաձայն՝ 2012-2013թթ. հայ եւ չինացի գործընկերները համատեղ սեմինարներ կկազմակերպեն  հետեւյալ թեմաներով.

-Հանցավոր նպատակներով ինտերնետն օգտագործելու դեմ պայքարի հիմնախնդիրները և պրակտիկան. դատախազության դերը կիբերհանցագործութան դեմ պայքարում իրավապահ մարմինների գործողությունների համակարգման հարցում,

-Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում փորձի փոխանակում. պրակտիկայի, պայքարի արդյունքների և արդյունավետության վերաբերյալ քննարկումներ,

-Տնտեսական հանցագործությունների քննության պրակտիկան և խնդիրները: 

Կողմերը հույս հայտնեցին, որ ստորագրված ծրագիրը նոր որակ կհաղորդի Հայաստանի եւ Չինաստանի դատախազությունների համագործակցությանը՝ նպաստելով հանցավորության դեմ պայքարում դատախազական հսկողության արդյունավետության բարձրացմանը:

Ծրագիրը երկրորդ փաստաթուղթն է, որը ստորագրվում է երկու երկրների գլխավոր դատախազների կողմից: Առաջին փաստաթուղթը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն Ժողովրդական դատախազության միջև համագործակցության մասին Համաձայնագիրը, ստորագրվել է 1999 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Պեկինում:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինի գլխավորած պատվիրակությունը Երեւան է ժամանել հունիսի 9-ին՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով:  Այցելության ընթացքում հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու Հայաստանի դատախազության համակարգին, հիմնական գործառույթներին եւ խնդիրներին, քննարկվել են նաեւ քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հարցեր:

Պատվիրակությունն այցելել է Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ՝ ծանոթանալով հայոց պատմությանն ու մշակույթին, իսկ հունիսի 12-ին  հյուրերը կայցելեն  Ծիծեռնակաբերդ եւ Հայոց Ցեղասպանության թանգարան` հարգելու Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:

Հայաստանի Հանրապետության դատախազությունը կարեւորում է հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությունը եւ ի  լրումն միջազգային փաստաթղթերով` կոնվենցիաներով  նախատեսված համագործակցության սկզբունքների, գործնական քայլեր է ձեռնարկում նաեւ քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ այլ պետությունների դատախազությունների հետ երկկողմանի համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Արդեն  14 երկրների դատախազությունների հետ Հայաստանն ունի ստորագրված համագործակցության մասին հուշագրեր, իսկ 2 երկրի հետ առավել զարգացնելով համագործակցության մեխանիզմները` նաեւ՝ համագործակցության ծրագիր: Մինչ այս Հայաստանը համագործակցության ծրագիր` միջոցառումների ժամանակացույցի եւ թեմաների հստակեցմամբ, ստորագրել էր Ռուսաստանի Դաշնության դատախազության հետ:

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am