26.07.2012 | ՄԻՊ գրասենյակի սոփեստությանը կնախանձեին անգամ Հին Հունաստանում` սեփական կարծիքը «անհերքելի ճշմարտություն» ներկայացնելու համար

ՀՀ գլխավոր դատախազությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում մշտապես հանդես է եկել գործի փաստական հանգամանքների ներկայացմամբ, հիմնավորվումներով, և ցավում ենք, որ ՄԻՊ գրասենյակը, օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, որն ուղղված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կարևորագույն գործին, զբաղված է էժանագին շահարկումներով: Անգամ սույն գործով  դեպքերի զարգացման ժամանակագրությունը դրա խոսուն վկայությունն է:

Այսպես.

1999-2000թթ..-նյութերով տրված բացատրություններում համընկնում է քաղաքացի Ա. Վարդանյանի տնակը քաղաքացի Պ. Ղումաշյանի կողմից  փոխհամաձայնությամբ և փոխհատուցմամբ տանելու հանգամանքը,

2004թ.- ըստ Ա. Վարդանյանի` տևական բացակայությունից հետո  վերջինս հայտնաբերում է տնակի անհետացումը,

2006թ.-Ա. Վարդանյանը երկու տարի անց դիմում է ոստիկանություն: ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, ուսումնասիրության արդյունքնում մերժվում է քրեական գործի հարուցումը, քանզի արարքում բացակայում է հանցակազմի առկայությունը, ինչպես նաև կողմերի միջև վեճը կրում է  քաղաքացիաիրավական բնույթ և ենթակա է դատական կարգով լուծման, ինչը և փաստվում է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից Ա. Վարդանյանի հայցը վարույթ ընդունելով: 

ՄԻՊ գրասենյակը պետք է տեղյակ լինի, որ քաղաքացիաիրավական բնույթի գործերով քրեական գործ հարուցելով` ոտնահարվում է քաղաքացու օրինական շահերն ու իրավունքները, որոնց պաշտպանությանն է նաև կոչված ՄԻՊ ինստիտուտը: Այդ իմաստով անհասկանալի է այն դրսևորվող համառությունը, թե ինչու քաղաքացիաիրավական բնույթ կրող այս վեճով չի հարուցվել քրեական գործ:

ՀՀ դատախազությունը, իրականացնելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, իր գործունեությամբ ուղղակիորեն և անուղղակի պաշտպանում է քաղաքացու օրինական շահերն ու իրավունքները, այդ թվում նաև` անհիմն քրեական գործերի հարուցումը մերժելու որոշումներով:

2007-2008թթ. -Շիրակի մարզի առաջին ատյանի և ՀՀ քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանի վճռով և որոշումով հիմնավորվում է, որ Ա. Վարդանյանի համաձայնությամբ վերջինիս դուստր Ռ. Վարդանյանը համապատասխան գումարի`  120 ԱՄՆ դոլարի դիմաց տնակը հանձնել է Պ. Ղումաշյանին: Դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: 

Տարօրինակ է , որ 2008թ.  օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքը ՄԻՊ գրասենյակի համար չունի որևէ նշանակություն, և վերջինս շարունակում է վիճարկել թե գործի քաղաքացիաիրավական բնույթը, թե գումարի փոխհատուցման հավաստիության հանգամանքը:

2011թ. մահանում է Պ. Ղումաշյանը:

2011թ. դեկտեմբեր- սոցիալական նպաստ ստանալու իրավունքից զրկվելու արդյունքում Ա. Վարդանյանը ՄԻՊ գրասենյակում ինքնասպանության փորձ է կատարում` խմելով պերօքսիդի լուծույթ:

2012թ.հուլիս - ՄԻՊ գրասենյակը հանդես է գալիս մամուլի հաղորդագրությամբ` առանց տարեթվերը և գործի հանգամանքները նշելու Ա. Վարդանյանի ինքնասպանության փորձը ուղղակի վերագրում է ՀՀ դատախազությանը, վերջինիս կողմից քաղաքացու իրավունքների խախտմանը:

Մինչդեռ իրադարձությունների ժամանակագրությունը , որի մասին լռել է ՄԻՊ գրասենյակը, ակնհայտ ցույց է տալիս, որ քաղաքացի Ա. Վարդանյանի ինքնասպանության փորձը տեղի է ունեցել բոլորովին այլ պատճառով և որևէ կապ չունի 2006թ. Ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերի նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ: 

Սույն հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության`  ՄԻ Պաշտպանին ուղարկված 02.04.12 և 22.05.12թթ. գրավոր  պատասխաններից և 25.07.2012թ. հրապարակային հաղորդագրությունից հետո ՄԻՊ գրասենյակի կողմից կրկին հաղորդագրությամբ հանդես գալու և կրկին նույն հարցադրումները հնչեցնելու վերաբերյալ ընդամենը խորհուրդ ենք տալիս դիմել իրավաբանական խորհրդատվության և չենք պատրաստվում այսուհետ հանրության ուշադրությունը զբաղեցնել` այս կարգի հաղորդագրություններին պատասխանելով:

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am