13.12.2012 | Հարուցվել է քրեական գործ՝ քննչական բաժնի պետի եւ մարզի դատախազության դատախազի միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ Արարատի մարզի դատախազության դատախազ Ս.Նազարպուրի կողմից ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ վերջինիս աշխատասենյակում ՀՀ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքի պետ Գ.Սիմոնյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ։

Մասնավորապես՝ Արարատի մարզի դատախազության դատախազ Ս.Նազարպուրը գրավոր զեկուցագիր է ներկայացրել եւ բացատրություն տվել, որ նախապատրաստվող նյութերով իր տված գրավոր ցուցումի կապակցությամբ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժանմունքի պետ Գ.Սիմոնյանը մտել է իր աշխատասենյակ, վիճաբանել, գլխով հարվածել՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Գ.Սիմոնյանը բացատրություն է տվել, թե քննիչին տրված ցուցումի հետ կապված պարզաբանումներ անելու հարցով մտել է մարզի դատախազության դատախազ Ս.Նազարպուրի աշխատասենյակ, որտեղ տեղի է ունեցել քաշքշոց եւ դատախազը, բռնության գործադրմամբ, իրեն դուրս է հանել աշխատասենյակից։ 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրում՝ կապված ծառայողական պարտականությունները կատարելու հետ)՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 12.12.2012թ. հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Միաժամանակ պարզաբանում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դրսեւորել է անբարեխիղճ վերաբերմունք եւ ճիշտ չի վերաշարադրել օրաթերթի լրագրողի հարցը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարին, ու տրված պատասխանը։ Որպես օրինակ՝ մատնանշենք, որ մամուլի քարտուղարն ուղղակի ճշտել է լրագրողի տեղեկատվությունը՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե մարզի դատախազի տեղակալի, այլ քննչական բաժնի պետի եւ մարզի դատախազության դատախազի միջեւ՝ կապված վերջինիս կողմից տրված գրավոր ցուցումի հետ`  առանց անուն հրապարակելու։  

Արագածոտնի մարզի դատախազության ամփոփումը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am