10.06.2010 | Ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ դատախազության և «Հանրային ցանց» միավորման միջև

ՀՀ գլխավոր դատախազությունում հունիսի 10-ին ստորագրվեց համագործակցության հուշագիր ՀՀ դատախազության և Հայաստանի Հանրապետության  տարածքում  գործող ինքնակազմակերպվածության  և  կամավորության  սկզբունքով ձևավորված ոչ առևտրային կազմակերպությունների  «Հանրային  ցանց» միավորման միջև:

Դատախազությունը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները,  կարևորելով հետևյալ սկզբունքները` 
- հասարակության մասնակցության ապահովումը քրեական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը,
- մարդու և քաղաքացու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովումը,
- քաղաքացիական  հասարակության  ինստիտուտների  ինստիտուցիոնալ զարգացման խթանումը, 
- քրեական քաղաքականությանն առնչվող` հասարակության մեջ առկա խնդիրների վերհանումը, հանրային կարծիքի վերլուծումը, հասարակության տարբեր խմբերի շահերի հնարավորինս լայն ներկայացվածության ապահովումը:

Փոխհամաձայնության արդյունքում  ստորագրեցին սույն հուշագիրը, նպատակ հետապնդելով, հանրային խորհրդատվության, հանրային քննարկումների միջոցով նպաստելու վերոնշյալ սկզբունքների շուրջ համագործակցության առավել սերտացմանն ու այդ ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովմանը:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բացման խոսքում նշեց, որ «դատախազությունը կարևորում է հասարակական կազմակերպությունների  հետ համագործակցության շրջանակներում արդեն իսկ ձևավորված կառուցողական աշխատանքային փոխհարաբերությունների ամրապնդումն  ու զարգացումը,  հասարակությանը` դատախազության գործունեությունը հնարավորինս պարզ և թափանցիկ ներկայացնելը, դատախազության կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը` հանրությանը  հնարավորինս մատչելի ու հասանելի դարձնելը»:

Գլխավոր դատախազը հույս հայտնեց, որ սույն հուշագիրը կհանդիսանա «հասարակության հետ մեզ կապող այն միջոցներից, կամուրջներից մեկը, որով հանրությունը կփորձի իր ներկայացուցիչների միջոցով իր ձայնը, առաջարկներն ու կարծիքները ներկայացնել պետական մարմնի ուշադրությանը իրեն հետաքրքրող այն խնդիրների շուրջ, որոնք առնչվում են դատախազական գործունեությանը»:

Տեղեկացման կարգով նշենք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2009 թվականին հաստատվել էր նաև «ՀՀ դատախազության և հասարակական կազմակերպությունների միջև մասնակցային համագործակցության» կարգը, որով սահմանված են հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ուղենիշներն ու սկզբունքները:

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527