01.07.2010 | Տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան

Հուլիսի  1-ին  ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 92-ամյակին, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը,  կառավարության անդամներ, դատաիրավական համակարգի կառույցների ղեկավարներ, դատախազության վետերաններ:

Դատախազության աշխատակիցներին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն արձանագրեց, որ ժամանակը, փոփոխվող հասարակական հարաբերությունները, գնալով ավելի բարդ ու վտանգավոր դարձող հանցավորությունը առաջադրում են նոր հրամայականներ, պահանջում են իրավական նոր լուծումներ, որոնց հիմքում պետք է դրված լինի իրավունքի գերակայությունը, ինչը եղել եւ մնում է իրավական պետության հիմքերի հիմքը: «Հենց դատախազությանն է վերապահված մարդու իրավունքների ու պետության շահերի, օրենքի ու օրինականության պաշտպանության  պատվարը լինելու բարձր առաքելությունը»,- իր ելույթում ասաց ՀՀ գլխավոր դատախազը՝ ավելացնելով. «Դատախազությունը, նրա յուրաքանչյուր աշխատակցի գործունեությունը մշտապես գտնվել ու գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Դա անշուշտ մեծ պատասխանատվություն է բայց նաեւ մեծ պատիվ, ինչին պետք է մոտենալ երկյուղածությամբ ու մասնագիտական պատասխանատվությամբ»:

Մասնագիտական տոնի կապակցությամբ դատախազության ավելի քան 60 աշխատակիցներ, ինչպես նաեւ վետերաններ արժանացան տարբեր պարգեւների:

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրվեց գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի պետ Վարդան Մուրադյանը, ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգեւատրվեցին ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը, ՀՀ դատախազության աշխատակազմի  ֆինանսատնտեսական վարչության պետ Աշոտ Զալինյանը, ԱԺ նախագահի հուշամեդալով՝ Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը, ՀՀ  գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանը, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Աշոտ Նադոյանը:  Մի շարք աշխատակիցներ խրախուսվեցին վարչապետի եւ ԱԺ նախագահի շնորհակալագրերով, ինչպես նաեւ պաշտպանության նախարարի, ոստիկանապետի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից:

Նախքան հանդիսավոր նիստը սկսելը՝ ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանի գլխավորությամբ այցելեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, իրավագիտության դոկտոր Հենրիկ Խաչատրյանի անունը կրող դպրոց եւ ծաղկեզամբյուղներ դրեց դպրոցի բակում գտնվող  նրա կիսանդրուն, ապա ծաղկեզամբյուղներ դրվեցին ՀՀ դատախազության վարչական շենքի մոտ՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադիրներից մեկի՝ Պետիկ Թորոսյանի հուշատախտակին:

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527