20.07.2012 | «Դատախազության դպրոցը» համապատասխանում է միջազգային չափանիշներին

2012թ. հուլիսի 20-ին Երևանում` «Արմենիա Մարիոթ» հուրանոցում, նշվեց ՀՀ դատախազության «Դատախազության դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության 5-րդ հոբելյանական տարեդարձը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը` հանդիսավոր նիստի մասնակիցներին ներկայացնելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ուղերձը: 

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, իր ուղերձում անդրադառնալով «Դատախազության դպրոցի» գործունեությանը, մասնավորապես նշել է. «Դատախազության դպրոցը» ձևավորվելով 1998 թվականից գործող ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի հիմքի վրա, անցած հինգ տարիների ընթացքում վերածվել է դատախազական կադրերի  ուսուցման և վերապատրաստման հեղինակավոր օջախի, որտեղ իրականացվում են նաև կիրառական իրավագիտության  և իրավունքի  տարբեր ճյուղերին նվիրված գիտահետազոտական աշխատանքներ: Ասվածի լավագույն ապացույցն է այն, որ վերջին տարիներին դպրոցի աշխատակիցների ջանքերով հրատարակված ավելի քան 2 տասնյակ անուն գիտագործնական աշխատանքներն ու մեթոդական  ձեռնարկները լայնորեն կիրառվում են ոչ միայն դատախազական, այլ նաև այլ իրավապահ մարմինների պրակտիկայում և արժանացել են իրավագիտական հանրության գնահատանքին ու հավանությանը»:

ՀՀ գլխավոր դատախազի հավաստմամբ, «Դատախազության դպրոցը» այսօր իր ուսումնամեթոդական աշխատանքների կազմակերպման արդյունավետության, գիտագործնական սեմինարների, քննարկումների, ուսուցման ժամանակակից մեթոդոլոգիայի կիրառման արդյունքում լիովին համապատասխանում է միջազգայնորեն ընդունված չափանիշներին, որի վառ ապացույցն է նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ դպրոցի սերտ համագործակցությունը»:

Այնուհետև հանդիսավոր նիստի ընթացում ցուցադրվեց տեսաֆիլմ, «Դատախազության դպրոց»-ի գործունեության վերաբերյալ: 

Ըստ այդմ «Դատախազության դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ստեղծվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա և ՀՀ գլխավոր դատախազի` 19.07.2007թ. թիվ 46 հրամանի համաձայն:  

Դպրոցի գործունեության կազմակերպման հենք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնը:

Դատախազության դպրոցի գործունեության ուղղությունների լուսաբանման հիմքում դրված է ճանաչողականությունը, արդյունավետ միջոցների և մեթոդների վերհանումն ու դրանց գործնականում կիրառությունը, որոնք և պայմանավորում են դպրոցի բնականոն գործունեության կազմակերպումը և առկա հասարակական հարաբերություններում նրա ակտիվ մասնակցությունը:

 Դատախազության դպրոցն իրականացնում է`

1) Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը.

2) Դատախազների տարեկան և լրացուցիչ վերապատրաստումը.

3)Դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստումը:

Զարգացման ծրագրին համահունչ, հիմնական կրթական գործընթացներին զուգահեռ դպրոցն իրականացրել է լրացուցիչ կրթական  ծրագրեր, որոնց շահառուներն են եղել դպրոցականները, զինվորական կոմիսարիատի աշխատակիցները, քննիչները, իրավապահ մարմինների այլ աշխատակիցները և այլն: Նշվածի արդյունքում դպրոցը, հաստատուն քայլերով առաջ շարժվելով, ուրույն տեղ է զբաղեցրել համապատասխան գործառույթներ իրականացնող կազմակերպությունների շրջանում` համարվելով իրավապահ մարմինների աշխատակիցներ վերապատրաստող առաջատար կազմակերպություններից մեկը: 

Կրթական ծրագրերով նախատեսված ուսումնական գործընթացներն իրականացվել են դասախոսությունների, գործնական պարապմունքների, դասախաղերի, դատախաղերի, սեմինարների, խնդիրների, քննարկումների, բանավեճերի, ինչպես նաև Մարդու իրավուքների եվրոպական դատարանի վճիռների, ՀՀ վճռաբեկ դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների քննարկումների միջոցով: 

Ուսումնական և գիտամեթոդական գրականության ստեղծումն ու հրատարակումը դպրոցի հիմնական գործառույթներից մեկն է: 2008 թվականից ի վեր հրատարակվել են մոտ 20 ուսումնական ձեռնարկ, որոնց մատչելիությունն ապահովելու, ինչպես նաև ընկալելիության մակարդակը բարձրացնելու համար, հիմնականում ստեղծվել են նույն ձեռնարկի էլեկտրոնային տարբերակները: 

Դպրոցն իրավապահ մարմինների վերապատրաստման, մասնագիտական պատրաստման և այդ ոլորտում սեմինարների, համաժողովների, քննարկումների կազմակերպման, ինչպես նաև կրթական ծրագրերում նորագույն տեխնոլոգիաների ներդրման նպատակով, սերտորեն համագործակցում է Եվրոպայի խորհուրդի (Լիսաբոնյան ցանց, Մարդու իրավունքների ոլորտի կրթություն իրավաբանների համար` ՀԵԼՓ), ԵՄ եվրոպական հանձնաժողովի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի Համաշխարհային բանկի, Հայատանում ԱՄՆ դեսպանատան, Բազելի կառավարման ինստիտուտի Ակտիվների վերադարձման միջազգային կենտրոնի, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի և այլ միջազգային կառույցների հետ: 

Ներկայումս դպրոցում աշխատանքներ են տարվում վերապատրաստման գործընթացների ընդլայնման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Նախատեսվում է շարունակել գիտագործնական միջոցառումների կազմակերպման ու անցկացման, իրավաստեղծ գործունեության, գիտագործնական ձեռնարկների կազմման և հրատարակման աշխատանքները, ինչպես նաև դպրոց ներմուծել ուսուցման նոր մեթոդներ և միջոցներ: 

Հանդիսավոր նիստի ավարտին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով պարգևատրվեցին «Դատախազության դպրոցի» տնօրեն Գ. Սարգսյանը և դատախազության այլ աշխատակիցներ:

 

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am