02.07.2012 | Տեղի ունեցավ հանդիսավոր նիստ` նվիրված դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 94-ամյակին

ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում հուլիսի 2-ին տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 94-ամյակին, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվգտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանության պետ Վովա Գասպարյանը, ՀՀ Նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը,  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը:

Շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն արձանագրեց. «Հայաստանի դատախազության մարմինները իրենց 94-ամյա կենսագրության ընթացքում զարգացման բարդ ուղի են անցել: Նրանք միշտ էլ անմիջական մասնակցություն են ունեցել Հայաստանի և մեր ժողովրդի համար կարևորագույն նշանակության խնդիրների ու հիմնահարցերի լուծմանը, ազգային պետականության հիմքերի ստեղծմանը և ապագային միտված ժամանակակից  երկրի կառուցմանը: Այսօր, ամենայն պատասխանատվությամբ, կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը  երկրում օրինականության և իրավակարգի պաշտպանության դիրքերում կանգնած առաջատար պետական կառույցն է և իր ակտիվ դերակատարությունն ունի իրավունքի գերակայության երաշխավորման և մեր երկրում օրենքի  իշխանության  հաստատման ոչ դյուրին խնդիրների լուծման գործում»: 

ՀՀ գլխավոր դատախազը նկատեց, որ Հայաստանի երրորդ Հանրապետության գոյության երկու տասնամյակների ընթացքում  դատախազական համակարգը երեք անգամ ենթարկվել է  արմատական բարեփոխումների:  Պատմական ոչ այնքան երկար ժամանակահատվածում մշակվել և ընդունվել են դատախազության մասին երկու օրենքներ` նպատակ հետապնդելով դատախազական գործունեությունը էլ ավելի համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության  պահանջներին, համաշխարհային և եվրոպական չափանիշներին: «Ժամանակի պահանջներին համահունչ դատախազական կառույց ունենալու  և այն արդի բարդ խնդիրների լուծմանը ծառայեցնելու գրավականը եղել ու մնում է կադրերի հետ տարվող աշխատանքների բարելավումը: Ժամանակը աննախադեպ բարձր պահանջներ է ներկայացնում դատախազության համակարգի աշխատողներին, և նրանք թե՛ իրենց գիտելիքներով ու կրթվածությամբ,

թե՛ բարոյակամային ու մարդկային նկարագրով պետք է  պատրաստ լինեն դրանց  անշեղ կատարմանը»,- ասաց Ա.Հովսեփյանը՝ ընդգծելով «Մեր երկրի քաղաքացիները դատախազին պետք է հավատան ու վստահեն, դատախազի ցանկացած որոշում, ցանկացած ցուցում պետք է հասկանալի ու բացատրելի լինի հասարակության համար: Միայն այդպես մենք քայլ առ քայլ կկառուցենք ժողովրդավարության ու օրինակակության ոգով  ներծծված այն հասարակարգը, որը մեր ժողովրդի բազում սերունդների տեսլականն է  եղել դարեր ի վեր»:

Մասնագիտական տոնի կապակցությամբ դատախազության մի քանի տասնյակ աշխատակից եւ վետերան արժանացան պարգեւների: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի կոչում, իսկ Եղեգնաձորի կայազորի զինվորական  դատախազ Տիգրան Սարգսյանին՝ Արդարադատության երրորդ դասի  պետական խորհրդականի դասային աստիճան: ՀՀ վարչապետի հրամանով պարգեւատրվել են ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Եսայանը, ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հակոբ Մարտիրոսյանը,  կոռուպցիայի  եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Լիլիթ Թադեւոսյանը, Գեղարքունիքի  մարզի դատախազության ավագ դատախազ Էդուարդ Հարությունյանը: Մի շարք աշխատակիցներ խրախուսվել են նաև  ՀՀ գլխավոր դատախազի և այլ պետական գերատեսչությունների մեդալներով և շնորհակալագրերով։

Նախքան հանդիսավոր նիստը սկսելը՝ ծաղկեզամբյուղ դրվեց ՀՀ դատախազության հիմնադիրներից մեկի` Պետիկ Թորոսյանի հուշատախտակին:

 

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի ելույթը` դատախազության 94-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին

 

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am