10.02.2012 | Կարեւորվել է ընտրախախտումները նվազագույնի հասցնելու ուղղությամբ նախականխիչ քայլերի ձեռնարկումը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է  ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը, ԱՄՆ դեսպանատան իրավական հարցերով մշտական իրավախորհրդատու Սթիվ Քեսլերը:
Կողմերը քննարկել են փոխգործակցության զարգացման ընդհանուր  հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազը մասնավորապես անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրավապահ մարմինների կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներին: Մանրամասնել  ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողության ձեւավորված փորձը՝ ընդգծելով, որ դատախազության համակարգում կազմավորվող աշխատանքային խումբը  հետամուտ է լինում ընտրախախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումների, այդ թվում մամուլի հրապարակումների պատշաճ քննարկմանը, օպերատիվ արձագանքմանը:
Ա.Հովսեփյանը կարեւորել է ընտրախախտումները նվազագույնի հասցնելու ուղղությամբ կանխարգելիչ քայլերի ձեռնարկումը՝ տեղեկացնելով, որ դատախազությունը սեփական նախաձեռնությամբ պատրաստում է  տեսահոլովակ՝ իրազեկելու հանրությանը ընտրախախտումների այն   տեսակների մասին, որոնց համար  նախատեսված է քրեական պատասխանատվություն: «Դատախազությունը ունի վճռականություն, կամք եւ հետամուտ է լինելու, որ օրենքի ամենայն խստությամբ պատասխանատվության ենթարկվեն ընտրական գործընթացը խաթարելուն ուղղված օրինախախտները»,- ասել է Ա.Հովսեփյանը՝ հույս հայտնելով, որ հանրային իրազեկմանն ուղղված տեսահոլովակը կունենա նախականխիչ նշանակություն:

Բացի այդ՝ դատախազությունը ծրագրում է կազմակերպել հանրային քննարկումներ ընտրախախտումների համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության, հաղորդումների ներկայացման, գրանցման եւ դրանց քննարկման ընթացակարգերի վերաբերյալ:

Կողմերն անդրադարձել են նաեւ  հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերին՝ կարեւորելով հատկապես անդրազգային, լատենտային հանցագործությունների դեմ պայքարում ազգային կարողությունների զարգացումը: Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը ընդգծել է առանձին հանցատեսակներով փորձաքննությունները պատշաճ եւ օպերատիվ կատարելու անհրաժեշտությունը՝ նշելով մասնավորապես թմրամիջոցի  գործածման, ինչպես նաեւ դրա տեսակը պարզելու համար մարզերում համապատասխան փորձագիտական լաբորատորիաների ձեւավորման կարեւորությունը, ինչը թույլ կտա  ոչ միայն ուժեղացնել պայքարը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, այլ նաեւ բարձրացնել արդյունավետությունը:

Ինչպե՞ս ազդարարել և ո՞ւմ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am