06.02.2012 | Հ.Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին

Դատախազության որոշմամբ փոփոխվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:

Քննարկելով քրեական գործի նյութերը՝ քրեական գործի նախաքննության  նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պարզել է, որ  Հ.Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով եւ 244-րդ հոդվածով ՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս եւ Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար: 23.01.12թ. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում, իսկ 03.02.12թ. հայտնաբերվել է եւ տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը փետրվարի 6-ին որոշում է կայացրել փոփոխել Հ.Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:  Նկատի ունենալով, որ Հ.Գեւորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր՝ դատախազի գնահատմամբ նման պայմաններում բացակայում է  նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: Ուստիեւ որոշում է կայացվել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:

Որոշման պատճենն ուղարկվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին՝ Հ.Գեւորգյանին հանձնելու համար:  

Ազդարարի և փոխկապակցված անձի պաշտպանությունը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am