09.12.2011 | Սեմինար` նվիրված կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան

Այսօր  Ծաղկաձորում սկսվել է ՀՀ դատախազության և Քաղաքացիների շահերի պաշտպանության և աջակցության  հակակոռուպցիոն կենտրոնների /ՇՊԱԿ/ համատեղ կազմակերպած  «Կոռուպցիոն հանցագործությունների հատկորոշման առանձնահատկությունները և հաղորդումներ ներկայացնելու կարգը»  թեմայով սեմինար –դասընթաց` նվիրված կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան:

Սեմինարին մասնակցում են ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ դատախազության տարածքային մարմինների և ՀՀ դատախազության աշխատակազմի աշխատակիցներ,  հակակոռուպցիոն կենտրոնների և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ:  

Ողջունելով դասընթացի մասնակիցներին` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը կարեւորեց կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությունը` արձանագրելով, որ վերջին տարիներին դատախազությունը հետեւողական քայլեր է ձեռնարկում հասարակության լայն շրջանակների հետ համագործակցությունն ապահովելու իրավական մեխանիզմները ձեւավորելու ուղղությամբ:

Մասնավորապես 2010թ. հասարակական կազմակերպությունների հետ ստորագրվեց  մասնակցային համագործակցության մասին հուշագիր, իսկ  2011թ.` համագործակցության մասին հուշագիր ստորագրվեց ՇՊԱԿ-կենտրոնների հետ, եւ Ծաղկաձորում մեկնարկած սեմինարը նշված հուշագրի դրույթների գործնական կիրառման բնականոն շարունակությունն է:

Դասընթացը, որը կտեւի 2 օր, միտված է ՇՊԱԿ կենտրոնների աշխատակիցների մասնագիտական գիտելիքների վերապատրաստմանը, եւ բանախոսները հանդես կգան «Ինչպե±ս հատկորոշել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները», «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ներկայացման կարգը», «Կոռուպցիայի վերաբերյալ կրթության առանձնահատկությունները և նշանակությունը», «Կոռուպցիայի դեմ պայքարի դատավարական առանձին հիմնախնդիրներ» թեմաներով ծրագրային ելույթներով` վեր հանելով մի շարք խնդիրներ, պարզաբանելով կոնկրետ իրավիճակներում հակակոռուպցիոն կենտրոնների աշխատակիցների գործողությունների իրավական ըթացքի պահպանման նորմերը:

Ա. Դանիելյանը հույս հայտնեց, որ այս սեմինարի ընթացքում ձեռք բերված գիտելիքները ՇՊԱԿ աշխատակիցները լավագույնս կօգտագործեն քաղաքացիների շահերի պաշտպանության գործընթացում:

Միջոցառման ընթացքում ՇՊԱԿ-ների ազգային ցանցի կողմից Հրազդան քաղաքի բնակիչ Գ. Աթասյանին շնորհվեց «Տարվա քաղաքացի» մրցանակը` իր խախտված իրավունքները վերականգնելու գործում լավագույնս պայքարելու համար:

ՀՀ դատախազության և ՇՊԱԿ-ների ազգային ցանցի միջև համագործակցության զարգացման գործում զգալի ավանդ ունենալու կապակցությամբ շնորհակալագրերով պարգևատրվեցին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանը, ինչպես նաև` դատախազության և  ՇՊԱԿ աշխատակիցներ:

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527