01.07.2011 | Տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության հիմնադրման 93-ամյակին

ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում հուլիսի 1-ին տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 93-ամյակին, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվգտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, պետական եկամուտների կոմիետի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը, կառավարության անդամներ, դատաիրական եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, դատախազության վետերաններ:

Շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն արձանագրեց, որ դիմակայելով արդի բարդ մարտահրավերներին դատախազությունը տարաբնույթ գործընթացներում ելակետ է ընդունում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, պետության շահերի պաշտպանության, օրինականության և իրավակարգի ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի իր գործառույթները, որոնց կենսագործումը ժողովրդավարության և իրավական պետության սկզբունքների հիմքի վրա իր պետականությունը կառուցող երկրի յուրաքանչյուր դատախազի մասնագիտական պարտքի ու պատվի գործն է:

«Դատախազության հետևողական և նպատակասլաց աշխատանքի շնորհիվ Հայաստանը դուրս եկավ թրաֆիկինգի դեմ համաշխարհային պայքարի հատուկ վերահսկողության երկրների ցանկից: Դա վերջին տարիների մեր համակարգված ու բնականոն գործունեության արդյունքն է, և մենք շահագրգիռ իրավասու մարմինների ու քաղաքացիական հասարակության կառույցների, այդ թվում` հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների հետ համատեղ ամեն ջանք պետք է գործադրենք ձեռք բերվածը պահպանելու և ավելի ամրապնդելու ուղղությամբ: Ներկայիս առաջնահերթությունների շարքում են նաև պայքարը կոռուպցիայի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, արդի պահանջներին համահունչ միասնական քրեական քաղաքականության մշակումն ու ներդրումը, ինչպես նաև մի շարք այլ բազմաթիվ խնդիրներ ու հիմնահարցեր, որ առաջադրում են զարգացող հայկական պետականությունը և ժամանակակից հարափոփոխ աշխարհը: Այդ խնդիրների լուծումն ապահովելու համար յուրաքանչյուր դատախազի անհրաժեշտ է ոչ միայն վճռականություն ու սկզբունքայնություն, քաղաքացիական հստակ դիրքորոշում և հետևողականություն հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս, պետության շահերը և դատարանում մեղադրանքը պաշտպանելիս, այլ նաև շարունակական ինքնակատարելագործում, գիտելիքների ու մասնագիտական հմտությունների հարստացում»,- նշեց գլխավոր դատախազը՝ ավելացնելով. «Անշուշտ, դատախազն իսկապես պետության «հսկող աչքն է», սակայն ժողովրդավարական երկրում, քաղաքացիական հասարակությունում այն նաև չինովնիկների կամայականություններից, տարատեսակ հանցավոր ոտնձգություններից մարդու և քաղաքացու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանն է: Եվ այս համատեքստում մենք չափազանց կարևորում ենք դատախազության հանրային կապերը, մեզ համար մնայուն արժեք է հասարակության աջակցությունն ու վստահությունը: Ուստի այն հանգամանքը, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում դատախազության ինտերնետային կայքէջը դիտարկման ենթարկված պետական մարմինների թվում ճանաչվել է «ամենաթափանցիկը»` ինքնին խոսում է հասարակության հետ դատախազության համակարգի բաց և թափանցիկ աշխատանքի մասին»:

Մասնագիտական տոնի կապակցությամբ դատախազության մի քանի տասնյակ աշխատակից եւ վետերան արժանացան պարգեւների: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվել է Երևանի դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Հրաչյա Բադալյանը և Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Երեմյանը։ ՀՀ վարչապետն անվանական զենքով է պարգևատրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազներ Հարություն Հարությունյանը և Աշոտ Նադոյանը, ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի պետ Վաղարշակ Վարդանյանը: Մի շարք աշխատակիցներ խրախուսվել են նաև ՀՀ վարչապետի, ՀՀ գլխավոր դատախազի և այլ պետական գերատեսչությունների մեդալներով և շնորհակալագրերով։

Նախքան հանդիսավոր նիստը սկսելը՝ ծաղկեզամբյուղ դրվեց ՀՀ դատախազության հիմնադիրներից մեկի` Պետիկ Թորոսյանի հուշատախտակին:

ՀՀ գլխավոր դատախազի ելույթին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ «Ելույթներ եւ հարցազրույցներ» բաժնում՝ 

Ինչպե՞ս ազդարարել և ո՞ւմ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am