30.06.2011 | Առաջարկվել է Ադրբեջանի դատախազությանը՝ հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնել Հայաստանի դատախազության գրավոր հարցման քննարկման արդյունքների մասին

ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհուրդն Ադրբեջանի դատախազությանն առաջարկել է քննարկել ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի՝ 2010 թվականի հոկտեմբերին Բաքվում սպանվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության իրավական փոխօգնության հարցումը եւ արդյունքների մասին հայտնել Համակարգող Խորհրդին եւ ՀՀ գլխավոր դատախազությանը:

Հիշեցնենք, որ 2010թ. նոյեմբերի 4-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան է վերադարձվել 2010թ. հոկտեմբերին Բաքու քաղաքում սպանված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մանվել Մամիկոնի Սարիբեկյանի դիակը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ճամբարակի քննչական բաժնում 2010թ. նոյեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 5-րդ եւ 13-րդ կետերով (առանձին դաժանությամբ եւ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով կատարված սպանություն): Սույն քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությանը:

Քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը եւ լրիվությունն ապահովելու համար, առաջնորդվելով 22.01.1993թ. կնքված «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության մասին» Մինսկի կոնվենցիայով՝ ՀՀ Գլխավոր դատախազը 2010թ. դեկտեմբերի 14-ի գրությամբ դիմել է Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ պարոն Զակիր Գարալովին` վերը նշված քրեական գործի քննությանն աջակցելու ակնկալիքով: Մասնավորապես խնդրել է հայտնել, թե արդյոք Ադրբեջանի քննչական մարմինների կողմից կատարվում է քննություն Սարիբեկյան Մ.Մ. բռնի մահվան դեպքի առթիվ, եթե՝ այո, ապա ուղարկել քրեական գործը կամ քրեական գործի նյութերը: ՀՀ Գլխավոր դատախազությունը երաշխավորել է նաեւ, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից ստացված նյութերը կամ փաստաթղթերը օգտագործվելու են միայն քննության նպատակներով:

Ադրբեջանի դատախազությունը չի արձագանքել ՀՀ գլխավոր դատախազության գրավոր հարցմանը: Նկատի ունենալով, որ հարցման պատասխանը էական նշանակություն ունի քրեական գործով նախաքննությանն լրիվությունը ապահովելու համար ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2011 թվականի ապրիլի 5-ին նամակով դիմել էր նաև ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ խնդրելով աջակցել գրության պատասխան ստանալուն:

Համակարգող խորհուրդն արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազի գրությանը եւ առաջարկել Ադրբեջանի դատախազությանը քննարկել կոնկրետ քրեական գործով իրավական փոխօգնության վերաբերյալ Հայաստանի գլխավոր դատախազության հարցումը եւ արդյունքների մասին տեղեկացնել ինչպես համակարգող խորհրդին, այնպես էլ Հայաստանի գլխավոր դատախազությանը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում: 

Ինչպե՞ս ազդարարել և ո՞ւմ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am