29.06.2011 | Դրական է գնահատվել պատժողական քաղաքականությունը

Գլխավոր դատախազության վերջին տարիներին ցուցաբերած հետևողական աշխատանքի, մասնավորապես հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողության արդյունքում Հայաստանը դուրս է եկել ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցներում նշվող թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ վերահսկողության երկրների 3-րդ խմբի ցանկից և տեղափոխել 2-րդ խումբ: Այլ խոսքով՝ Հայաստանն այլեւս չի դիտարկվում որպես թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ վերահսկողության երկիր:

Սույն հանցատեսակի դեմ պայքարում Հայաստանի կառավարության ցուցաբերած կամքի, քրեական գործերով նախաքննության բազմակողմանիությունն ու ամբողջականությունը, մեղավոր անձանց արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ մասնավորապես դատախազության՝ որպես քրեաիրավական քաղաքականություն իրականացնող մարմնի ձեռնարկած քայլերը դրական են գնահատվել եւ ողջունվել ինչպես հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, այնպես էլ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից: ԱՄՆ պետքարտուղարությունը՝ մարդկանց թրաֆիքինգի մասին 2010 թվականի տարեկան զեկույցում՝ արձանագրելով, որ թեեւ այս հանցատեսակի դեմ պայքարում ձեռնարկվող քայլերը լիարժեք բավարար չեն, սակայն քրեական հետապնդման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին նկատվում է առաջընթաց եւ որ Հայաստանի Կառավարությունը շարունակել է ապահովել, որ թրաֆիքինգ իրականացնելու համար դատապարտվածները համարժեք պատիժ ստանան և այդ պատիժը կիրառվի:

«Զեկույցի ժամանակահատվածում Հայաստանի կառավարության կողմից թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված իրավապահ ոլորտի աշխատանքներում գրանցվել է որոշ առաջընթաց: Հայաստանի քրեական օրենսգրքի 132 և 132-2 հոդվածներով արգելվում է մարդկանց թրաֆիքինգը թե հարկադիր աշխատանքի, թե կոմերցիոն սեռական շահագործման նպատակով և դրա համար նախատեսվում է 5-ից 15 տարվա ազատազրկում, ինչը բավարար խստության և համարժեք պատիժ է այնպիսի ծանր հանցանքների համար, ինչպիսին է բռնաբարությունը: 2011թ. մարտին քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով Հայաստանի հակաթրաֆիքինգային օրենսդրությունն առավել ամրապնդվել է. կատարված փոփոխություններով ավելացվել է պատիժը կրելու այն ժամանակահատվածը, որից հետո թրաֆիքինգ իրականացրած դատապարտյալն իրավասու է վաղաժամկետ ազատ արձակման, ներառվել է առանձին հոդված, որով արգելվում է երեխաների ու հոգեկան խանգարումներ ունեցող անձանց թրաֆիքինգը և նախատեսվել են նոր պատժամիջոցներ թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ, որի համաձայն վերջիններս զրկվում են որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից մինչև երեք տարի ժամկետով: 2010թ. կառավարությունը հետաքննել է սեռական թրաֆիքինգի 15 գործ, իսկ աշխատանքային թրաֆիքինգի գործեր չեն քննվել (2009թ. քննվել է սեռական թրաֆիքինգի 9-ը, իսկ աշխատանքային թրաֆիքինգի 6 գործ): 2010թ. ընթացքում Հայաստանի դատարաններում սեռական թրաֆիքինգի մեղադրանքով ներկայացվել 4 նոր գործ ընդդեմ 6 հոգու, իսկ աշխատանքային թրաֆիքինգի մեղադրանքով գործեր չեն եղել: Դատարաններում լսվել են նաև նախորդ տարում հարուցված գործեր ընդդեմ 9-ը մեղադրյալների: 2010թ. թրաֆիքինգի իրականացման համար դատապարտվել է 5 հոգի, որից 4-ը` սեռական թրաֆիքինգի, իսկ 1-ը` աշխատանքային թրաֆիքինգի համար, մինչդեռ 2009թ. դատապարտումների թիվը կազմում էր 11: Դատապարտված 5 անձանց նշանակվել է պատիժ` 3-ից 9 տարվա ազատազրկում. ոչ մեկի նկատմամբ պայմանական ազատազրկում չի կիրառվել և թրաֆիքինգի համար դատապարտված ոչ մի անձ 2010թ. ընթացքում վաղաժամկետ ազատ չի արձակվել: Հայաստանի կառավարությունը պահպանել է գործընկերությունը հակաթրաֆիքինգային հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա կառավարությունների հետ` իրականացնելու հակաթրաֆիքինգային ուսուցում հարյուրավոր պաշտոնյաների, այդ թվում` ոստիկանների, սահմանապահների և դատական համակարգի ներկայացուցիչների համար», - արձանագրված է ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում:

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ քրեական հետապնդում հարուցող մարմինը ՀՀ դատախազությունն է եւ ակնհայտ է, որ քրեական հետապնդման ոլորտում պետքարտուղարության արձանագրված առաջընթացը պայմանավորված է նաեւ հենց քրեական քաղաքականություն իրականացնող մարմնի աշխատանքի արդյունավետությամբ: Հետեւապես, երեւակայությունը որպես իրականություն ներկայացնելու մղումով, լրատվամիջոցներից մեկը ներկայացրել է, թե «ԱՄՆ-ն դժգոհ է գլխավոր դատախազության աշխատանքից եւ համարում է, որ ամերիկյան օժանդակությունն օգտագործվում է ոչ արդյունավետ»: Եւ թե, իբր, պետդեպարտամենտի զեկույցը «առաջ է քաշում» գլխավոր դատախազի աշխատանքային արդյունավետության հարցը: Անշուշտ մեծ երեւակայություն է պետք ունենալ պետքարտուղարության տարեկան զեկույցից նման հետեւության հանգելու համար, քանզի ոչ միայն նշված զեկույցում այլ նաեւ ԱՄՆ տարբեր պաշտոնատար անձինք, դիվանագետներ բազմիցս նշել են դատախազության դրական դերակատարումը թրաֆիքինգի դեմ պայքարում: Մասնավորապես ԱՄՆ ժողովորդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ 2011 թվականի հունիսի 13-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ փաստել էր, որ Հայաստանն իրոք լուրջ քայլեր է կատարել եւ կատարում թրաֆիքինգի դեմ պայքարում, որի արդյունքում էլ դուրս է եկել հատուկ վերահսկողության երկրների ցանկից, իսկ ավելի վաղ՝ գարնանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ արձանագրելով վերջին տարիներին թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ դատական կարգով հետապնդումների մասով առաջընթացը. «2005-2006 թթ. համեմատ, երբ թրաֆիքինգ իրականացնողները հազվադեպ էին դատապարտվում, վերջին մի քանի տարիներին եւ ոչ մի թրաֆիքինգ իրականացնող չի խուսափել խիստ եւ համարժեք պատժից, ընդ որում որոշները դատապարտվել են ընդհուպ մինչեւ 13 տարվա ազատազրկման: Ի հավելումն, վերջերս խորհրդարանն ընդունեց քրեական օրենսգրքի նոր փոփոխությունները, որոնք խստացնում են անչափահասների թրաֆիքինգի հետ կապված հակաթրաֆիքինգային հոդվածները»:

Դատախազությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում թրաֆիքինգի դեմ պայքարում քրեական հետապնդման որդեգրված քաղաքականությանը տրված դրական գնահատականի, ինչպես նաեւ բարձրացրած հարցադրումների, մտահոգությունների համար, եւ եւս մեկ անգամ փաստում, որ դատախազությունը հետեւողականորեն շարունակելու է պատժողական խիստ քաղաքականությունը եւ իրեն վերապահված գործառույթների շրջանակներում պատշաճ հսկողության իրականացումը նախաքննության օրինականության նկատմամբ՝ համագործակցելով խնդրով մտահոգ բոլոր հասարակական եւ միջազգային կազմակերպությունների հետ:

ՀՀ գլխավոր դատախազության ինտերնետային էջում կարող եք ծանոթանալ թրաֆիքինգի դեմ պայքարում դատախազության ձեռնարկած քայլերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը: 

Ինչպե՞ս ազդարարել և ո՞ւմ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am