09.06.2011 | Նուբարաշենի բնակիչների` խմելու ջրից թունավորվելու դեպքի առթիվ հրավիրվել է օպերատիվ խորհրդակցություն

ՀՀ գլխավոր դատախազի մոտ հրավիրվել է օպերատիվ խորհրդակցություն` Երեւան քաղաքի  Նուբարաշեն թաղամասի բնակիչների` խմելու ջրից թունավորվելու դեպքի հանրային վտանգավորությունը, դեպքի առթիվ հարուցված քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովման, բոլոր հնարավոր վարկածներով քննություն կատարելու, դեպքը ծնող պատճառների և դրան նպաստող պայմանների բացահայտման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ` մեղավոր անձանց ու կազմակերպությունների շրջանակը պարզելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գ. Համբարձումյանը,  ՀՀ գլխավոր դատախազության վարչությունների պետեր և դատախազներ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազը, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի պետ Հ. Բաղդասարյանը, նույն բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Բ.Եղիազարյանը, ՀՀ ԱՆ «ՀՎԿԿ» ՓԲԸ-ի սանիտարահիգիենիկ ստորաբաժանման վարիչ Ս. Կարապետյանը և «Երեւան ջուր» ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի պետ Գ. Մկրտչյանը:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է քրեական գործով իրականացված նախաքննության վիճակը, նշվել է,  որ քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ դատավարական գործողություններ. հարցաքննվել են բոլոր տուժողներն ու բազմաթիվ վկաներ, որոնք իրենց ցուցմունքներում նշել են, որ 2011թ. հունիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում,  Նուբարաշենի թիվ 11 փողոցի տարածքում գտնվող շենքերի` իրենց բնակարաններում ջրամատակարարումը բացակայելու կամ ջրի ճնշումը թույլ լինելու պատճառով օգտվել են 3-րդ և 16-րդ շենքերի բակերում տեղակայված ցայտաղբյուրներից: 

Այդ ցայտաղբյուրներից վերցված եւ պահեստավորված ջրերի նմուշներով նշանակվել են փորձաքննություններ, որոնք կատարման ընթացքում են: Գործի քննությամբ պարզվել է նաեւ, որ կան տուժած երեխաներ, որոնք ջուր չեն խմել, սակայն ծնողները նրանց լողացրել են, ինչպես նաեւ կան մարդիկ, ովքեր չեն դիմել բուժօգնության կամ դիմել են ապահովության համար, եւ թունավորման փաստը հերքվելուց հետո գնացել են տուն:   

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Նուբարաշենի թիվ 11 փողոցի 16-րդ շենքի հարակից տարածքում գտնվող ներքին ցանցի խմելու ջրի ջրատար խողովակներից ջրի արտահոսք է եղել, որտեղ հողատարածքը մոտ 1 տարի է խոնավ է: Նշված տեղում  ջրատար խողովակներն առգրավվել են` հետագա հետազոտման համար:

Բացի այդ, քրեական գործի նախաքննությամբ կատարվել են նաեւ դատավարական այլ գործողություններ` հանցագործությունը վերջնական բացահայտելու ու հանցագործության կատարման մեջ մեղավոր անձանց անհատականացնելու համար:

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը, ամփոփելով խորհրդակցությունը, կարեւորեց քննությամբ  առաջ քաշված, ինչպես նաեւ` մասնակիցների զեկույցներում նշված բոլոր հնարավոր վարկածներով լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելու, ինչպես նաեւ` դեպքը ծնող պատճառների եւ դրան նպաստող պայմանների բացահայտման անհրաժեշտությունը,  հիշյալ հարաբերությունները կարգավորող համապատասխան իրավական ակտերի պահանջների ուսումնասիրությունն ու առանձնացումը` հատկապես ջրմուղի ծառայությունների կողմից բնակչությանը տեղյակ պահելու եւ մյուս կանխարգելիչ միջոցառումների առումով: 

Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարեց տեղանքի բոլոր հնարավոր հատվածներից վերցնել փորձանմուշներ եւ ուղարկել համապատասխան փորձաքննության, ընդ որում` յուրաքանչյուր տեղից վերցնել երկու փորձանմուշ, որից մեկը համապատասխան պայմաններում պահել:  

Խորհրդակցության արդյունքում. որոշվեց ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները` վերը նշված թունավորման դեպքի  կատարման մեջ մեղավոր անձանց անհատականացնելու եւ նրանց գործողություններին համապատասխան իրավական գնահատական տալու ուղղությամբ, ինչպես նաեւ` պարզել դեպքի կատարմանը նպաստող հանգամանքները եւ այդ կապակցությամբ ձեռնարկել օրենքով նախատեսված համարժեք միջոցներ:
 

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am