06.06.2011 | Հարուցվել է քրեական գործ` Նուբարաշենի բնակիչների` խմելու ջրից թունավորվելու դեպքի առթիվ

Երեւան քաղաքի  Նուբարաշեն թաղամասի բնակիչների` խմելու ջրից թունավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի հատկանիշներով:

 ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի ցուցումով` 2011թ. հունիսի 4-ին` ժամը 12:00-ին, «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցից ստացված ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցված քրեական գործով պարզվել է, որ  2011թ. հունիսի 3-ին` ժամը 19:00-ից մինչեւ 2011թ. հունիսի 4-ի 11:00-ն ընկած ժամանակահատվածում «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոց են տեղափոխվել Երեւան քաղաքի Նուբարաշեն 11 փողոցի թվով 25 բնակիչներ:

Նյութերի ուսումնասիրությամբ, նախնական տվյալների համաձայն պարզվել է, որ աղիքային ինֆեկցիայի պատճառ է հանդիսացել խմելու ջուրը: Մասնավորապես` Ազատ գետի վարարելու հետեւանքով  2011թ. մայիսի 31-ի գիշերվանից սկսած չի գործել «Գառնի» պոմպակայանը, որի պատճառով ջրատարում ջրի ճնշումը նվազել է: Արդյունքում` Նուբարաշեն թաղամասի շենքերը ջրազրկվել են կամ էլ ունեցել են թույլ ճնշմամբ ջուր: Նուբարաշեն թաղամասի  11-րդ եւ 9-րդ փողոցների հատման կետում հայտնաբերվել է  վնասված հատված, որի պատճառով նշված փողոցի ջրամատակարարումը դադարեցվել է: 

Հարուցված քրեական գործով իրականացվել են առաջնահերթ քննչական գործողություններ, առգրավվել է վնասված ջրատար խողովակաշարի նմուշներ: Քաղաքացիներից վերցվել են տարբեր ժամանակահատվածներում հավաքած ջրի նմուշներ և նշանակվել է սանիտարահիգիենիկ փորձաքննություն: Հիվանդանոց դիմած շուրջ 54 քաղաքացիների նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ներգրավվել են համապատասխան մասնագետներ, hարցաքննվել  է 44 մարդ:  

Նախաքննությունը շարունակվում է և փորձագիտական եզրակացությունները ստանալուց հետո կկայացվեն համապատասխան որոշումներ, որոնց մասին լրացուցիչ կիրազեկվի հանրությանը:

Ինչպե՞ս ազդարարել և ո՞ւմ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am