31.05.2011 | Մեղադրվում են ոստիկանության բաժնի պետի տեղակալը և այլ պաշտոնատար անձինք

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է  2011 թվականի մարտի 25-ին ՀՀ ոստիկանության` Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի, տեղամասային ավագ տեսուչի եւ դատաբժշկի կողմից  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութության, կեղծ եզրակացություն տալու և քաղաքացիների կողմից ապօրինի զենք, ռազմամթերք կրելու, պահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է հետևյալը.
 2010թ. հուլիսի 4-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակիչ, մեղադրյալ Ա. Հայրապետյանը զանգահարել է համաքաղաքացի, տուժող Ա. Խաչատրյանին և իրենց միջև առաջացած որոշ տարաձայնություններ պարզաբանելու նպատակով հրավիրել  հանդիպման` նախապես զանգահարելով և կանչելով նաև եղբորը` մեղադրյալ Կ. Հայրապետյանին:  Հանդիպման ընթացքում Ա. Խաչատրյանի ու Ա. Հայրապետյանի զրույցը վեր է ածվել վիճաբանության, քաշքշոցի ու ծեծկռտուքի, որի ընթացքում Ա. Հայրապետյանն իր մոտ ապօրինի պահվող «VOLTRAN» տեսակի գազային ատրճանակով 2-3 անգամ կրակել է օդ, ապա դրանով հարվածել Ա. Խաչատրյանի գլխի և քթի շրջաններին` պատճառելով առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով, իսկ Կ. Հայրապետյանը, իր «Ռենո» մակնիշի ավտոմեքենայից վերցնելով ապօրինի ձեռք բերված և պահված, հրազեն հանդիսացող ԱԿՄ տեսակի ինքնաձիգը, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ կրակել է Ա. Խաչատրյանի ոտքին` պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածք: 

ՀՀ ոստիկանության` Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, մեղադրյալ Կ. Ներսիսյանը, 2010թ. հուլիսի 5-ին բաժնի պատասխանատու հերթապահից հաղորդում է ստացել այն մասին, որ հուլիսի 4-ին բուժօգնություն ստանալու նպատակով Աղիտու գյուղի զինվորական հոսպիտալ է դիմել Սիսիան քաղաքի բնակիչ Ա. Խաչատրյանը, ով մարմնական վնասվածքներն ստացել է վայր ընկնելու հետևանքով և հետաքննության իրականացումը հանձնարարել է ՀՀ ոստիկանության` Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ, մեղադրյալ Հ. Արսենյանին:

Հաջորդ օրը` հուլիսի 6-ին, նույն բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր, վկա Վ. Ծատուրյանից տեղեկանալով, որ հիշյալ քաղաքացին մարմնական վնասվածքներն ստացել է ոչ թե վայր ընկնելու, այլ նույն քաղաքի բնակիչ Ա. Հայրապետյանի կողմից երկաթյա ձողով հարվածելու հետևանքով` այդ մասին զեկուցագիր է ներկայացրել Կ. Ներսիսյանին: Վերջինս իր մոտ է հրավիրել Ա. Հայրապետյանին, ով բանավոր հարցման ընթացքում դեպքի փաստական հանգամանքները` եղբոր` Կ. Հայրապետյանի կողմից հրազենի գործադրմամբ պատճառված մարմնական վնասվածքը և միջադեպի մասնակիցների շրջանակը թաքցնելով, ներկայացրել է իբրև երկաթյա ձողով պատճառված վնասվածք, ապա դիմել է գործին ընթացք չտալու խնդրանքով: 

Կ. Ներսիսյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով ու ծառայողական պարտականությունները չկատարելով,  առանց հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ որևէ միջոցառում ձեռնարկելու, ստացված օպերատիվ հաղորդումն ստուգելու և քննարկելու, իր մոտ է հրավիրել նույն բաժնի պրոֆիլակտիկայի ավագ տեղամասային տեսուչ Հ. Արսենյանին ու հանձնարարել բացատրություն վերցնել Ա. Հայրապետյանից` ուղղորդելով վերջինիս ներկայացրածն ընդունել որպես օբյեկտիվ ճշմարտություն: Այդ մասին բացատրություն վերցնելուց հետո, Կ. Ներսիսյանի և Հ. Արսենյանի պահանջով միջադեպի ընթացքում օգտագործված «VOLTRAN» տեսակի ատրճանակն ու 9 մմ տրամաչափի մեկ ձայնային փամփուշտը Ա. Հայրապետյանը ներկայացրել է ոստիկանության բաժին, սակայն ներկայացված ապօրինի գազային ատրճանակն արձանագրվել է որպես կամովին հանձնում:

Նույն օրը Հ. Արսենյանը որոշում է կայացրել Ա. Խաչատրյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու մասին, որի կատարումը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի` Սիսիանի տարածքի դատաբժշկական փորձագետ, մեղադրյալ Ս. Հայրապետյանին:

Վերջինս դատաբժշկական փորձաքննության է ենթարկել Ա. Խաչատրյանին և գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցով վերջինիս պատճառված մարմնական վնասվածքը խեղաթյուրել է` նշելով` իբր մարմնական վնասվածքը պատճառվել է հարթ եզր ունեցող կոշտ, բութ առարկայով` դա ներկայացնելով որպես արհեստական ապացույց, ապա այդ կապակցությամբ 2010թ. հուլիսի 7-ին կազմել և տվել է թիվ 115 ակնհայտ կեղծ եզրակացությունը: 

Հ. Արսենյանը, իր ծառայական պարտականությունները ոչ պատշաճ կատարելով ու կոպիտ կերպով խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի պահանջները, հանցագործության և դրանք կատարող անձանց բացահայտելու ուղղությամբ քրեադատավարական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ չի ձեռնարկել, տուժողի հագուստները չի առգրավել և չի ներկայացրել համապատասխան փորձաքննության: Ինչպես նաև քրեադատավարական միջոցառումներ չի ձեռնարկել հրազենի առկայության և դրա գործադրման փաստը հայտնաբերելու ուղղությամբ, ապա հետաքննությունը համարելով ավարտված` 2010թ. հուլիսի 28-ին որոշում է կայացրել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որի արդյունքում ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու և դրա գործադրմամբ մարմնական վնասվածք պատճառելու համար Կ. Հայրապետյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից: 

Այնուհետև` դեպքին հաջորդող օրերին, Կ. Ներսիսյանը, տարբեր բնույթի խոսակցություններ լսելով այն մասին, որ միջադեպի ընթացքում օգտագործվել է հրազեն, 2010թ. օգոստոսին Ա. Հայրապետյանից պահանջել է այն ներկայացնել: 2010թ. սեպտեմբերի 15-ին որոշում է կայացրել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հրազենը կամովին հանձնելու և հանցագործությունը մինչև վերջ հասցնելուց հրաժարվելու հիմքով:  
  


Նախաքննական մարմինը Կ. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, Հ. Արսենյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով,   Ս. Հայրապետյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Ա. Հայրապետյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով,  Կ. Հայրապետյանին` ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:  
Քրեական գործը ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
 

Ինչպե՞ս ազդարարել և ո՞ւմ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am