11.05.2011 | Քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերով միայն 2 քրեական գործով 6 ոստիկան են դատապարտվել

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2011 թվականի մայիսի 11-ին ընդունեց Եվրոպայի խորհրդի` մարդու իրավունքների և իրավական բարեփոխումների վարչության պետ Հանա Ջունքերին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Թամազյանը, Արմեն Դանիելյանը, Եվրոպայի խորհրդի և ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներ:

Հանդիպման ընթացքում Ա. Հովսեփյանը տիկին Հ. Ջունքերին մանրակրկիտ ներկայացրեց ՀՀ դատախազության համակարգում տեղի ունեցած բարեփոխումները, դատախազությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ կատարված աշխատանքները: ՀՀ գլխավոր դատախազը նշեց նաև, որ դիմել է  ԵԱՀԿ երևանյան գրասենյակին` եվրոպացի փորձագետների կողմից դատախազության լիազորությունների և գործառույթների վերաբերյալ մոնիտորինգ կատարելու խնդրանքով` պարզելու համար, թե որքանով է այսօր ՀՀ դատախազական համակարգը համահունչ միջազգային չափանիշներին, ինչպիսի բարեփոխումների կարիք դեռևս կան:

Տիկին Հ. Ջունքերը նշեց, որ ողջունելի է նման մեծածավալ աշխատանքների կատարումը` հատկապես «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով քննության օրինականության հսկողության նկատմամբ դատախազների մասնագիտական վերապատրաստումների դասընթացների կազմակերպման համար: Տիկին Ջունքերը հետաքրքրվեց նաև թե ինչպիսի օրենսդրական դաշտ և գործնական փորձ է առկա խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեպքերով:

Ա. Հովսեփյանը տիկին Հ. Ջունքերին հանգամանորեն ներկայացրեց  ձերբակալման պահից մինչև դատական վախճան ընկած դատավարական ընթացքում գործող օրենսդրական մեխանիզմները, գործող կարգը, որը կոչված է հնարավորինս ապահովելու անազատության մեջ գտնվող մարդու, քաղաքացու իրավունքները: Մասնավորապես` համաձայն գործող կարգի, ինչպես նշեց ՀՀ գլխավոր դատախազը, երբ քաղաքացին բերման է ենթարկվում  ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր, հենց տեղում ենթարկվում է բժշկական զննման: 

«Եթե առկա են բռնության հետքեր, մարմնական վնասվածքներ, -ասաց Ա. Հովսեփյանը,-ապա դրանք անմիջապես տեղում ստուգվում են, պարզվում են դրանց պատճառման հիմքերը: Եթե քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվում է կալանքը և քաղաքացուն տեղափոխում են մեկուսարան, ապա մեկուսարանում կրկին կալանավորվածը ենթարկվում է բուժզննման: Մարմնական վնասվածքների հայտնաբերման դեպքում կրկին նախապատրաստվում են նյութեր` պարզելու դրանց ստացման հիմքերը»:

ՀՀ գլխավոր դատախազը շեշտեց, որ մարմնական վնասվածքների, խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեպքերի բացահայտումը նախաքննական փուլում առաջին իսկ հերթին ձեռնտու է դատախազությանը, քանզի դրանց ուղղությամբ կատարված քննությունը, ուսումնասիրությունը, ստուգումները միմիայն ամրապնդում են մեղադրանքի պաշտպանությունը և հիմնավորվածությունը: Ա. Հովսեփյանը շեշտեց նաև, որ ցուցում է տրված բոլոր դատախազներին, որ դատարաններում, դատաքննության ժամանակ, ամբաստանյալի կողմից իր նկատմամբ կիրառված բռնության, խոշտանգման դեպքերով հնչած յուրաքանչյուր հայտարարություն դարձնեն քննության առարկա:

Ա. Հովսեփյանը մասնավորապես շեշտեց, որ նախորդ տարիների համեմատությամբ այժմ բավականին շատ են դեպքերը, երբ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի մեղադրանքներով դատապարտվել են իրավապահ համակարգի աշխատակիցներ: «Եղել են դեպքեր,- նշեց Ա. Հովսեփյանը,- երբ գործեր են հարուցվել քաղաքացիների նկատմամբ` ոստիկանության աշխատակիցների  նկատմամբ բռնություն գործածելու դեպքերով, սակայն իմ ցուցումով, երբ այդ գործերի նախաքննությունը իրականացրել է Հատուկ քննչական ծառայությունը, պարզվել է ուղիղ հակառակ իրավիճակը: 

Ոստիկանները իրենք են բռնություն գործադրել քաղաքացիների նկատմամբ և որպեսզի կոծկեն իրենց ապօրինությունները, գործ են հարուցել քաղաքացիների նկատմամբ: Միայն 2 այդպիսի քրեական գործով 6 ոստիկան են դատապարտվել»:
Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և բովանդակալից քննարկման համար:

Ինչպե՞ս ազդարարել և ո՞ւմ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am