20.01.2011 | ՀՀ գլխավոր դատախազը հանդիպեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ  արվեց Երեւան քաղաքում 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների և 10 անձանց մահվան  կապակցությամբ հարուցված քրեական գործի  նախաքննության արդյունքներին: 
ՀՀ գլխավոր դատախազը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին մանրամասն ներկայացրեց  2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ 10 անձանց մահվան դեպքերի բացահայտման ուղղությամբ նախաքննական մարմնի կատարած աշխատանքները: 

Ա. Հովսեփյանը նախևառաջ շնորհակալություն հայտնեց պարոն Թ. Համմարբերգին՝ նախաքննական մարմնին ցուցաբերած առարկայական օգնության, այն է` Իռլանդիայից մասնագետի ծառայությունների առաջարկման համար: Գլխավոր դատախազը կարևորեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի երաշխավորած մասնագետի կատարած աշխատանքը, և հույս հայտնեց, որ նաև պարոն Թ. Համմարբերգի հեղինակությունը կնպաստի հասարակության մեջ վստահության ամրապնդմանը՝ փորձագիտական եզրակացության նկատմամբ: 

Ա. Հովսեփյանը մասնավորապես նշեց, որ թե մարդու իրավունքների հանձնակատարի երաշխավորած մասնագետի, թե ՌԴ ուղարկված փորձաքննության եզրակացություններով պարզվել է, որ «Չերյոմուխա-7» գազային նռնակի կրակված փամփուշտի նույնականացում տեխնիկապես,  փորձաքննությունների գործող մեթոդոլոգիան հնարավորություն չի տալիս:

Գլխավոր դատախազը պարոն Համմարբերգին ներկայացրեց նաև  ոստիկանության զորքերի մատյաններում հաշվառված զենքերի փորձաքննության ուղղությամբ կատարված աշխատանքները, որ հետազոտվել և  փորձաքննության են ուղարկվել ոչ միայն մատյաններում հաշվառված, այլ նաև՝ պահեստներում գտնվող բոլոր զենքերը: Ըստ փորձաքննության արդյունքների՝ ոստիկանության զենքերի հաշվեկշռում չկան  զենքեր, որոցից  արձակվել են այդ գնդակները: Ա. Հովսեփյանը նաև նշեց, որ մարտի 1-2-ին զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած անձանց մարմիններից հայտնաբերված գնդակները պահպանվում են և ցանկացած ժամանակ, եթե որևէ փորձագետ ցանկություն ունենա կրկնակի փորձաքննություն անցկացնելու, ապա սիրահոժար կտրամադրվեն դրանք:

Գլխավոր դատախազը նշեց նաև, որ նախաքննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ու լրիվությունն ապահովելու, զանգվածային անկարգությունների ժամանակ արձանագրված մահվան եւ մարմնական վնասվածքներ ստանալու, կասկածյալի եւ մեղադրյալի ինչպես մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ արդարացնող, նրանց պատասխանատվությունը ծանրացնող եւ մեղմացնող հանգամանքները պարզելու նպատակով ցուցում է տրվել  նախաքննությունն իրականացնող քննչական խմբի ղեկավարին` հատուկ քննության առարկա դարձնել նաեւ ոստիկանության գործողությունների օրինականության հարցը եւ իրավական գնահատական տալ  ինչպես ընդհանրապես ոստիկանության, այնպես էլ առանձին ոստիկանների գործողությունների օրինականությանը: Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ պաշտոնեական լիազորություններն անցնելու  համար դատի են տրվել 4 ոստիկաններ:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թ. Համմարբերգը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և հույս հայտնեց, որ կարվի բավարար աշխատանք՝ մարտի 1-ի 10 մահվան դեպքերի հնարավորինս բացահայտելու վերաբերյալ: 
Ա. Հովսեփյանը, հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնելով պարոն Թ. Համմարբերգին, նշեց, որ 2008թ. մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների ժամանակ 10 մահվան դեպքերի  բացահայտման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են կատարվել և  նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ գլխավոր դատախազն ամփոփել է Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի արդյունքները

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527