20.12.2010 | Գործարկվել է ՀՀ գլխավոր դատախազության ինտերնետային էջի «Սումգայիթ» բաժինը

Գործարկվել է ՀՀ գլխավոր դատախազության ինտերնետային էջի «Սումգայիթ» բաժինը (www.prosecutor.am/ru/az/Сумгаит), որտեղ կարող եք ծանոթանալ 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում և 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղում  հայերի նկատմամբ  իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերին:

Մասնավորապես կայքում տեղադրվել են ականատեսների, տուժողների, նրանց հարազատների եւ իրավահաջորդների վկայությունները, իրեղեն ապացույց ճանաչված լուսանկարներ ու փաստաթղթեր, սպանվածների, առեւանգվածների եւ անհայտ կորածների ցուցակները: Ինտերնետային էջում հրապարակվել են նաեւ այն անձանց, նրանց թվում Ադրբեջանի իրավապահ մարմինների աշխատակիցների ցուցակները, ովքեր մեղադրվում են  հայկական գյուղերում հայերի բնաջնջման քաղաքականությանը մասնակցելու, հայերի նկատմամբ իրականացված վայրագություններն  անմիջականորեն իրագործելու մեջ եւ գտնվում են հետախուզման մեջ:

Էջում տեղակայված տեղեկատվությունը  հնարավորինս կանոնակարգվել է` շնորհիվ ստեղծված ենթախորագրերի՝ հաշվի առնելով մարդկության դեմ հանցագործության տեսակները եւ աշխարհագրությունը: «Սումգայիթ» էջն ունի 4 բաժին՝ իր  ենթաբաժիններով՝ ըստ կատարված հանցագործությունների տեսակների եւ վարչական տարածքների: Մասնավորապես՝ «Սումգայիթ» բաժնում կարող եք ծանոթանալ հայերի սպանությունների, բռնաբարությունների, կիրառված բռնությունների եւ հափշտակությունների վերաբերյալ ականատեսների վկայություններին, տուժածների եւ իրավահաջորդների ցուցմունքներին, «Փաստաթղթեր» բաժնում՝ քրեական գործի նյութերն ամփոփող արդեն իսկ գաղտնազերծված տեղեկանքներին: «Լեռնային Ղարաբաղ» բաժնում՝ քրեական գործի նյութերը տեղադրվել են ըստ վարչատարածքային միավորների, իսկ «Գետաշենում»՝ տուժածների եւ վկաների ցուցմունքները:

Կարծում ենք մշակված կառուցվածքը ավելի դյուրին կդարձնի տեղեկատվություն ստանալու գործընթացը: 
1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում և 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղում  հայերի նկատմամբ  իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերի հիման վրա  էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքներն սկսվել էին մոտ մեկ տարի առաջ՝  2009թ. սեպտեմբերին, եւ իրենց մեջ ներառում են մի քանի հազար փաստաթուղթ:

Էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքներն իրականացվել են «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ, որին աջակցել են նաեւ մի շարք կամավորներ, իսկ ինտերնետային էջի մշակումն իրականացրել է ծրագրավորող Արամ Մխիթարյանը:

Կայքէջի տեղեկատվությունը պարբերաբար կհամալրվի քրեական գործերի նյութերով, փաստաթղթերով, ինչպես նաեւ բաժիններով: Մասնավորապես էջում առաջիկայում կավելանա «Բաքու» բաժինը, որտեղ կտեղադրվեն Բաքվից գաղթած հայ փախստականների դիմումներն ու վկայությունները՝ Ադրբեջանի մայրաքաղաքում՝ Բաքվում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների վերաբերյալ:

Հարկ է նշել, որ  վկայություններն ու ցուցմունքները տեղադրված են մասնակի կրճատումներով: Համաձայն քրեական գործերի  նյութերի` հայերի նկատմամբ իրականացված ջարդերը կրել են կազմակերպված բնույթ՝ այդ թվում  Ադրբեջանի  իրավապահ մարմինների աշխատակիցների անմիջական մասնակցությամբ՝ նախազգուշացնելով տեղի ազգաբնակչությանը չպատսպարել եւ չթաքցնել ազգությամբ հայ հարեւաններին՝ սպառնալով հակառակ պարագայում վրեժխնդիր լինել:  Նկատի ունենալով, որ ըստ վկայությունների, առանձին դեպքերում հայերին հաջողվել է փրկվել ադրբեջանցի կամ ռուս հարեւանների շնորհիվ եւ օգնությամբ, չեն հրապարակվում Ադրբեջանում բռնությունների ենթարկված  հայերի կոնկրետ հասցեները եւ նրանց օգնության ձեռք մեկնած ադրբեջանցիների  անունները՝ վերջիններիս անվտանգությունից ելնելով:
Կարծում ենք արխիվային այս նյութերը օգտակար կլինեն ինչպես պատմագիրների, այնպես էլ քաղաքական գործիչների եւ ընդհանրապես հասարակության լայն շրջանակների համար, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա ճիշտ ըմբռնել եւ գնահատել պատմական իրադարձությունները:

Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կսահմանվի իրավաբանների օրհնության օր

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am