19.11.2010 | Կուսումնասիրեն եւ կներկայացնեն փորձագիտական եզրակացություն

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ փորձագետ, պրոֆեսոր Լեոնիդ Գոլովկոն, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ օրենքի գերակայության բաժնի ղեկավարի տեղակալ Վասիլի Վաշչանկան:

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարին՝ խնդրանքին արձագանքելու եւ Հայաստանի դատախազության համակարգում իրականացված բարեփոխումներն ուսումնասիրելու նպատակով փորձագետներ հրավիրելու համար: Ա.Հովսեփյանը  ներկայացրել է իրականացված բարեփոխումների փուլերը եւ արդյունքները, դատախազության ներկայիս գործառույթները եւ դրանք իրականացնելու համար նախատեսված մեխանիզմները, կառուցվածքը, աշխատանքի ընդունվելու բարդ ընթացակարգը եւ դատախազության աշխատողների վարքագծի վերաբերյալ բողոքների քննարկման համար նախատեսված էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը:

Արձանագրելով, որ վերջին բարեփոխման հիմքը դրվել է 2007 թվականին՝ «Դատախազութան մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ`  ՀՀ գլխավոր դատախազը նկատել է, որ անցած երեք տարիների ընթացքոմ արդեն իսկ ի հայտ են եկել որոշ խնդիրներ, բացթողումներ, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ եւ հույս  հայտնել, որ փորձագետներն իրենց խորհրդատվությամբ կաջակցեն բարեփոխումներին:

Դատախազության համակարգում իրականացված բարեփոխումներն ուսումնասիրելու  նպատակով միջազգային փորձագետ հրավիրելու առաջարկով ՀՀ գլխավոր դատախազը հանդես էր եկել ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ս.Կապինոսի հետ 2010 թվականի սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հետազոտությունը փորձագետները կիրականացնեն երկու փուլով. Նախ՝ կուսումնասիրեն օրենսդրական դաշտը, ապա օրենսդրական նորմերի կիրառումն ու խնդիրները պրակտիկ աշխատանքում, որից հետո   հանդես կգան իրականացված բարեփոխումների, արդեն իսկ մշակված օրինագծերի  վերաբերյալ փորձագիտական եզրակացությամբ  եւ կներկայացնեն առաջարկություններ՝ ըստ անհրաժեշտության:

Դեսպան Ս.Կապինոսը արձանագրել է, որ այսպիսով կդրվի  ԵԱՀԿ-ի եւ դատախազության միջեւ համագործակցության նոր հիմք՝ ի շահ արդարադատության իրականացման եւ իրավապահ մարմինների աշխատանքների արդյունավետության բարձրացման:

ՀՀ գլխավոր դատախազն ամփոփել է Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի արդյունքները

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527