22.03.2011 | Մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը ՀՀ և ՌԴ դատախազությունների ուշադրության կենտրոնում

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սույն թվականի մարտի 21-ին ընդունեց ՌԴ դատախազության պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանը և ՀՀ գլխավոր դատախազության այլ աշխատակիցներ:

ՌԴ դատախազության պատվիրակությունը Հայաստանում է գտնվում ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև կնքված իրավական համագործակցության հուշագրերի շրջանակում` մասնակցելու սույն թվականի մարտի 20-23 ՀՀ Դատախազության դպրոց ՊՈԱԿ-ում` «Պետական շահերի պաշտպանության բնագավառում դատախազական հսկողության արդիական հարցերը, Մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության բնագավառում դատախազության գործունեությունը»  թեմայով կազմակերպված «Կլոր սեղանի» միջոցառումներին: 

Աղվան Հովսեփյանը, իր խոսքում կարևորելով ՌԴ դատախազության հետ համագործակցությունը, մասնավորապես նշեց. «Ռուսաստանի դատախազությունն իր գործառույթներով, իր կազմակերպաիրավական կառուցվածքով հանդիսանում է դատախազական կառույցի դասական օրինակ, «Պետության աչքը», ինչպես իր ստեղծման պահին բնորոշել է Պետրոս Առաջինը: Նման հարուստ պատմական կենսագրություն և փորձ ունեցող կառույցի հետ համագործակցությունը միմիայն դրական ազդեցություն  ունի իր գործընկերների աշխատանքների կազմակերպման վրա»: ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ վերոնշյալ խնդիրները,  որոնք  հանդիսանում են դատախազական գործառույթների հիմնական ուղղություններից, այսօր խիստ արդիական են և անհրաժեշտ են` նմանատիպ քննարկումներ, ժամանակակից լուծումներ և ընթացակարգեր փնտրելու և գտնելու համար:

ՌԴ դատախազության ներկայացուցիչները իրենց հայաստանյան գործընկերների` մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության աշխատակիցների հետ  սեմինարի ժամանակ քննարկելու են մի շարք հարցեր և հանդես են գալու զեկույցներով, մասնավորապես` «Մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների պաշտպանության բնագավառում օրինականության ամրապնդման և դատախազական հսկողության խնդիրները» և «Պետական շահերի պաշտպանության բնագավառում արդիական հարցերը» թեմաների վերաբերյալ: 

Դատախազության դպրոցում մարտի 21-ին տեղի է ունեցել «Կլոր սեղանի» մեկնարկը: Ողջյունի խոսքով հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը, ով իր խոսքում մասնավորապես անդրադարձ է կատարել ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև ձևավորված սերտ համագործակցությանը` մասնավորապես հիշատակելով ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև 2006 թ. Մոսկվայում և 2007 թ. Երևանում, ինչպես նաև  2010թ. Մոսկվայում` 2010-11թթ. համատեղ աշխատանքների վերաբերյալ կնքված համագործակցության հուշագրերին և  նրանցով ամրագրված փոխհամագործակցության աշխատանքներին:

Ինչպե՞ս ազդարարել և ո՞ւմ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am