18.03.2011 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունեց եվրոպական կառույցների ներկայացուցիչներին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սույն թվականի մարտի 18-ին ընդունեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին և Եվրոպայի խորհրդի առաջատար խորհրդատու, խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ պայքարի Եվրախորհրդի և Եվրոպական հանձնաժողովի փորձագետ Էրիկ Սվանիձեին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը և ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներ:

Հանդիպման ընթացքում տիկին Ս. Զեհեի կողմից անդրադարձ եղավ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Տ. Փոստանջյանի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի որոշ հանգամանքներին` մասնավորապես քրեական գործի նախաքննությունը ԱԱԾ վարույթում քննելու իրավական հիմքերին:

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը տիկին Ս. Զեհեին հանգամանորեն տեղեկացրեց քրեական գործի հարուցման, քրեական գործի նախաքննությունը ՀՀ ԿԱ ԱԱԾ վարույթ հանձնելու, խափանման միջոցի ընտրության քրեաիրավական հիմքերը: Գլխավոր դատախազը նշեց, որ հանցավորության դեմ պայքարում ընդհանրապես և մասնավորապես սույն քրեական գործով նախաքննությունն ընթանում է դատախազության ձևավորված միասնական քրեական քաղաքականության և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:

ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ անկախ նույնիսկ այդ բոլոր հիմքերից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով /հոդված 53/  դատախազի բացառիկ լիազորությունն է ցանկացած քրեական գործ վերցնել հետաքննության մարմնից և հանձնել նախաքննության մարմնին, քրեական գործը, սույն օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված, նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնին` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով: Աղվան Հովսեփյանը մասնավորապես շեշտեց, որ. §հատկապես քրեական գործի քննության բազմակողմանիության և օբյեկտիվության հանգամանքները ապահովելու սկզբունքից ելնելով է նաև սույն գործի նախաքննությունը հանձնարարել ԱԱԾ քննչական վարչությանը¦:

Գլխավոր դատախազը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին նաև տեղեկացրեց, որ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով քննչական ենթակայության վերաբերյալ սահմանված կարգով նախատեսված հոդվածներից բացի` քննվել և քննվում են նաև այդ կարգով չնախատեսված հանցակազմերով քրեական գործեր` մասնավորապես նշելով. §Ինչպես կոռուպցիոն բնույթի, այնպես էլ կարող են լինել անգամ նաև գողության դեպքով հարուցված քրեական գործեր¦:

ՀՀ գլխավոր դատախազը շեշտեց, որ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս բողոքարկել ինչպես նախաքննական մարմնի, այնպես էլ դատախազի որոշումները, և Տ. Փոստանջյանը ու նրա շահերի ներկայացուցիչները լիարժեք ունեն դատախազի որոշումների օրինականությունը դատարանում բողոքարկելու իրավասություն, որից և կարող են օգտվել:

Տիկին Ս. Զեհեն անդրադարձավ նաև Ս. Խաչատրյանի` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով առաջադրված մեղադրանքի և կալանավորման վերաբերյալ որոշ հարցերի: ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ Ս. Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելիս և խափանման միջոց ընտրելիս նկատի են առնվել ինչպես նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները, այնպես էլ հետազոտվել են անգամ համացանցում տեղադրված տեսանյութերը, որոնցից մասնավորապես ԳԱԼԱ հեռուստաընկերության համացանցում տեղադրված տեսաերիզը, որտեղ պատկերված Ս. Խաչատրյանի գործողությունները հանդիսանում են նրան առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցներից ընդամենը մեկը:

Ա. Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց նաև Եվրոպայի խորհրդի առաջատար խորհրդատու, խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ պայքարի Եվրախորհրդի և Եվրոպական հանձնաժողովի փորձագետ Էրիկ Սվանիձեին, նրա հեղինակած §Վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարն ու վատ վերաբերմունքի արդյունավետ քննությունը¦ խորագրով հրատարակված` Հայաստանի վերաբերյալ զեկույցում (աշխատության), ներկայացված առաջարկությունների, խորհրդատվության և համագործակցության համար: Պարոն Է. Սվանիձեն նշեց, որ 2009թ. զեկույցի հրապարակումից հետո Հայաստանում ակնհայտ են դրական փոփոխություննեը` զեկույցում առաջ քաշված խնդիրների լուծման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց` արդյունավետ քննարկման համար:

 

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am