17.03.2011 | Չիֆլիկյանի բողոքը դատախազությունը չի անտեսել. Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ գլխավոր դատախազությունը, հարգելով հանրության ստուգված և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքը, հայտնում է, որ զանգվածային լրատվության միջոցներով քաղաքացի Գոհար Չիֆլիկյանի տարածած հայտարարությունները այն մասին, որ դատախազությունը ընթացք չի տվել իր բողոքներին` իր կողմից գնված բնակարանը սեփականատիրոջ կողմից այլ անձանց ևս վաճառելու վերաբերյալ, բացարձակ չի համապատասխանում իրականությանը: 

Այսպես.
ՀՀ ոստիկանության` Երևան քաղաքի Շենգավիթի քննչական բաժնի քննիչի որոշմամբ 2007 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178 -րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ` քաղաքացի  Նարինե Սաքեյանի դիմումի հիման վրա: Պարզաբանում ենք` Նարինե Սաքեյանը հանդիսանում է Գոհար  Չիֆլիկյանի հարսը: Գոհար Չիֆլիկյանը իր բնակարանի խնդիրների հետ կապված անձամբ երբեք որևէ բողոք չի ներկայացրել: 

Ն. Սաքեյանը իր դիմումում հայտնել է, որ անհայտ անձը իրեն ներկայացել է որպես Երևան քաղաքի Շերամի փողոցի 113 շենքի թիվ 81 բնակարանի սեփականատեր Երջանիկ Կիրակոսյան և 2007 թվականի օգոստոսի 4-ին, Երևանի Շենգավիթ տարածքի նոտարիատում չարաշահելով իր վստահությունը, իր հետ կնքել է բնակարանի առուվաճառքի պայմանագիր, ստացել է 10.920.000 դրամ գումար և դիմել փախուստի:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ անհայտ անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի Ֆրունզիկ Մկրտչյանը, որի գործողություններից տուժել են նաև այլ քաղաքացիներ: 

Ֆրունզիկ Մկրտչյանը հայտնաբերվել է և գտնվում է նախնական կալանքի տակ: Քրեական գործերը միավորվել են մեկ վարույթ և քննվել են ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության ` Երևան քաղաքի քննչական բաժնում:
Սույն քրեական գործի նախաքնությունն ավարտվել է և 2011թ. մարտի 9-ին, ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Գոհար Չիֆլիկյանի հարսը` Նարինե Սաքեյանը, սույն գործով, ի թիվս մյուս քաղաքացիների, նույնպես ճանաչված է որպես տուժող: Ավելին` ի տարբերություն մյուս տուժողների, ներկայումս Երևան քաղաքի Շերամի փողոցի 113 շենքի թիվ 81 բնակարանում բնակվում է միայն Գոհար Չիֆլիկյանն իր ընտանիքի հետ միասին: 

Ակնհայտ անհիմն եւ  անհասկանալի է քաղաքացու հայտարարությունը` դատախազության կողմից իր բողոքների անտեսման, քրեական գործ չհարուցելու վերաբերյալ: Ինչպես նաև անհասկանալի է քաղաքացու կողմից  ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անվան անհարկի շահարկումը և  զրպարտչական բնույթի հայտարարություններով հանդես գալը:  
Աղվան Հովսեփյանը Գոհար Չիֆլիկյանի բնակարանային խնդիրների հետ կապված երբևէ որևէ առնչություն չի ունեցել:

Ինչպե՞ս ազդարարել և ո՞ւմ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am