Միջոցառումներ

02.07.2018թ. Երևանում կայացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը. քննարկվել են այդ ոլորտում միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման խնդիրները

 

Հուլիսի 2-ին Երևանում կայացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը, որին, բացի Հայաստանից, մասնակցել են անդամ մյուս երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի դատախազությունների, Ղազախստանի պետական ծառայության և կոռուպցիայի հակազդման գործերով գործակալության պատվիրակությունները: Մինչ նիստի մեկնարկը Խորհրդի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը, մեծապես կարևորել է կոռուպցիայի, որպես գլոբալ մարտահրավերի, դեմ պայքարում ԱՊՀ երկրների ուժերի համատեղումը և այդ նպատակով կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի շրջանակներում համագործակցության արդյունավետ կառուցակարգերի գործարկումը: ՀՀ վարչապետը հաջողություններ է մաղթել Խորհրդի մեկնարկող աշխատանքներին: Նիստի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարում անդամ երկրների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման մեթոդներին առնչվող հարցեր, ինչպես նաև Միջպետական խորհրդի նախորդ նիստին ընդունված՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված որոշումների իրականացման արդյունքները, կոռուպցիայի հակազդման ոլորտում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության համաձայնագրի նախագծի շուրջ ընթացող աշխատանքները: Վերջինս ուղղված է ԱՊՀ-ի շրջանակում կոռուպցիայի հակազդման իրավա-կազմակերպական հիմքերի սեղծմանը, այս ոլորտում անդամ երկրների փոխգործակցության սկզբունքների, նպատակների հստակեցմանը: Իր ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ ձեռք բերելով անդրազգային բնույթ՝ կոռուպցիան դադարել է լինել միայն երկրների ներքին խնդիրը: Այդ տեսանկյունից, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, կոռուպցիայի արդյունավետ հակազդման գործում գնալով ավելի է կարևորվում միջազգային իրավական համագործակցությունն ու ուժերի համատեղումը, ուստի Հայաստանի դատախազությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ չարիքի դեմ համընդհանուր պայքարին միտված համատեղ աշխատանքում: Արթուր Դավթյանը շեշտել է անդրազգային մակարդակում կոռուպցիայի դեմ համակարգված պայքարում անդամ երկրների միջև փորձի և տեղեկատվության ակտիվ փոխանակումը: Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը ներկայացրել է Հայաստանում վերջերս ինչպես ինստիտուցիոնալ մակարդակով, այնպես էլ քրեաիրավական ոլորտում իրականացված բարեփոխումները, որոնք արդեն սկսել են իրական արդյունքներ ապահովել: Մասնավորապես նշվել է կոռուպցիոն հանցագործությունների դասակարգումը միջզգային չափորոշիչներին համապատասխանեցնելու, ապօրինի հարստացումը քրեականացնելու, հակակոռուպցիոն մարմին ստեղծելու, «ազդարարի» ինտիտուտ ներդնելու, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների համակարգված աշխատանքների ակտիվացման արդյունքների մասին: Նիստի մասնակիցները հաստատել են համատեղ գործունեության առաջիկա տարվա պլանը, ընդունել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի և ԱՊՀ գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի միջև համագործակցության համաձայնագիրը: Նմանատիպ փաստաթուղթ է ստորագրվել նաև Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի և ԱՊՀ անդամ երկրների ֆինանսական հետաքննության մարմինների համակարգող խորհրդի միջև: Հանդիսավորությամբ տրվել է կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ընկալումների ձևավորմանը միտված՝ «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի միջազգային երիտասարդական մրցույթի մեկնարկը: Վերջինիս շրջանակում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի 14-ից 35 տարեկան մասնակիցներին առաջարկվում է մինչև այս տարվա հոկտեմբերի 19-ը պատրաստել և ներկայացնել նշված խորագիրը կրող պաստառներ և տեսանյութեր: Կանոնադրությամբ սահմանված կարգով մեկամյա ժամկետով ընտրվել է Միջպետական խորհրդի նոր ղեկավար կազմ. այդ ժամկետով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընտրվել է Խորհրդի նախագահ: Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013թ. հոկտեմբերի 25-ին` ԱՊՀ վեց պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի միջև:

13.11.2017թ. ՀՀ դատախազության ներկայացուցիչը մասնակցել է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի նստաշրջանին

 

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հայկ Մովսիսյանը Հայաստանի Հնարապետության պատվիրակության կազմում 2017 թվականի նոյեմբերի 5-ից 11-ը Վիեննայում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի 7-րդ նստաշրջանին:Վերջինս հրավիրվել էր քննարկելու մասնակից երկրներում «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի իրականացման դիտարկման արդյունքները, կոռուպցիայի կանխարգելմանը, ակտիվների վերականգնմանը, տեխնիկական աջակցությանը և միջազգային համագործակցությանն առնչվող հարցեր:

Պատվիրակության կողմից նստաշրջանի շրջանակներում ներկայացվել են հակակոռուպցիոն ոլորտում վերջին շրջանում իրականացված նախաձեռնությունները՝ հատուկ շեշտադրում կատարելով «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի պահանջներին ՀՀ օրենսդրության համապատասխանեցմանն ուղղված գործընթացների վրա: Մասնավորապես նշվել է հակակոռուպցիոն նոր ինստիտուցիոնալ մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը, ապօրինի հարստացման քրեականացումը, «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի 33-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման կարևորագույն տարրերից մեկի՝ ազդարարման համակարգի ստեղծումը, իրավական ակտերի մշակման միասնական էլեկտրոնային հարթակի՝ e-draft.am կայքի ներդրումն ու գործարկումը, գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը և այլն:

Պատվիրակությունը, նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել այլ երկրների ներկայացուցիչների հետ՝ կոռուպցայի դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդման և խորացման նպատակով:

ՄԱԿ «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի 7-րդ նստաշրջանի ընթացքում քննարկված փաստաթղթերի ամբողջական կազմը հասանելի է հետևյալ հղումով՝ http://www.unodc.org/unodc/en/corruption/COSP/session7-documents.html

27.09.2017թ. Սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում հրավիրված ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին

 

Նիստի ընթացքում քննարկվել են Միջպետական խորհրդի նախորդ նիստին ընդունված որոշումների իրականացման արդյունքները, կոռուպցիայի հակազդման ոլորտում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության համաձայնագրի նախագիծն ու դրանից բխող հակակոռուպցիոն պայքարի կոնցեպցիայի մշակման ընթացքը:

Վերջիններս ուղղված են ԱՊՀ-ի շրջանակում կոռուպցիայի հակազդման իրավական և կազմակերպական հիմքերի զարգացմանը, անդամ երկրների միջև այս ոլորտում փոխգործակցության սկզբունքների, խնդիրների և ձևաչափերի հստակեցմանը:

Միջպետական խորհրդի անդամները անդրադարձել են նաև ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հետ համագործակցության կառուցակարգերին, հաստատել Խորհրդի 2018թ. գործունեության պլանը, ստորագրել նիստի եզրափակիչ բոլոր փաստաթղթերը:

Արթուր Դավթյանն այցի շրջանակում առանձին հանդիպումներ է ունեցել ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ստեղծման պայմանագրի երկրների պատվիրակությունների ղեկավարների, գլխավոր դատախազների հետ:

Կանոնադրությամբ սահմանված կարգով Խորհուրդը մեկամյա ժամկետով ընտրել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նոր ղեկավար կազմը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ստանձնել է Խորհրդի համանախագահի պաշտոնը՝ որպես հաջորդ տարի նախագահությունն ընդունող կողմ:

Իր խոսքում ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստ է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հաջորդ տարվա հերթական նիստը Հայաստանում ընդունելուն՝ նկատի ունենալով նմանատիպ ձևաչափով ֆորումներ անցկացնելու կուտակված հարուստ փորձը:

09.12.2016թ. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցել է կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված համաժողովին

 

Կոռուպցիայի դեմ պայքարի Միջազգային օրվա շրջանակում  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցել է 2016թվականի դեկտեմբերի 9-ին կազմակերպված «Կառավարություն-ՔՀԿ համագործակացություն» հակակոռուպցիոն համաժողովին: Վերջինիս նպատակն էր քննարկել պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության շրջանակներում ձեռք բերված հաջողությունները և համագործակցության զարգացման հեռանկարները:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարար Դավթի Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, մի շարք միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ գլխավոր դատախազն իր խոսքում անրդադարձել է 2016թ. ընթացքում կոռուպցիոայի դեմ պայքարում ՀՀ դատախազության, ինչպես նաև քրեական հետապնդման մյուս մարմինների արձանագրած արդյունքները, հիմնական առաջնահերթությունները: Արթուր Դավթյանը մեծապես կարևորել է ինչպես քրեական հետապնդում իրականացնող մարմինների գործունեությունը հակակոռուպցիոն պայքարում, այնպես էլ այդ գործունեության նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացնելու և հանրային աջակցությունն ստանաու անհրաժեշտությունը: Ըստ Արթուր Դավթյանի՝ կոռուպցիոն հանցագործությունների լիարժեք բացահայտման հետ կապված հիմնական խնդիրներից է հանցանքի մեջ անձի մեղավորությունն ապացուցելու  համար անհրաժեշտ տեղեկատվության և փաստերի ձեռքբերումը, որտեղ հանրության աջակցությունն առանցքային է:

Գլխավոր դատախազի խոսքով՝ 2016 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին միայն ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության վարչության դատախազների դատավարական ղեկավարման ներքո առերևույթ կոռուպցիոն հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է 54 քրեական գործ, որոնցով 19 պաշտոնատար անձի արդեն իսկ մեղադրանքներ են առաջադրվել: Եվս 6 քրեական գործ հարուցվել է վերահսկողական լիազորություններով օժտված պետական մարմինների, մասնավորապես ՀՀ վերահսկիչ պալատի կողմից կատարված ստուգումների արդյունքում կազմված ակտերի և հաշվետվությունների ուսումնասիրությունների արդյունքում:

Ցանկանում եմ վստահեցնել, որ Դատախազությունում ձևավորվել է հակակոռուպցիոն նոր մտածողություն և մենք ունենք  օրենքով սահմանված բավարար լիազորություններ՝ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար »,- ասել է Արթուր Դավթյանը:

 

 


Զինդատախազությունն ամփոփել է աշխատանքի արդյունքները

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am