Իրավական ակտեր

Դատախազական ակտերի տեսակները

 

Իր լիազորություններն իրականացնելիս դատախազն իրավունք ունի անել նախազգուշացում, ընդունել որոշում, ներկայացնել բողոք, միջնորդագիր եւ հայցային դիմում:

 

Նախազգուշացում - Նախապատրաստվող կամ կատարվող իրավախախտման մասին  տվյալների առկայության դեպքում դատախազն օրենքի խախտման անթույլատրելության մասին գրավոր նախազգուշացնում է պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին:
Նախազգուշացումը պատասխանատվության ենթարկելու տարատեսակ չէ եւ հանդես է գալիս որպես կանխարգելման միջոց։ Թերեւս դա է պատճառը, որ առանձին դեպքերում նախազգուշացումը զուգակցվում է միջնորդագրին։ Նախազգուշացման մեջ ցույց է տրվում արձանագրված, նախապատրաստվող կամ կատարվող իրավախախտումը, դրա հետեւանքով խախտված իրավական ակտի կոնկրետ նորմը, դատախազի պահանջը՝ իրավախախտումն անհապաղ դադարեցնելու մասին, իրավախախտումը շարունակելու կամ կրկնելու  դեպքում  դատախազի կողմից ձեռնարկվելիք միջոցները, դատախազական ակտը, բողոքարկման իրավունքի ու կարգի պարզաբանումը:

 

Միջնորդագիր - Իրավախախտում  ծնող պատճառների եւ նպաստող պայմանների վերացման նպատակով դատախազը միջնորդագիր է  ներկայացնում դրանք վերացնելու լիազորություն ունեցող մարմիններին  կամ պաշտոնատար անձանց։ Միջնորդագիրը ենթակա է անհապաղ քննարկման, որի արդյունքների եւ ձեռնարկված միջոցների մասին մեկամսյա ժամկետում գրավոր հայտնվում է դատախազին։
Միջնորդագիրն ունի ուղղակի նախականխիչ իրավական նշանակություն, որտեղ դատախազը պարտավոր է պատճառաբանված եւ հիմնավորված ներկայացնել այն պատճառներն ու պայմանները, որոնք կարող են իրավախախտման պատճառ կամ նպաստող պայման լինել կամ արդեն իսկ նպաստել են  կատարված իրավախախտումներին: Միջնորդագրում ոչ միայն պահանջ է ներկայացվում իրավախախտում ծնող պատճառների ու նպաստող պայմանների վերացման մասին, այլեւ ցույց են տրվում դրանց վերացման ուղիներն ու միջոցները:

 

Որոշում - Իրավախախտումների բնույթից ելնելով՝ դատախազը որոշում է ընդունում քրեական հետապնդում  կամ վարչական  իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին:
Վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ  հարուցելու դատախազի որոշումը ենթակա է քննարկման իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից ոչ ուշ, քան որոշումն ընդունելուց հետո տասնօրյա ժամկետում, եթե այն չի գանգատարկվում վերադաս դատախազին:
Դատախազը կարող է որոշումներ ընդունել նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում. մասնավորապես դատախազն իրավասու է որոշում կայացնել նաեւ  քրեական գործ հարուցելը մերժելու մասին, ազատազրկման վայրերում պահվող անձանց նկատմամբ օրենսդրության խախտմամբ նշանակված կարգապահական տույժերը վերացնելու մասին եւ այլն:

 

Բողոք - Իր իրավասության շրջանակներում դատախազը բողոք է բերում դատարանի անօրինական  եւ չհիմնավորված վճռի, դատավճռի եւ որոշման դեմ:
Դատախազի բողոքը կարող է քննարկվել միայն դատական կարգով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի համաձայն՝  վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք ունեն ՀՀ գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները՝ նշված հոդվածով նախատեսված դեպքերում եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

 

Հայցային դիմում - Դատախազն իր իրավասության սահմաններում, առանց պետական տուրք վճարելու, կարող է պետական շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով: 
Պետական շահերի պաշտպանությամբ հայցային դիմումներ կարող են ներկայացվել ինչպես իրավասու պետական մարմինների դիմումների հիման վրա, այնպես էլ այն դեպքերում, երբ պաշտոնատար անձինք միջոցներ չեն ձեռնարկել խախտումների վերացման համար կամ նման տեղեկություններ ստացվել են նյութեր նախապատրաստելու, քրեական գործեր քննելու ընթացքում: 27-րդ հոդվածը մասնավորապես սահմանում է. «Պետության գույքային  շահերի (այսուհետ՝ շահեր) խախտումներ  հայտնաբերելիս  դատախազը կամ նրա պահանջով համապատասխան լիազորված մարմինը կամ պաշտոնատար անձը հայց է հարուցում դատարան: Մինչեւ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը դատախազն իրավունք ունի  նախազգուշացնելու համապատասխան մարմիններին եւ անձանց հայց հարուցելու մասին եւ պահանջ ներկայացնելու պատճառված վնասը սահմանված կարգով հատուցելու մասին»:

 

Դատախազական ակտերի բողոքարկման կարգը

 

Բողոքարկման ենթակա դատախազական ակտերը եւ բողոքարկման ձեւը սահմանված են ինչպես «Դատախազության մասին» ՀՀ օրենքի, այնպես էլ քրեական եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքերով: Ըստ այդմ՝ դատախազական ակտերը կարող են բողոքարկվել ինչպես վերադաս դատախազին, այնպես էլ դատական կարգով:

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ կասկածյալը, մեղադրյալը, պաշտպանը, տուժողը, քրեական դատավարության մյուս մասնակիցները կարող են դատական կարգով բողոքարկել հետաքննության  մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող  մարմինների՝ նշված օրենսգրքով նախատեսված  որոշումները  եւ  գործողությունները, եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

 

Նշված անձինք իրավունք ունեն դատարան բողոքարկել նաեւ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի եւ դատախազի հրաժարվելը, ինչպես նաեւ  քրեական գործը կասեցնելու, կարճելու  կամ քրեական հետապնդումը դադարեցնելու  մասին որոշումները:  Բողոքը, բացառությամբ  քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ ներկայացվող բողոքների, կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի  գտնվելու  վայրի առաջին ատյանի դատարան մեկ ամսվա ընթացքում: Քրեական գործի հարուցումը մերժելու  մասին որոշումները, քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն, կարող են բողոքարկվել վերադաս դատախազին կամ վերաքննիչ դատարանում:

 

Բողոքի հիման վրա դատախազը կա՛մ վերացնում է  քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը ու հարուցում քրեական գործ, կա՛մ հաստատում քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը:  Իսկ վերաքննիչ դատարանն իրավասու է վերացնել բողոքարկվող որոշումը կամ հաստատել այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը:
 


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի դատարանում վիճարկել վարչական իրավախախտման համար իր նկատմամբ տույժի միջոց կիրառելու մասին որոշումը: Վարչական իրավախախտման կազմի  կամ իրադարձության բացակայության հետեւանքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելը դատարանի կողմից անհիմն ճանաչելու, ինչպես նաեւ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը բացառող օրենքով նախատեսված այլ դեպքերում դատարանը վճիռ է կայացնում որոշումը վերացնելու մասին:


Կալանավորում եվրոպական չափանիշերով

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am