Video

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործերով վարչության մեկամյա գործունեությունը

5 Vazgen Sargsyan street 0010 Yerevan Republic of Armenia

Tel: +374 (10) 511-650

E-mail: info@prosecutor.am

 

Responsible for ensuring freedom of information

The RA Prosecutor’s Office Division of Public Relations, head of the Division – Arevik Khachatryan

03.03.2017 | ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ընդլայնված նիստ

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նիստի օրակարգում  ՀՀ դատախազության 2016 թվականի աշխատանքի արդյունքների ամփոփումն էր: Նիստին մասնակցել են ՀՀ ոստիկանության, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության,  Հատուկ քննչական ծառայության,  Քննչական կոմիտեի,  Պետական եկամուտների կոմիտեի  ներկայացուցիչները:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները դատախազական գործառույթների առանձին բնագավառներում կատարված աշխատանքների վերաբերյալ հանդես են եկել զեկույցներով:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա Հարությունյանը ներկայացրել է հետաքննության և նախաքննության, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու, հանցավորության դեմ համակարգված և արդյունավետ պայքար կազմակերպելու, քննության որակը բարելավելու, հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիությունն  ապահովելու ուղղությամբ կատարված աշխատանքները:

 

Ներկայացվել են երկրում հանցավորության շարժընթացը բնութագրող ցուցանիշները, դրանք համադրվել նախորդ տարիների տվյալների հետ, կատարվել վերլուծություններ, որոնց  արդյունքում առաջարկներ են   ներկայացվել հանցագործությունների կանխարգելման, բացասական դինամիկա արձանագրած հանցատեսակներով քրեական քաղաքականության որոշակի ուղղություններում աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

Արձանագրելով մինչդատական վարույթում առկա առանձին թերացումներ, բացթողումներ և խնդիրներ՝ դատավարության մասնակիցների իրավունքների պատշաճ ապահովման, հանցագործությունների բացահայտման, մեղադրանքի ապացուցման աշխատանքներում, ներկայացվել են կոնկրետ միջոցառումներ, որոնք կապահովեն դրանց վերացումն ու կնպաստեն այդ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը՝ իրավական լուծումների միասնականությունը, որոշակիությունը երաշխավորելով:

Ա. Հարությունյանի տեղեկացմամբ՝ 2016 թվականի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից կատարվել է 74 ստուգում և ուսումնասիրություն, որից 63-ը` քրեակատարողական հիմնարկներում, 11-ը՝ այլընտրանքային պատիժների կատարման ծառայությունում: Կատարված ստուգումների արդյունքներով հայտնաբերվել է 120 խախտում, ներկայացվել   17 հաղորդում  և բերվել է  28 միջնորդություն, որոնց հիման  վրա  նշանակվել  են ծառայողական  քննություններ և  իրենց  պարտականություններում թերացած 19 աշխատակից, այդ թվում` 5 քրեակատարողական հիմնարկի պետ, ենթարկվել է կարգապահական  պատասխանատվության:

Կատարված ստուգումների արդյունքում քրեակատարողական հիմնարկներում վերացվել են մի շարք խախտումներ և բացթողումներ:

Զեկույցով հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը, ով ներկայացրել է  ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության գործունեությունը: Արձանագրվել է, որ արդյունավետ աշխատանքի շնորհիվ  հնարավոր է եղել ապահովել դրական ցուցանիշների կայուն աճ: Անդրադարձ է եղել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող հասարակական հնչեղություն ստացած քրեական գործերին:

Դ. Մելքոնյանը ներկայացրել է մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման ոլորտում 2016թ. ՀՀ գլխավոր դատախազության կատարած աշխատանքը, հաշվետու ժամանակահատվածում դատարան ուղարկված քրեական գործերի և դրանց քննության արդյունքների վերաբերյալ ցուցանիշները, դատավճիռների և գործն ըստ էության լուծող այլ դատական ակտերի բողոքարկման պրակտիկան,  2016թ. կայացված մեղադրական դատավճիռներով արտահայտված պատժողական պրակտիկան, առանձին պատժատեսակների նշանակման քանակական ցուցանիշները, անդրադարձ է կատարվել ծանրության տարբեր աստիճանի հանցագործություններով պատժողական քաղաքականությունն արտահայտող վիճակագրական տվյալներին, որոնք վերլուծվել են այդ հանցագործությունների վերաբերյալ գործերի՝ դատական քննության փուլում շարժի վերաբերյալ տվյալների համեմատությամբ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանը, ներկայացնելով 2016 թ. ընթացքում ՀՀ դատախազության մարմինների կողմից  պետական շահերի պաշտպանության բնագավառում իրականացված աշխատանքները, նշել է, որ  ուսումնասիրություններ են կատարվել գյուղատնտեսության, սոցիալական ապահովության, կրթության, պետական գույքի և ֆինանսների  կառավարման, հանրային ծառայությունների ոլորտների համապատասխան պետական կառավարման մարմինների և  դրանց համակարգում գործող մարմինների  և կազմակերպությունների գործունեության  ընթացքում  պետական շահերի պաշտպանության վիճակը:  Հ. Ասլանյանը տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից  կատարված աշխատանքների արդյունքում  հարուցվել է 14 քրեական գործ, ներկայացվել են 4 հաղորդումներ համապատասխան մարմինների ղեկավարներին, ինչպես նաև հարուցվել են  պետական շահերի պաշտպանության 14 հայցեր:

         Ուսումնասիրվել և ամփոփվել են  ՀՀ վերահսկիչ պալատի 2014-2016թթ. ընթացիկ հաշվետվությունները,  հայտնաբերված խախտումների կապակցությամբ  հարուցվել են 7 քրեական գործեր:

ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների, ներառյալ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարվել է 333 ուսումնասիրություն, հայտնաբերվել է 327 իրավախախտում, հարուցվել է 60 քրեական գործ:

Ամփոփելով ընդլայնված նիստը ՀՀ գլխավոր դատախազը անդրադառնալով զեկույցներում մատնանշված խնդիրներին և բացթողումներին, վերլուծելով դրանց պատճառները, վերհանելով որոշակի օրինաչափություններ, այդպիսիք վերացնելու նպատակով կոնկրետ միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ է տվել:

 ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղենշվել են այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների աշխատանքներն առաջիկայում էապես ակտիվացվելու անհրաժեշտություն ունի: Այդ համատեքստում Գլխավոր դատախազը կարևորել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների լիարժեք բացահայտման, մեղավոր բոլոր պաշտոնատար անձանց պատասխանատվության անխուսափելիության ապահովման աշխատանքները՝ ընդգծելով յուրաքանչյուր նման գործով արդյունքների համար դատախազների անձնական պատասխանատվությունը:

Հակակոռուպցիոն միջոցռումների արդյունավետությունը բարձրացնելու, դրանք հանրության համար առավել նկատելի դարձնելու նպատակով Գլխավոր դատախազը հանձնարարականներ է տվել պետական շահերի պաշտպանության բնագավառում դատախազական գործառույթները կոնկրետ ուղղություններով ակտիվացնելու, այդ աշխատանքներում օպերատիվ մարմինների հետ սերտ համագործակցություն ապահովելու ուղղությամբ:

ՀՀ գլխավոր դատախազը, անդրադառնալով հանցագործությունների կանխարգելման աշխատանքներում առկա բացթողումներին, էապես կարևորելով հանցագործությանը նպաստող պայմանների, պատճառների լիարժեք բացահայտումն ու վերացումը՝ հանձնարարել է յուրաքանչյուր գործով ապահովել այդ ոլորտում դատախազական ներգործության միջոցների կիրառումը:

Նիստի ավարտին տեղի է ունեցել նորանշանակ դատախազների երդման արարողությունը: