Նորություններ
01/04/2026
Գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:
2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կատարվել է 40.722 հանցագործություն[1] (2024 թվականին՝ 42.057), որոնցից 18.857-ը (2024 թվականին՝ 19.877)՝ Երևան քաղաքում: 2024 թվականի համեմատությամբ, 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են 1335-ով կամ 3,2%-ով:
2025 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ: 2025 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 29,7%՝ 2024 թվականի 22,8%-ի դիմաց։ Այսպիսով, 2024 թվականի համեմատ, 2025 թվականին բացահայտման ցուցանիշն աճել է 6,9%-ով:
2024 թվականի համեմատությամբ՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 1516-ով կամ 7%-ով (2024 թվականին՝ 21.557 դեպք, 2025 թվականին՝ 20.041 դեպք), միջին ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 795-ով կամ 6,2%-ով (2024 թվականին՝ 12.790 դեպք, 2025 թվականին՝ 13.585 դեպք), ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 486-ով կամ 8,6%-ով (2024 թվականին՝ 5630 դեպք, 2025 թվականին՝ 5144 դեպք), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը (առանց հանկարծամահությունների) աճել են 65-ով կամ 10,9%-ով (2024 թվականին՝ 596, 2025 թվականին՝ 661 դեպք):
Հանցագործության 40.722 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 82,6%-ը, ոչ մեծ (20.041 դեպք կամ դեպքերի 49,2%) և միջին ծանրության (13.585 դեպք կամ դեպքերի 33,4%-ը) հանցագործություններն են, այսինքն՝ նվազ հանրային վտանգավորություն ներկայացնող հանցագործությունները:
2024 թվականի համեմատությամբ, հանցավորության ընդհանուր ծավալի մեջ արձանագրվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշռի նվազում 0,9%-ով (2024 թվականին նշված ցուցանիշը կազմել է 18,3%, իսկ 2025 թվականին՝ 17,4%):
2025 թվականի ընթացքում, 2024 թվականի համեմատությամբ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 1650 դեպքով կամ 13,7%-ով նվազում (2024 թվականին՝ 12.050 դեպք, 2025 թվականին՝ 10.400 դեպք): Երևան քաղաքում դեպքերը նվազել են 653-ով կամ 8,9%-ով (2024 թվականին՝ 7338 դեպք, 2025 թվականին՝ 6685 դեպք):
Ներքին գործերի նախարարության ոստիկանության հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն՝ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում նվազել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ կատարված հանցագործությունների դեպքերը: Եթե 2024 թվականին արձանագրվել է 1918 դեպք, ապա 2025 թվականին՝ 1772 դեպք, այսինքն՝ դեպքերը նվազել են 146-ով կամ 7,6%- ով:
2025 թվականին արձանագրվել է խուլիգանության դեպքերի նվազում 100-ով կամ 11,4%-ով (2024 թվականին՝ 877 դեպք, 2025 թվականին՝ 777 դեպք):
Հաշվետու ժամանակահատվածում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թիվը կազմել է 4170՝ 2024 թվականին արձանագրված 3485 դեպքի դիմաց (աճը կազմել է 685 դեպք կամ 19,7%)։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը կազմել է 3631՝ 2024 թվականի 3017-ի դիմաց (աճը կազմել է 614 դեպք կամ 20,4%): Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը կազմել են 2176, որը 2024 թվականին արձանագրված 1933 դեպքի համեմատ աճել է 243-ով կամ 12,6%-ով։ Թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի թիվը կազմել է 225՝ նախորդ տարվա 322-ի դիմաց (նվազումը կազմել է 97 դեպք կամ 30,1%): 2025 թվականի ընթացքում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 26,3%՝ 2024 թվականի 13,8%-ի դիմաց։ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել են 768 կգ 886,6 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ 2024 թվականի 426 կգ 563 գրամի դիմաց: Առգրավվել են նաև՝ 235,6 գրամ հոգեմետ նյութեր՝ 2024 թվականի 750,17 գրամի դիմաց:
[1] Հանցագործությունների դեպքերին վերաբերող թվային ցուցանիշները ներկայացված են ՀՀ ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հանցավորության կենտրոնի տրամադրած տվյալների հիման վրա՝ հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է կառավարության սահմանած կարգով ընդունել, գրանցել և հաշվառել հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումները, դրանց տալ համապատասխան ընթացք: Նշված կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի 1495-Ն որոշմամբ: