Նորություններ
06/05/2026
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ՀՀ Ազգային ժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում:
Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է.
«Չորրորդ տարին է, որ պատիվ ունեմ Ձեզ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության տարեկան հաղորդումը:
Նախքան Հաղորդման մանրամասներին անդրադառնալը՝ մի քանի ամփոփ տվյալ ներկայացնեմ 2025 թվականին կատարված աշխատանքներից:
Մասնավորապես՝
Երկրորդ վճիռն, ինչպես գիտեք, ուժի մեջ մտավ բոլորովին վերջերս՝ 2026 թվականի ապրիլի 15-ին: Օրինական ուժի մեջ մտած դատավճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Մուրադի Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր, ենթակա են բռնագանձման՝
2. Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասն՝ ամբողջությամբ (գույքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքի գրանցումն ընթացքի մեջ է).
3. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2.000 հատ բաժնետոմս (Պետական գույքի կառավարման կոմիտեն պաշտոնապես՝ գրավոր, տեղեկացվել է՝ բաժնետոմսերի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը գրանցելու նպատակով).
4. 2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294 հազար 900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը:
Վերոնշյալից բացի, Կարապետ Մուրադի Գուլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա նաև՝
*****
Ներքին գործերի նախարարության հանցավորության վիճակագրության և հանցավորության կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են: 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կատարվել է 40.722 հանցագործություն[1] (2024 թվականին՝ 42.057), որոնցից 18.857-ը՝ Երևան քաղաքում (2024 թվականին՝ 19.877): 2024 թվականի համեմատությամբ, 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են 1335-ով կամ 3,2%-ով:
2025 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ: 2025 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 29,7%՝ 2024 թվականի 22,8%-ի դիմաց։ Այսպիսով, 2024 թվականի համեմատ, 2025 թվականին բացահայտման ցուցանիշն աճել է 6,9%-ով:
Հանցագործության 40.722 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 82,6%-ը, ոչ մեծ (20.041 դեպք կամ դեպքերի 49,2%) և միջին ծանրության (13.585 դեպք կամ դեպքերի 33,4%-ը) հանցագործություններն են, այսինքն՝ նվազ հանրային վտանգավորություն ներկայացնող հանցագործությունները:
2024 թվականի համեմատությամբ, հանցավորության ընդհանուր ծավալի մեջ արձանագրվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշռի նվազում 0,9%-ով (2024 թվականին նշված ցուցանիշը կազմել է 18,3%, իսկ 2025 թվականին՝ 17,4%):
*****
2025 թվականին ավարտվել է 41.553 քրեական վարույթ (2024 թվականին՝ 38.058), այդ թվում՝ 14.608-ը՝ 16.194 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան (2024 թվականին՝ 11.801 քրեական վարույթ՝ 13.179 անձի վերաբերյալ), 61-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան (2024 թվականին՝ 45), 26.884-ը կարճվել է (2024 թվականին՝ 26.212), որոնցից 16.416-ը՝ (2024 թվականին՝ 17.813) Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով: 2025 թվականին դատարան ուղարկված քրեական վարույթների թիվը գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը 2823-ով կամ 23,8%-ով:
2025 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 53,4%-ը (2024 թվականին՝ 42,1%) քննվել է մինչև 2 ամիս, 17,1%-ը (2024 թվականին՝ 21,5%)՝ մինչև 4 ամիս, 10%-ը (2024 թվականին՝ 15%)՝ մինչև 6 ամիս, 10,5%-ը (2024 թվականին՝ 11,9%)՝ մինչև 1 տարի, 9%-ը (2024 թվականին՝ 9,5%)՝ 1 տարուց ավելի ժամկետում: Այսպիսով, 2025 թվականին ավարտվել է 3495-ով կամ 9,2%-ով ավելի քրեական վարույթ, քան 2024 թվականին, այդ թվում` մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2807-ով կամ 23,8%-ով ավելի քրեական վարույթ:
Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է նաև 2025 թվականի ընթացքում: Մասնավորապես՝ 2025 թվականի 6 ամսից ավելի է տևել քննված քրեական վարույթների 19,5%-ի նախաքննությունը, որը 2023 թվականի համապատասխան ցուցանիշից պակաս է 4%-ով, իսկ 2024 թվականի ցուցանիշից՝ 1,9%-ով: Ընդ որում, 2025 թվականին ավարտված քրեական վարույթների կեսից ավելին՝ 53,4%-ը քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, ինչը 2024 թվականի համապատասխան ցուցանիշը գերազանցում է 11,3%-ով:
Քրեական վարույթներով, գործարկման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 21.458.058.668 դրամ: Հարկ վճարողի միասնական հաշվին վճարվել է 18.437.786.846 դրամ: Այսպիսով, Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին վճարվել է ընդհանուր 39.895.845.514 դրամ:
*****
2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 10.787 քրեական գործ՝ 11.457 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 9830 գործ՝ 10.691 անձի վերաբերյալ, 2023 թվականին՝ 5080 գործ՝ 5485 անձի վերաբերյալ): 2025 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 957-ով կամ 9,7%-ով ավելի գործ, քան 2024 թվականին:
2025 թվականին դատարաններում քննված և ավարտված` 11.457 անձի վերաբերյալ 10.787 քրեական գործից 7998-ը կամ 74,1%-ը եղել է ոչ մեծ ծանրության՝ 8136 անձի նկատմամբ (71%), 1771-ը կամ 16,5%-ը՝ միջին ծանրության՝ 2014 անձի նկատմամբ (17,6%), 855-ը կամ 7,9%-ը՝ ծանր՝ 1115 անձի նկատմամբ (9,7%) և 163-ը կամ 1,5%-ը՝ առանձնապես ծանր՝ 192 անձի նկատմամբ (1,7%): Նշված քրեական գործերից 9879-ով դատապարտվել է 10.348 անձ (2024 թվականին՝ 8660 գործով՝ 9224 անձ, 2023 թվականին՝ 4163 գործով՝ 4419 անձ):
2025 թվականին ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը, 2024 թվականի համեմատ, աճել է 1028-ով կամ 15,5%-ով, միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտվածների թիվն աճել է 147-ով կամ 10,3%-ով, ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը նվազել է 29-ով կամ 2,9%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը նվազել է 22-ով կամ 14,2%-ով:
*****
2025 թվականին Առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2559 միջնորդություն, որոնցից ամբողջությամբ բավարարվել է 1566-ը կամ 61,2%-ը, մասնակի բավարարվել՝ 672-ը կամ 26,3%-ը, մերժվել՝ 321-ը կամ 12,5%-ը (2024 թվականին` 2282 միջնորդություն, որոնցից ամբողջությամբ բավարարվել է 1581-ը կամ 69,3%-ը, մասնակի բավարարվել՝ 432-ը կամ 18,9%-ը, մերժվել՝ 269-ը կամ 11,8%-ը): 2023-2025 թվականների ընթացքում արձանագրվել է ինչպես ներկայացված միջնորդությունների, այնպես էլ փաստացի դատարանի կողմից բավարարված միջնորդությունների տեսակարար կշռի նվազման միտում՝ մեղադրյալ ներգրավված անձանց թվի հետ համեմատությամբ: Վերջին 8 տարիների միջինացված ցուցանիշների հետ համեմատությամբ՝ 2025 թվականին 2,5%-ով նվազել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ դատարան ներկայացված միջնորդությունների տեսակարար կշիռը՝ մեղադրյալների ընդհանուր թվի համեմատությամբ:
*****
2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել: 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք (2024 թվականին՝ 2093 դեպք): Արձանագրված դեպքերից 1027-ը կամ 45,7%-ը եղել են պատահարներ (2024 թվականին՝ 762), 1221-ը կամ 54,3%-ը հանցագործություններ (2024 թվականին՝ 1331), այդ թվում` 687-ը կամ 56,3%-ը` զինվորական (2024 թվականին՝ 715), 534-ը կամ 43,7%-ը` այլ հանցագործություններ (2024 թվականին՝ 616)։
2024 թվականի համեմատ` պատահարներն աճել են 265-ով կամ 34,8%-ով[2], հանցագործությունները նվազել են 110-ով կամ 8,3%-ով: Ընդ որում, ընդհանուր բնույթի հանցագործությունների դեպքերը նվազել են 82-ով կամ 13,3%-ով, իսկ զինվորական հանցագործությունների դեպքերը նվազել են 28-ով կամ 3,9%-ով:
2025 թվականին ՀՀ զինված ուժերում զինծառայողների՝ ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել են մահվան հետևյալ դեպքերը՝ ժամկետային 6 զինծառայող, ԱԱԾ սահմանապահ զորքերի 2 ժամկետային զինծառայող և 1 աշխարհազորային. ընդհանուր՝ ծառայության հետ կապված մահվան 9 դեպք՝ 2024 թվականի 27 դեպքի համեմատ:
Ծառայության հետ կապված մահվան դեպքերը հետևյալն են՝
2025 թվականի ընթացքում ծառայության հետ կապված՝ զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 18-ով կամ 66,7 %-ով (2024 թվականին՝ 27):
2025 թվականի ընթացքում քննված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 411.728.063 դրամ (2024 թվականին՝ 1.479.117.389 դրամ), որից մինչդատական վարույթում վերականգնվել է 108.712.388 դրամը (2024 թվականին՝ 51.935.493 դրամ):
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2025 թվականին իրականացված 280 ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված՝ 1 միլիարդ 432 միլիոն 493 հազար դրամի վնաս (2024 թվականին՝ 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ): 2025 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 938 միլիոն 80 հազար դրամի վնասը, որից 924 միլիոն 294 հազար դրամը պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից վերականգնվել է արտադատական կարգով:
2024 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասներից 2025 թվականի ընթացքում վերականգնվել է 92 միլիոն 213 հազար դրամը: 2025 թվականի ընթացքում զինվորական դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 24 հայց (2024 թվականին՝ 19 հայց): 24 հայցերով բռնագանձման ընդհանուր պահանջը 4 միլիարդ 564 միլիոն 117 հազար դրամ է: Հայցերից 5-ը բավարարվել են ամբողջությամբ, 19-ի քննությունը դեռևս չի ավարտվել: Ամբողջությամբ բավարարված 5 գույքային հայցերով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարի չափը կազմում է 11 միլիոն 466 հազար դրամ:
*****
Հայաստանի Հանրապետությունում երկրորդ տարին անընդմեջ գրանցվում է կոռուպցիոն հանցագործությունների թվի նվազում (2023 թվական՝ 1368, 2024 թվական՝ 1116, 2025 թվական՝ 996):
2025 թվականի ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննված 3024 քրեական վարույթից ավարտվել է 980-ը (2024 թվականին՝ 1097), որոնցից 669-ը կարճվել է (2024 թվականին՝ 880), այդ թվում՝ 489-ը՝ արդարացման (2024 թվականին՝ 473), իսկ 180-ը՝ ոչ արդարացման հիմքերով (2024 թվականին՝ 407): 311 քրեական վարույթ՝ 772 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 217 քրեական վարույթ՝ 493 անձի վերաբերյալ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 411 քրեական վարույթ միացվել է այլ քրեական վարույթների, իսկ անավարտ է մնացել 1329 քրեական վարույթ:
2025 թվականի ընթացքում դատարաններում քննվել և ավարտվել է կոռուպցիոն բնույթի 157 քրեական գործ (2024 թվականին՝ 163)՝ 282 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 362): Նշված քրեական գործերից 107-ով (2024 թվականին՝ 126) 193 անձ դատապարտվել է (2024 թվականին՝ 272), որոնցից 27 անձ (2024 թվականին՝ 37)՝ ազատազրկման, 27 անձ (2024 թվականին՝ 46)` տուգանքի, 9 անձ (2024 թվականին՝ 4)՝ հիմնական այլ պատժի, 133 անձի (2024 թվականին՝ 185) նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, 13 անձի (2024 թվականին՝ 17) նկատմամբ կիրառվել են նաև լրացուցիչ պատիժներ: 32 գործով 55 անձ արդարացվել է (2024 թվականին՝ 11 գործով 17 անձ):
2025 թվականի ընթացքում դատարան հանձնված կոռուպցիոն գործերի թվում են նաև բազմադրվագ, հանրային հետաքրքրություն ունեցող գործերը, որոնք վերաբերում են՝
*****
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից 2025 թվականին նախաձեռնվել է 157 ուսումնասիրություն, դատարան է ներկայացվել 42 հայցադիմում: Այդ հայցադիմումներից ներկայում քննվող 38-ով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 230 անշարժ գույք, 68 շարժական գույք, 76 իրավաբանական անձանցում մասնակցություն: 38 հայցերով դրամական պահանջը 31 միլիարդ 540 միլիոն դրամ է, իսկ ընդհանուր հայցագինը՝ 35 միլիարդ 993 միլիոն դրամ:
2025 թվականին կնքվել է հաշտության մեկ համաձայնություն, որի արդյունքում որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձման է ենթակա 87 միլիոն 622 հազար դրամ. 87 միլիոն 622 հազար դրամից 68 միլիոն 811 հազար դրամը բռնագանձվել է:
Հիշեցնեմ, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորման օրվանից (2020 թվականի սեպտեմբերի 3) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախաձեռնվել է 758 ուսումնասիրություն:
2026 թվականի մարտի 1-ի դրությամբ, դատարաններում քննվող հայցերի ընդհանուր թիվը 166 է, որոնց ընդհանուր հայցագինը 612 միլիարդ 592 միլիոն 172 հազար դրամ է: Այդ հայցերով Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1568 անշարժ գույք, 356 շարժական գույք, 467 իրավաբանական անձանցում մասնակցություն, դրամական պահանջը կազմում է 530 միլիարդ 697 միլիոն 870 հազար դրամ: Այս թիվն ունի աճման միտում՝ պայմանավորված նրանով, որ ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքներն են պարզված, հայտնի չեն նաև իրավաբանական անձանցում մասնակցության արժեքները:
Վարչության՝ 2020-2025 թվականների աշխատանքներն ամփոփելով նշեմ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում օրինական ուժի մեջ մտած 1 վճռով և հաշտության 9 համաձայնություններով՝ այս պահի դրությամբ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 9 անշարժ գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 4 միլիարդ 411 միլիոն 112 հազար 500 դրամ, 2 շարժական գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 26 միլիոն 100 հազար դրամ և 1 միլիարդ 13 միլիոն 281 հազար դրամ: Այսպիսով, միայն Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 5 միլիարդ 450 միլիոն 494 հազար 148 դրամի գույք և դրամական միջոց, որը համարժեք է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի:
*****
Դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում 2025 թվականին կատարել է 540 ուսումնասիրություն (2024 թվականին՝ 435), հայտնաբերել է 485 իրավախախտում (2024 թվականին՝ 328):
Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և համայնքային գույքի օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանության, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման և քաղաքաշինության ոլորտներին վերաբերող հարցեր:
Դատախազության կողմից հաշվետու ժամանակահատվածում դատարան է ներկայացվել 350 հայց, որոնցից 183-ը՝ քաղաքացիական դատավարության կարգով՝ ընդհանուր 2 միլիարդ 524 միլիոն 486 հազար դրամի բռնագանձման պահանջով, 36-ը՝ քրեական դատավարության կարգով՝ ընդհանուր 230 միլիոն 82 հազար դրամ վնասի հատուցման համար գումարի բռնագանձման պահանջով և 131 հայց՝ վարչական դատավարության կարգով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց վարչական ակտերի, գործողությունների դեմ, որոնցով պետությանը կամ համայնքներին պատկանող գույքն ապօրինի օտարվել է:
Նշված հայցապահանջներով պետությանը կամ համայնքին վերադարձման ենթակա գույքերի արժեքը որոշակիացված չէ՝ հաշվի առնելով դրանց՝ գնահատման գործընթացում գտնվելու կամ դեռևս գնահատված չլինելու հանգամանքները:
2025 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով կամ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել նախնական գնահատմամբ շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ:
2025 թվականի ընթացքում գումարի բռնագանձման հայցերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բավարարվել է 342 միլիոն 786 հազար դրամ հայցապահանջով 55 հայց (2024 թվականին՝ 207 միլիոն 583 հազար դրամ հայցապահանջով 43 հայց):
Նախորդ տարիներին դատարան ներկայացված հայցերով՝ 2025 թվականին փաստացի վերականգնվել է 113 միլիոն 405 հազար դրամի վնաս:
2025 թվականի ընթացքում Դատախազության ստորաբաժանումների կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, ներկայացվել է հանցանքի մասին 92 հաղորդում, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման, պաշտոնեական անփութության, կեղծիքի և այլ հանցագործությունների հատկանիշներով (2024 թվականին` 63 հաղորդում):
*****
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից ուսումնասիրություններ են իրականացվել Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ:
Մասնավորապես՝ 2025 թվականի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Դատախազության կողմից հասցեագրվել են միջնորդագրեր: Միջնորդագրերից բացի, Դատախազության կողմից դատարան են ներկայացվել հայցեր, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են.
Դատախազության միջնորդագրերի հիման վրա՝ 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 34 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է 86 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր:
Հիշեցնեմ, որ 2026 թվականի փետրվարի 24-ին ապամոնտաժվել էին ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից՝ բացարձակ նիշից ցածր հողամասում ապօրինի կառուցված քոթեջը, ինչպես նաև Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը: Նշված քոթեջները կառուցված են եղել հողամասերում, որոնց նկատմամբ կառուցապատողները նույնիսկ վարձակալության իրավունք չեն ունեցել:
2026 թվականի մարտին ապամոնտաժվել էին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները և թեքահարթակը (Դատախազությունն առանձնատան վերաբերյալ հայց է ներկայացրել իրավասու դատարան), ապամոնտաժվել էին ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդուն փաստացի պատկանող առանձնատունը:
Դատախազությունը 2026 թվականի փետրվարի 2-ին տեղեկացրել էր նաև, որ 2026 թվականի փետրվարի 2-ին ապամոնտաժվել են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ (Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը):
*****
Դատախազության 2025 թվականի գործունեության առանցքը յուրաքանչյուր դատախազի արդյունքահեն աշխատանքն է եղել: Աշխատանքի այս սկզբունքն արձանագրվել է Դատախազության կոլեգիայի՝ 2025 թվականի մարտի 14-ի նիստով և ամրագրվել Գլխավոր դատախազի հրամանով: Մասնավորապես, նշված հրամանով սահմանվել են մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքի գնահատման նոր չափանիշներ, որոնք, ի թիվս այլնի, ներառում են՝
- Պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտով վերադարձված գումարի չափը,
- Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման գումարի չափը,
- Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթների թիվը,
- Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով վերջնական դատական ակտերի թիվը:
Վերջին երկու չափանիշները կարևոր են, քանի որ իրավապահ համակարգի արդյունավետությունը բացարձակ թվերով (օրինակ՝ այսքան հատ վարույթ) չի կարող գնահատվել: Բացարձակ թվերով հաշվարկի դեպքում վիճակագրությունը չի արտացոլի հանցավորության իրական պատկերն ու դրա դեմ պայքարի արդյունավետությունը: Մեծ տվյալների վերլուծությունը պահանջում է բացարձակ թվերով հաշվարկի փոխարեն համադրել, օրինակ, մինչդատական վարույթում և դատարանում ավարտված գործերի ծանրության աստիճանը և ծանր ու առանձնապես ծանր գործերով կայացված մեղադրական դատավճիռների թիվը:
Մենք կարծում ենք, որ այս մոտեցման փոփոխությունն է, որ հանգեցրել է Դատախազության աշխատանքի նկատմամբ հանրային գնահատականի փոփոխության. համաձայն Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում 2026 թվականի փետրվարին իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության՝ Դատախազության աշխատանքից «լիովին գոհ» և «ավելի շուտ գոհ» է ՀՀ քաղաքացիների 43%-ը: Նախորդ հարցման համեմատ՝ գոհունակության ցուցանիշն աճել է 6%-ով»:
[1] Հանցագործությունների դեպքերին վերաբերող թվային ցուցանիշները ներկայացված են ՀՀ ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հանցավորության կենտրոնի տրամադրած տվյալների հիման վրա՝ հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է կառավարության սահմանած կարգով ընդունել, գրանցել և հաշվառել հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումները, դրանց տալ համապատասխան ընթացք: Նշված կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի 1495-Ն որոշմամբ:
[2] Պատահարների թվի աճը պայմանավորված է հետաքննության մարմնից ստացված հաղորդումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների աճով. հետաքննության մարմնի կողմից ներկայացված հաղորդումներում առկա տեղեկատվությունը ստուգվել է քրեական վարույթի շրջանակներում պատշաճ քրեադատավարական ընթացակարգերով: