Նորություններ
29/04/2026
2025 թվականին ավարտվել է 41.553 քրեական վարույթ (2024 թվականին՝ 38.058), այդ թվում՝ 14.608-ը՝ 16.194 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան (2024 թվականին՝ 11.801 քրեական վարույթ՝ 13.179 անձի վերաբերյալ), 61-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան (2024 թվականին՝ 45), 26.884-ը կարճվել է (2024 թվականին՝ 26.212), որոնցից 16.416-ը՝ (2024 թվականին՝ 17.813) Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և տեղեկացրել, որ 2025 թվականին դատարան ուղարկված քրեական վարույթների թիվը գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը 2823-ով կամ 23,8%-ով:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում:
Ըստ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 53,4%-ը (2024 թվականին՝ 42,1%) քննվել է մինչև 2 ամիս, 17,1%-ը (2024 թվականին՝ 21,5%)՝ մինչև 4 ամիս, 10%-ը (2024 թվականին՝ 15%)՝ մինչև 6 ամիս, 10,5%-ը (2024 թվականին՝ 11,9%)՝ մինչև 1 տարի, 9%-ը (2024 թվականին՝ 9,5%)՝ 1 տարուց ավելի ժամկետում: «Այսպիսով, 2025 թվականին ավարտվել է 3495-ով կամ 9,2%-ով ավելի քրեական վարույթ, քան 2024 թվականին, այդ թվում` մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2807-ով կամ 23,8%-ով ավելի քրեական վարույթ»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը:
Գլխավոր դատախազի խոսքով՝ նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է նաև 2025 թվականի ընթացքում: Մասնավորապես՝ 2025 թվականի 6 ամսից ավելի է տևել քննված քրեական վարույթների 19,5%-ի նախաքննությունը, որը 2023 թվականի համապատասխան ցուցանիշից պակաս է 4%-ով, իսկ 2024 թվականի ցուցանիշից՝ 1,9%-ով: Ընդ որում, 2025 թվականին ավարտված քրեական վարույթների կեսից ավելին՝ 53,4%-ը քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, ինչը 2024 թվականի համապատասխան ցուցանիշը գերազանցում է 11,3%-ով:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղեկացմամբ, քրեական վարույթներով, գործարկման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 21.458.058.668 դրամ: Հարկ վճարողի միասնական հաշվին վճարվել է 18.437.786.846 դրամ: Այսպիսով, Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին վճարվել է ընդհանուր 39.895.845.514 դրամ: