ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նորություններ

Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են. քանդվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները

03/02/2026

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 30-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում, ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին:

 

2026 թվականի փետրվարի 2-ին ապամոնտաժվել են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան (Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը)՝ բացարձակ նիշից ցածր գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ:

 

2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 14 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական շուրջ 40 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել է) 2 պայմանագիր:

 

Հիշեցնենք, որ վերոնշյալ միջնորդագրերից բացի, 2025 թվականի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից հասցեագրվել է ևս 8 միջնորդագիր:

 

Վերոնշյալ միջնորդագրերը և, դրանցից բացի, Դատախազության կողմից դատարան ներկայացված հայցերը, ի թիվս այլոց, վերաբերում են.

 

  • Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 97 հասցե),
  • «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջներին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե),
  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե),
  • ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցե),
  • «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 88 հասցե):

 

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ: