Նորություններ
30/06/2025
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) ներկայացուցիչ Էրիկ Ֆոգելսբոյին։
Եվրաջասթի ներկայացուցիչը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև շուրջ երկու տարի տևած բանակցությունների արդյունքում՝ 2024 թվականի ապրիլի 5-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրաջասթի միջև համագործակցության մասին» համաձայնագիրը, իսկ նույն տարվա սեպտեմբերի 23-ին ստորագրվել է համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածությունը: Ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո Հայաստանը Եվրաջասթ կգործուղի լիազոր դատախազին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2024 թվականի մարտի 7-ին և նոյեմբերի 6-ին Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցերի շրջանակում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ Եվրաջասթում ունեցած հանդիպումներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Հիշեցնենք, որ Համաժողովը կազմակերպվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում: